Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում խօսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդէս գալու մասին:
«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում խօսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդէս գալու մասին:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը վերյիշելով առաջին անգամ հաւաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճոյքով եմ կրում Հայաստանի հաւաքականի մարզաշապիկը, քանի որ հնարաւորութիւն եմ ունեցել մրցելու տարբեր հաւաքականների եւ տարբեր ֆուտբոլիստների դէմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների հաւաքական), քանի որ ամէն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարաւորութիւն էինք ստանում»,- ասել է կիսապաշտպանը:
Մխիթարեանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաեւ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սէր է վայելում եւ հայ հանդիսատեսի համար մեծ հնարաւորութիւն է Եւրօ-2019 ընթացքում Երեւանում մօտիկից տեսնելու ֆուտբոլի ապագայ աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կը տամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մէկ անգամ են ամբողջ կեանքի համար»,-եզրափակել է նա:
Եւրոպայի 2019 թւականի մինչեւ 19 տարեկանների առաջնութիւնն այս տարի կանցկացւի Հայաստանում: Հանդիպումները կը կայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանւած են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկւած են նաեւ Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի հաւաքականները: B խմբում կը մրցեն Նորւեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի եւ Ֆրանսիայի ընտրանիները:
Բացման հանդիսաւոր արարողութիւնը եւ առաջին խաղը կը կայանան յուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կը չափեն Հայաստանի եւ Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կը մեկնարկի 18:45-ին:
Եւրօ-2019-ի տոմսերն արդէն վաճառքում են եւ արժեն 200-500 դրամ: