Հա

Մարզական

20/10/2019 - 10:40

Սիմոն Մարտիրոսեան․ «Աշխարհի առաջնութիւնում գերխնդիր եւ ապացուցելու բան ունէի»

Թաիլանդում անցկացւած աշխարհի առաջնութիւնից դեռ մէկ ամիս էլ չի անցել, բայց ծանրամարտի Հայաստանի հաւաքականի առաջատար, Ռիօ-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եւրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը նորից դուրս կը գայ մրցահարթակ: Նա կը մասնակցի Բուխարեստում մեկնարկած Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնութեանը:

«alikonline.ir» - Թաիլանդում անցկացւած աշխարհի առաջնութիւնից դեռ մէկ ամիս էլ չի անցել, բայց ծանրամարտի Հայաստանի հաւաքականի առաջատար, Ռիօ-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եւրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը նորից դուրս կը գայ մրցահարթակ: Նա կը մասնակցի Բուխարեստում մեկնարկած Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնութեանը:

Յիշեցնենք, որ Թաիլանդում սեպտեմբերի 18-27-ը կայացած ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատարը նւաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ. քաշայինների երկամարտում հաւաքելով 429 կգ., պոկում վարժութիւնում էլ 199 կգ.-ով սահմանեց աշխարհի ռեկորդ։

Օլիմպիական փոխչեմպիոնը News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում պատմել է աշխարհի երկրորդ չեմպիոնութեան, ծանրամարտի, յաղթանակների, մոտիւացիայի, Արցախ այցելութեան եւ Օլիմպիական խաղերի մասին:

 

- Մէկ ամիս էլ չի անցել աշխարհի առաջնութիւնից, որտեղ կրկնեցիր 2018 թւականի արդիւնքդ: Ի՞նչ տպաւորութիւններ են մնացել ԱԱ-ից:

- Լաւ տպաւորութիւնները մնացել են: Չեմպիոն դառնալու զգացողութիւններս չէին տարբերւում նախորդից, այդքան մեծ տարբերութիւն չկար: Այս առաջնութիւնում գերխնդիր եւ ապացուցելու բան ունէի, որն արւեց իմ կողմից: Ինձ համար այս յաղթանակը կարեւորւեց նրանով, որ այն նւիրեցի իմ ընկերոջս՝ Աղասի Աղասեանի վառ յիշատակին:

 

- Չեմպիոնութիւնից յետոյ հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանը News.am Sport-ին տւած մեկնաբանութիւնում նշեց, որ Թաիլանդում բարձրացրած կիլոգրամներդ բաւարար չեն լինի Օլիմպիական խաղերում յաղթելու համար:

- Թաիլանդում նախորդ աշխարհի առաջնութեան համեմատ աւելի քիչ կիլոգրամներ բարձրացրեցի: Փաշիկ Ալավերդեանը ճիշտ է մեկնաբանում, քանի որ Օլիմպիական խաղերում աւելի բարդ պայքար է գնում, բոլորն էլ աւելի լաւ են պատրաստւում. այնպէս չէ, որ մենք վատ ենք պատրաստւելու: Վստահ աւելի բարձր կիլոգրամների պայքար է գնալու: Նոր կիլոգրամներ պէտք է ցոյց տամ, որ յաղթեմ:

 

- Տոկիօ-2020-ում Հայաստանի ամենամեծ յոյսներից մէկն ես: Ինչպէս բոլոր մրցաշարերից, այնպէս էլ այս Օլիմպիական խաղերից քեզանից բոլորը սպասում են յաղթանակ: Պարտաւորցենող չէ՞:

- Այդ սպասելիքներն ինձ մոտիւացնում են: Իրականում՝ մրցաշրջանների ընթացքում երբեք մրցումների մասին չեմ մտածում: Շատ մարզիկներ կան մինչեւ բուն մրցելոյթը, արդէն աւարտում են մրցումը. ֆիզիկապես եւ հոգեպէս վերջանում են՝ մրցման մասին շատ մտածելուց: Ես աշխատում եմ շատ չմտածել: Կարեւորն իմ մարզումներն են, ճիշտ օրակարգով առաջնորդւելն ու ամէն ինչ լաւ կը լինի:

 

