Հա

Մարզական

08/12/2018 - 12:00

Էւերեստը յաղթահարած հայազգի լեռնագնացը պատրաստւում է նոր նւաճումների

Լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրեանը ծնունդով Լիբանանից է: Այնտեղ, երբ սկսւեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը որոշեց տեղափոխւել Ֆրանսիա: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Արա Խաչատուրեանը պատմում է, որ բնակութիւն հաստատեցին Մարսէլում: Տարիներ անց Արան սկսում է զբաղւել ոսկերչութեամբ, որն էլ շուտով դառնում է իր հիմնական գործունէութիւնը:

«alikonline.ir» - Լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրեանը ծնունդով Լիբանանից է: Այնտեղ, երբ սկսւեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը որոշեց տեղափոխւել Ֆրանսիա: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Արա Խաչատուրեանը պատմում է, որ բնակութիւն հաստատեցին Մարսէլում: Տարիներ անց Արան սկսում է զբաղւել ոսկերչութեամբ, որն էլ շուտով դառնում է իր հիմնական գործունէութիւնը:

«Երբ 40 տարեկան էի, մի անգամ Լիբանանից իր մտերիմ ընկերներն ինձ հրաւիրեցին մասնակցելու մարաթոնեան  վազքի: Առաջարկը հաւանեցի, եւ ես սկսեցի ակտիւօրէն մարզւել: Նախապատրաստական ընթացքից, մարաթոնեան վազքից ոգեւորւած որոշեցի ակտիւ մարզւելը շարունակեմ: Որոշ ժամանակ անց, երբ արդէն Ֆրանսիայում էի, եւս մէկ մրցման մասնակցելու առաջարկ ստացայ: Մարզումներս բարձր մակարդակով պահելու համար որոշեցի բարձրանալ Մոնբլան լեռը, որի բարձրութիւնը հասնում է 4810 մետրի: Երբ առաւօտեան 6.30-ին հասայ լեռան գագաթ ու արեւածագը վայելեցի, շատ տպաւորւեցի, շատ ոգեւորիչ էր: Դա խթան դարձաւ, որ շարունակեմ լեռնագնացութիւնը»,- պատմում է Արա Խաչատուրեանը: Նա հետագայում բարձրացաւ Կիլիմանջարօ լեռը, Արարատը, որն ըստ Արայի, շատ յուզիչ էր:

Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնն Արային հրաւիրեց  պատմելու, թէ  ինչպէս բարձրացաւ Արարատ լեռը: Այդ ժամանակ 2013 թւականն էր: Քննարկման ընթացքում Արա Խաչատուրեանը հանդէս եկաւ առաջարկութեամբ: Նա տեղեկացրեց, որ աջակցութեան դէպքում կը բարձրանայ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էւերեստի, գագաթը:

«Ես պատրաստւում էի իմ արշաւը նւիրել Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին: Ցանկանում էի այդ քայլով հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել Հայոց Ցեղասպանութեան հարցի վրայ: Կոչս՝ ճանաչելն էր 1915 թւականի ողբերգութիւնը: Այդ կարեւոր գործում աջակիցներ ունենալուց յետոյ սկսեցի ծանր նախապատրաստական աշխատանքներ: Եղայ մի շարք վայրերում՝ Պերու, Բոլիւիա, Էկւադոր, եւ այնտեղ բարձրացայ նախ  6 հազար, այնուհետեւ 6 հազար 300, 6 հազար 500, 6 հազար 700 մ. բարձրութեամբ լեռներ»,- ասաց Արա Խաչատուրեանը: Նրա խօսքով, դա բաւարար չէր Էւերեստը բարձրանալու համար, հետեւաբար ճանապարհորդեց դէպի Ղրղզստան, որտեղ բարձրացաւ 7 հազար 134 մ. բարձրութիւն ունեցող Լենինի Պիկ լեռը:

Մի շարք բարձունքներ յաղթահարելուց յետոյ 2015 թւականին տեղափոխւում է Կատմանդու՝ Էւերեստը բարձրանալու համար:

