Հա

Մարզական

03/06/2019 - 11:10

Արցախում մեկնարկել է «CONIFA Euro-2019» առաջնութիւնը

Արցախի Հանրապետութիւնում մեկնարկել է «CONIFA Euro-2019» ֆուտբոլային առաջնութիւնը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութիւնում մեկնարկել է «CONIFA Euro-2019» ֆուտբոլային առաջնութիւնը:

Յունիսի 1-ին «CONIFA Sportsbet.io European Football Cup 2019»-ի բացմանը նւիրւած Ստեփանակերտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

«CONIFA»-ի նախագահ Պէր-Անդերս Բլինդն իր խօսքում ասել է, որ իրենց համար շատ մեծ պատիւ է լինել Արցախում, քանի որ անչափ տպաւորւած են  արցախցիների ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:

«Մենք ներկայացնում ենք 6 մայրցամաքներում ապրող աւելի քան 370 մլն. մարդկանց: Մեր կարեւորագոյն նպատակն է Արցախի գեղեցկութիւնը ներկայացնել ամբողջ աշխարհին: Եւ մեզ համար շատ կարեւոր է ազդեցութիւն ունենալ մարդկանց վրայ եւ երջանկութիւն պարգեւել նրանց»,- նշել է Պէր-Անդերս Բլինդը:

Նշենք, որ «CONIFA»-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառւած ֆուտբոլի, ֆուտզալի եւ լողափնեայ ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմինն է, որը հիմնադրւել է 2013 թւականին: Կազմակերպութիւնը ներառում է 54 ֆեդերացիաներ: «CONIFA»-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկւած ֆեդերացիաներին, խաղացողներին հնարաւորութիւն տալ դրսեւորել իրենց կարողութիւնները, զարգանալ որպէս մարզիկներ եւ անհատներ։

«CONIFA Sportsbet.io European Football Cup 2019»-ը «CONIFA»-ի Եւրոպայի երրորդ առաջնութիւնն է:

Արցախում մեկնարկած առաջնութեանը մասնակցում է 8 թիմ:

A խմբում ներառւած են Արցախի, Աբխազիայի, Չամերիայի (Հիւսիս-արեւմտեան Յունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորւեգիայի, Շւեդիայի, Ֆինլանդիայի հիւսիսային տարածքներ) հաւաքականները:

B խմբում կը մրցեն Արեւմտեան Հայաստանի, Պադանիայի (Հիւսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատւածում բնակւող հունգարացիներ) եւ Հարաւային Օսիայի հաւաքականները:

Առաջին տուրում Արցախի հաւաքականը 3:2 հաշւով յաղթել է Սապիի ընտրանուն, իսկ Արեւմտեան Հայաստանի հաւաքականը 1:3 հաշւով պարտւել է Հարաւային Օսիային:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։