Հա

Մարզական

05/09/2019 - 11:10

Հենրիխ Մխիթարեանը՝ «Ռոմա» տեղափոխութեան եւ Իտալիայի հաւաքականի դէմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը Եւրօ-2020 որակաւորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ երէկ հանդիպեց լրագրողների հետ:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը Եւրօ-2020 որակաւորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ երէկ հանդիպեց լրագրողների հետ:

Անդրադառնալով իտալական ակումբ տեղափոխութեանը՝ ֆուտբոլիստը նշեց, որ վերջին օրն է իմացել այդ մասին: Գրում է Panorama.am-ը:

«Ամէն ինչ տեղի ունեցաւ վերջին օրը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» ֆուտբոլային հանդիպումից յետոյ։ Զանգ ստացայ գործակալիցս եւ տեղեկացայ, որ յաջորդ օրը պէտք է մեկնեմ Հռոմ, բուժզննում անցնեմ եւ պայմանագիր ստորագրեմ։ Կարծում եմ՝ շատ լաւ հնարաւորութիւն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումների չէի մասնակցում»,- նշեց Հենրիխ Մխիթարեանը:
Այսպիսով, ըստ նրա, որոշեց տեղափոխւել մի թիմ, որտեղ աւելի շատ վստահութիւն կունենայ մարզչի կողմից:

Այնուհետեւ Հենրիխ Մխիթարեանը խնդրեց աւելի շատ հարցեր ուղղել Հայաստանի ազգային հաւաքականի մասին:

Խօսելով Իտալիայի հաւաքականի մասին՝ նշեց, որ Իտալիայի ներկայիս հաւաքականը տարբերւում է նախորդ հաւաքականներից, որոնց դէմ խաղացել են դեռ 2012 թ.-ին։  

«Փոփոխութիւնները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխւել է կազմը, փոխւել է մարզիչը, փոխւել է խաղային փիլիսոփայութիւնը: Չեմ կարող ասել, որ ներկայիս հաւաքականը նման է նախորդին։ Այս հաւաքականը սիրում է գնդակով խաղալ: Եւ մենք փորձելու ենք ամէն ինչ անել խաղը վերահսկելու համար, կը փորձենք անել առաւելագոյնը եւ պատվով հանդէս գալ»,- ընդգծեց Հենրիխ Մխիթարեանը։

Հարցին, թէ արդեօք միւս թիմերի համեմատ Իտալիայի թիմն աւելի ուժեղ է, հաւաքականի աւագն ասաց, որ Իտալիան խմբի ամենաուժեղ թիմն է: «Կը փորձենք պայքարել երկրորդ տեղի համար»։

Ինչ վերաբերում է իր մարզավիճակին, Հենրիխ Մխիթարեանն ասաց, որ խաղին 100%-ով պատրաստ է. «Ֆուտբոլը խաղում են ոչ միայն ոտքերով, այլ նաեւ ուղեղով։ Պէտք է անել ամէն ինչ, որպէսզի պատրաստ լինես խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում»։

Նա նաեւ նշեց, որ «Արսենալ»-ում վերջին խաղերին 90 րոպէ չի անցկացրել, սակայն գտնւում է լաւ մարզավիճակում եւ հիմա լիովին պատրաստ է խաղին։

Նշենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենայ այսօր՝ սեպտեմբերի 5-ին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։