- Ի՞նչն է քեզ մոտիւացնում սպորտում: Որտեղի՞ց քեզ այդքան ուժ:

- Մամայից ու պապայից (ծիծաղում է): Իմ ուժն ինքս ինձ հաւատալուց է գալիս: Եթէ ինքդ քեզ, քո հնարաւորութիւններին չհաւատաս, ոչ ոք չի հաւատայ ու ամէն ինչ ապարդիւն կը լինի:

 

- Տաղանդ, անձնական մարզիչ, թիմի գլխաւոր մարզիչ եռանկիւնում ո՞րն է գլխաւորը:

- Իւրաքանչիւր յաղթանակ այս շղթայի միասնական աշխատանքն է: Եթէ երեք կողմի համատեղ աշխատանքը չլինի, ոչ մի յաղթանակ չենք ունենայ: Եթէ կայ տաղանդ, բայց չկայ մարզիչ, ուրեմն չի լինի արդիւնք: Իմ առաջին մարզիչը հէնց սկզբից եղել է Աշոտ Փիլոսեանը: Նա ինձ ծանրամարտի տառերը սովորեցրեց, ուժեղացրեց, տւեց հաւաքականին: Արդէն թիմի մարզիչն այնքան խելացի ու լաւը պէտք է լինի, որ մարզիկի ունեցածն օգտագործի եւ կարողանայ աւելացնել, ինչը արեց Փաշիկ Ալավերդեանը: Իմ պարագայում մեդալները բոլորի աշխատանքի արդիւնքն է:

Յաղթանակը մէկինը չի լինում: Յաղթանակը ոչ միայն մարզիկ-մարզիչ աշխատանքի արդիւնքն է, այլեւ բոլոր այն մարդկանցը, ովքեր քեզ օգնել են, ուժ տւել, ոգեշնչել, ուրախացել քո յաղթանակով: Յաղթանակն այն ընտանիքինն է, որտեղ միջոցների բացակայութեան պարագայում ծնողները հայթայթում եւ ստեղծում են պայմաններ ու առաջ տանում իրենց երեխաներին: Ամէն ինչ սկսւում է հէնց այդտեղից՝ ընտանիքից, յետոյ անձնական մարզիչ ու նոր հաւաքականի մարզիչ:

 

- Մրցահարթակում միշտ շատ վստահ տեսք ունես, ասես՝ ամիսների դժւար ու ծանր մարզումները դու չես անցկարցել, այդ կիլոգրամներն էլ քեզ համար ոչինչ են: Ինպէ՞ս ես կարողանում յաղթահարել լարւածութիւնդ:

- Իմ վստահութիւնը պայմանաւորւած է մարզավիճակովս: Ես վստահ եմ այն ժամանակ, երբ ունեմ լիարժէք մարզավիճակ: Փորձում եմ զերծ մնալ աւելորդ լարւածութիւնից: Եթէ ես չունենամ լաւ մարզավիճակ, այդ պարագայում էլ լարւածութիւն, մտավախութիւն չեմ ունենում, թէ այսքան կիլոգրամ չեմ կարողանալու բարձրացնել, թէ որ տեղն եմ զբաղեցնելու: Մտածում եմ միայն անել այն, ինչ տւեալ պահին կարող եմ, ինչ թոյլ կը տայ այդ պահին իմ մարզավիճակը: Ամէն անգամ ծանրաձողը բարձրացնելիս իմ առջեւ մէկ գերխնդիր եմ դնում՝ անձնական ռեկորդ անել:

 

- Ծանրաձողին մօտենալիս վերջին պահին «բղաւում» ես: Ինքնաբերաբա՞ր է ստացւում:

- Այո, դա իմ կենտրոնանալու վերջին կէտն է: Ամէն մէկը մի ձեւ է կենտրոնանում, ես այդպէս: Այդկերպ հեռացնում եմ բոլոր այլ մտքերս, հաւաքւում եմ եւ կենտրոնանում ծանրաձողի ու իմ վարժութեան վրայ: Ինձ այդպէս տրամադրում եմ ծանրաձողը բարձրացնելուն:

 

- Սիմոն, վերջին օրերին Արցախում էիր թիմի հետ՝ ծանրամարտի Արցախի բաց առաջնութեանը: Շրջանառւում են լուրեր, որ այնտեղ նախատեսւում է բացել քո եւ Նազիկ Աւդալեանի անւան մարզադպրոցներ: Ճի՞շտ է:

