Մխիթարեանը Հայաստանում լաւագոյն խաղացողն է, սակայն հաւաքականն ուժեղ է նաեւ իր թիմային խաղով։
«alikonline.ir» - Մխիթարեանը Հայաստանում լաւագոյն խաղացողն է, սակայն հաւաքականն ուժեղ է նաեւ իր թիմային խաղով։
Հայաստանի հաւաքականը կարող է յաղթել Ֆինլանդիային առաջիկայ կարեւոր խաղում, Sputnik Արմենիայի հետ զրոյցում յայտարարեց յայտնի ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Իւրի Ջորկաէֆը։
Վերջին մի քանի խաղերը ցոյց տւեցին հայկական հաւաքականի ուժեղ կողմը` նրա թիմային խաղը, ընդգծեց նա։
«Իհարկէ, Հենրիխ Մխիթարեանը Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստն է։ Սակայն վերջին լաւ արդիւնքներին Հայաստանի հաւաքականը հասել է նաեւ այն պատճառով, որ ֆուտբոլիստները խաղադաշտում գործում են որպէս մէկ ամբողջութեան մաս։ Այնպէս որ, յաջողութեան մասին կարելի է յուսալ նաեւ Ֆինլանդիայի հետ խաղում»,–ընդգծեց Ջորկաէֆը։
Ապագայի համար, նկատեց նա, պէտք է ոչ միայն բարձրացնել առաջնութեան մակարդակը, այլեւ ստեղծել երկարաժամկէտ ծրագիր` մանկական ֆուտբոլի զարգացման համար։
Նշենք, որ Եւրօ-2020-ի շրջանակում Հայաստանը սեփական յարկի տակ արդէն խաղ է անցկացրել Ֆինլանդիայի հետ, որի ժամանակ զիջել է 0:2 հաշւով։ Սակայն դրանից յետոյ Հայաստանը 4 խաղից 3-ում յաղթել է, եւ հիմա 9 միաւորով երրորդն է խմբում։
Հոկտեմբերի 15-ին արտագնայ խաղում ֆինների նկատմամբ յաղթանակի հասնելու դէպքում, Հայաստանը կը հաւասարւի նրա հետ միաւորներով, իսկ լրացուցիչ ցուցանիշներով կարող է առաջ անցնել նրանից եւ դուրս գալ խմբում երկրորդ տեղ։
Եթէ այդ ցուցանիշը պահպանենք մինչեւ ընտրական ցիկլի աւարտը, այն թոյլ կը տայ աւտոմատ կերպով Եւրօ-2020 անցնել։ Ընտրական փուլի աւարտին, ներառեալ Ֆինլանդիայի հետ խաղը, 4 խաղ է մնում։
Նշենք, որ յայտնի ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Իւրի Ջորկաէֆը Հայաստան է եկել` մասնակցելու WCIT համաժողովին։ Այն մեկնարկել է հոկտեմբերի 6-ին եւ կը շարունակւի մինչեւ հոկտեմբերի 9-ը։ Համաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 60 երկրից ժամանած պատւիրակութիւններ։