Հա

Մարզական

20/10/2019 - 10:30

Ո՞վ կը գլխաւորի Հայաստանի հաւաքականը

Արմէն Գիւլբուդաղեանցի հրաժարականից յետոյ հոկտեմբերի 18-ին Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը մնաց թափուր։ Նրա ղեկավարութեամբ ազգային թիմը տարաւ մի քանի տպաւորիչ յաղթանակ, սակայն հոկտեմբերի անյաջող հանդիպումներից յետոյ գործնականում զրկւեց Եւրօ-2020-ի եզրափակիչ դուրս գալու հնարաւորութիւնից։

«alikonline.ir» - Արմէն Գիւլբուդաղեանցի հրաժարականից յետոյ հոկտեմբերի 18-ին Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը մնաց թափուր։ Նրա ղեկավարութեամբ ազգային թիմը տարաւ մի քանի տպաւորիչ յաղթանակ, սակայն հոկտեմբերի անյաջող հանդիպումներից յետոյ գործնականում զրկւեց Եւրօ-2020-ի եզրափակիչ դուրս գալու հնարաւորութիւնից։

News.am Sport-ը «Նոր Պորտերֆիլդի փնտրտուքներ» թեմայով ներկայացնում է երեք հնարաւոր սցենար։

 

Տեղի կադրերի օգնութեամբ

Մինչեւ Եւրօ-2020-ի ընտրական մրցաշարի աւարտը մնացել է ընդամենը երկու հանդիպում։ Նոյեմբերին Հայաստանի հաւաքականը կընդունի Յունաստանին, իսկ մրցաշարը կաւարտի՝ իտալացիներին հիւրընկալւելով։ Չի բացառւում, որ ընտրական մրցաշարի աւարտը վստահւի Գիւլբուդաղեանցի օգնականներին կամ այլ հայաստանցի մասնագէտի։ Ընտրութիւնը մեծ չէ։

 

Խինէս Մելենդէս

Անցած տարւայ դեկտեմբերից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրէնի պաշտօնը զբաղեցնում է իսպանացի մասնագէտ Խինէս Մելենդէսը։ ՀՖՖ փոխնախագահ Արմէն Մելիքբեկեանի տեւական բանակցութիւններից յետոյ հնարաւոր եղաւ հասնել այդ նշանակմանը։

Ժամանակին Իսպանիայի պատանեկան հաւաքականների հետ տպաւորիչ յաջողութիւնների հասած 69-ամեայ մասնագէտը Հայաստան է եկել այլ նպատակով, սակայն հիմա էլ վարպետութեան դասեր է տալիս հայ մարզիչներին, ՀՖՖ հրահանգիչ է եւ չի բացառւում, որ իր հայրենակիցների (Ռուբէն Լեսկանոն գլխաւորում է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հաւաքականը, իսկ Անտոնիօ Ֆլորէսը՝ Հայաստանի երիտասարդական հաւաքականը) հետ վերյիշի փառահեղ անցեալը եւ վերսկսի մարզչական կարիերան։ Չմոռանանք, որ Հայաստանի հաւաքականի ֆիզպատրաստութեան մարզիչը Մադրիդի «Ռէալ»-ի եւ Իսպանիայի հաւաքականի նախկին մարզիչ Խաւիէր Մինեանոն է։

 

Օտարերկրացի մասնագէտ

Հնարաւոր է, որ ՀՖՖ ղեկավարութիւնը արդէն հիմա երկարատեւ համագործակցութեան ծրագրով հրաւիրի օտարերկրացի մասնագէտի։ Անցած տարի ՀՖՖ ղեկավարութեան փոփոխութիւնից յետոյ ակտիւ բանակցութիւնն էին ընթանում իտալացի մասնագէտների հետ։ Սակայն Երեւան ժամանած Ջանի Դէ Բիազին եւ Դելիօ Ռոսին հրաժարւեցին գլխաւորել հաւաքականը։

Գուցէ, այս ընտրական փուլում Հայաստանի թիմի մի քանի յաղթական խաղերը ազդէն յայտնի մասնագէտների դիրքորոշման վրայ։ Չի բացառւում, որ ՀՖՖ-ի «շորթ լիստում» կան նաեւ այլ օտարերկրացի թեկնածուներ։

Յ.Գ. Շատերը երբեմն մոռանում են, որ մարզիչը հրաշագործ չէ, իսկ արդիւնքը հիմնականում կախւած է խաղացողների ընտրութիւնից։ Ամէն դէպքում, մեզ պէտք է մարզիչ, որը կը կարողանայ առաւելագոյնը կորզել սահմանափակ ռեսուրսներից, ինչպէս ժամանակին արեց լուսահոգի Եան Պորտերֆիլդը։

 

Սամուէլ Սուքիասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։