- Արցախ էինք մեկնել հետեւելու ծանրամարտի բաց առաջնութեանը: Շատ հետաքրքիր անցաւ: Այնտեղ գտնւելու օրերին Արցախի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Շիրինեանը ցանկութիւն յայտնեց իմ, Նազիկ Աւդալեանի, Գոռ Մինասեանի անւան մարզադպրոցներ բացել: Թէ դա երբ կը լինի, պարզ չի: Ծրագրւում է 3-4 մարզադահլիճներ բացել: Շատ լաւ նախաձեռնութիւն է: Ինձ համար կապ չունի՝ իմ անունով է, թէ մէկ ուրիշի, կարեւորը մարզաձեւը զարգանայ, մասսայականութիւն վայելի: Այնտեղ այդքան էլ զարգացած չէ, բայց մեծ ջանքեր ու միջոցներ են գործադրւում: Պատանիների բաց առաջնութիւն էր, մասնակիցները շատ էին: Մենք էլ մեր մասնակցութիւնն ունեցանք՝ ցուցադրական ելոյթներով հանդէս եկանք, որպէսզի պատանիներին ոգեշնչենք:

 

- Ինչպիսի՞ն ես տեսնում հայկական ծանրամարտի ապագան: Այս պահին ծանրամարտի Հայաստանի թիմը աշխարհի ուժեղագոյններից է: Ձեզանից յետոյ եկող ինչպիսի՞ փոխարինող սերունդ ունենք:

- Այս պահին իմ, Գոռի եւ միւսների քաշային կարգերում փոխարինողներ չունենք: Համաձայն եմ, որ շատ ուժեղ թիմ ունենք: Բայց դեռ մեզ փոխարինելու ժամանակը չէ: Մենք դեռ բաւական երիտասարդ ենք: Միայն Ռուբէն Ալեքսանեանն է տարիքով մեծ: Երիտասարդների, պատանիների մէջ ունենք ուժեղ, հեռանկարային տղաներ: Կարծում եմ՝ մինչեւ մեզ փոխարինելու ժամանակը գայ, այդ տղաները կը գան կը հաւասարւեն մեզ եւ նոյնիսկ կանցնեն:

 

- Ինքդ կը ցանկանա՞ս, որ քո երեխան զբաղւի ծանրամարտով:

- Եթէ որդի ունենամ ու նա ցանկութիւն յայտնի զբաղւել ծանրամարտով, դէմ չեմ լինի: Երբեք չեմ պարտադրի, ինձ համար դա անընդունելի է: Կան մարզիկներ, որ մասնագիտացած են որեւէ մարզաձեւում եւ իրենց երեխաներին համոզում են, որ ամենալաւն իրենց ընտրած մարզաձեւն է: Իմ ապագայ երեխաներին միայն կաջակցեմ՝ որ մարզաձեւով էլ ցանկանան զբաղւել:

 

- Իսկ քո ծնողները երբեւէ դէմ եղե՞լ են ծանրամարտին:

- Շատ է եղել, որ մայրս ասել է՝ բարդ է, մի զբաղւիր ծանրամարտով: Իւրաքանչիւր ծնողի մտավախութիւնն է՝ վնասւածքներ, ծանր մարզաձեւ: Բայց հայրս երբեք դէմ չի եղել: Մէկ-մէկ պատժելու համար ինձ ասում էր՝ չես գնալու մարզումների:

 

- Սիմոն, քեզ սիրում են, քեզանով մի ամբողջ ազգ հպարտանում է: Յայտնի լինելը հաճելի՞ է, թէ՞ խանգարող:

- Հա՞, սիրու՞մ են (ծիծաղում է): Հաճելի է, բայց երբեմն էլ խանգարող: Հաճելի է, որ բոլորի ուշադրութեան կենտրոնում ես: Հպարտանում ես, քեզ լաւ ես զգում, որ մարդիկ ճանաչում են, գնահատում եւ ուրախանում են քո արած աշխատանքով: Բայց կայ միւս կողմը՝ նաեւ խանգարում է, որ չես կարողանում ազատ լինել, ինչպէս բոլորը:

 

Լուսինէ Շահբազեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։