«Շատ շատ էի մարզւում, քայլում էի, վազում, հեծանիւ էի քշում, լողում էի, աստիճաններ էի բարձրանում՝ ծանր պայուսակ կրելով, ոտքերիս ծանրութիւն էի կապում, բերանիս լաթ էի դնում, որ քիչ թթւածին լինէր, չէ՞ որ լեռ բարձրանալիս թթւածինը գնալով պակասում է: Աշխատանքային օրերին մարզւում էի 3-6 ժամ, հանգստեան օրերին՝ աւելի յաճախ: Շնչառութիւնս էի ուժեղացնում: Օր կար 16 ժամ քայլում էր»,- ասաց Արա Խաչատուրեանը:

Էւերեստի գագաթի ճանապարհը դժւարին է եղել, խմբի անդամներից շատերը նոյնիսկ կէսից հրաժարւել են շարունակել ճանապարհը: Բաւական տպաւորիչ է եղել վերջին օրը:

«8 հազար 300 մ. բաձրութեան վրայ էինք գտնւում, այդ օրը երեկոյեան 20:30-ին որոշեցինք շարժւել առաջ: Գագաթին հասել ենք առաւօտեան 8.30-ին, 8 հազար 848 մետր բարձրութիւնը յաղթահարւած էր: Շատ յուզիչ էր, շատ տարօրինակ զգացողութիւններ էին: Ի դէպ, խմբից մի քանիսն այդպէս էլ գագաթ չհասան»,-ասաց նա:

Էւերեստը բարձրանալիս Արա Խաչատուրեանը նամակ է գրում Թուրքիայի նախագահին՝ կոչ անելով առերեսւել պատմութեանը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Նամակը տեղ հասցնելու համար հանդէս եկաւ նոր նախաձեռնութեամբ՝ «Խաղաղութեան վազք» Մարսէլից Երեւան: Այն մեկնարկել է այս տարի ապրիլին Մարսէլից եւ աւարտւել յուլիսին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ յաղթահարել է մօտ 5000 կմ. տարածութիւն: Ճանապարհին, երբ գտնւում էր Թուրքիայի տարածքում, այդ ժամանակ այնտեղ նախագահական ընտրութիւններ էին: Քանի որ չգիտէր, թէ ով էր լինելու նախագահը, հետեւաբար նամակը չյանձնեց եւ վազքը շարունակեց Երեւան, որտեղ այդ ժամանակ իրականացւում էր յեղափոխութիւն:

«Ես ապրիլի սկզբին սկսեցի խաղաղութեան վազքը, Նիկոլ Փաշինեանն էլ իրականացրեց խաղաղ յեղափոխութիւն: Շատ ուրախ էի, որ հանգիստ եղան իրադարձութիւնները: Մարդկանցից  հզօր էներգետիկա էր գալիս, բոլորը շատ ուրախ էին, ժպտում էին: Նրանք մեծ յոյսով էին, որ փոփոխութիւններ կը լինեն: Իմ ուղերձն այն է, որ համատեղ ու ամենօրեայ աշխատանքով հասնեն իրենց նպատակին»,-աւելացրեց Արա Խաչատուրեանը: 

Քանի որ Թուրքիայի նախագահին հասցէագրւած նամակը դեռ իր մօտ է, այն տեղ հասցնելու համար որոշել է նոր նախաձեռնութեամբ հանդէս գալ: Այս անգամ Միջերկրական ծովով թիավարելով՝ Մարսէլից հասնելու է Լիբանան: Նա կանցնի Իտալիա, այնուհետեւ Յունաստան, Թուրքիա, որտեղ կանգ կառնի եւ նամակը կը յանձնի Թուրքիայի նախագահին, յետոյ կը շարժւի Սիրիա, վերջին կանգառը կը լինի Լիբանանը: Նրա խօսքով, եթէ կարողանայ օրական 100 կմ. թիավարել, ապա մօտաւոր Լիբանան կը հասնի 50 օրում: Առաջիկայում կը սկսի նախապատրաստական աշխատանքները: Նախաձեռնութիւնն իրականութիւն կը դառնայ 2019-ին կամ 2020-ին, դա կապւած է իր պատրաստւածութեան աստիճանից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։