Հա

Մարզական

02/11/2019 - 08:50

Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի մարզիչը. անուններ` հաւանական ու ոչ այնքան

Համացանցում արդէն սկսել են յայտնւել հաւանական թեկնածուների անուններ, որոնք կարող են գլխաւորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը:

«alikonline.ir» - Համացանցում արդէն սկսել են յայտնւել հաւանական թեկնածուների անուններ, որոնք կարող են գլխաւորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը:

Երկու շաբաթից, իսկ աւելի ստոյգ` նոյեմբերի 15-ին եւ 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը Եւրօ-2020-ի ընտրական վերջին երկու խաղերն է անցկացնելու Յունաստանի եւ Իտալիայի հաւաքականների հետ: Առայժմ մեր ընտրանին գլխաւոր մարզիչ չունի, եւ հետեւաբար, հետաքրքիր է թէ ո՞վ է ղեկավարելու մեր թիմի գործողութիւնները: Այս մասին գրում է Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյեանը:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտօնից։ Ըստ մասնագէտի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հաւաքականը չի կարողացել նւաճել Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Մրցաշարային տեսանկիւնից միգուցէ նշւած երկու հանդիպումները մեր հաւաքականի համար այդքան էլ կարեւոր չեն, ինչքան նախորդ երկուսը (Լիխտենշտէյնի եւ Ֆինլանդիայի հետ), բայց միւս կողմից էլ հաւաքականի իւրաքանչիւր խաղ իրադարձութիւն է ֆուտբոլասէրների համար: Այսինքն` անկախ ամէն ինչից մենք սպասելու ենք առաջիկայ խաղերին եւ մեր աջակցութեամբ փորձելու ենք օգտակար լինել` յաղթանակ տօնելու հարցում: Բայց ո՞վ կը լինի մեր հաւաքականի առաջնորդը:

Համացանցում արդէն սկսել են յայտնւել հաւանական թեկնածուների անուններ: Նշւում են հաւաքականի ֆիզիկական պատրաստականութեան մարզիչ Խաւիէր Մինեանոյի եւ «Ալաշկերտ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանի անունները: Բայց պաշտօնական որեւէ ինֆորմացիա այդ առումով դեռ չկայ:

Նախկինում մարզիչների ընտրութեան հարցում մենք արդէն շատ քննարկումներ ենք ունեցել: Ընտրութիւն կատարելուց առաջ խնդիրը յաճախ եղել է հետեւեալը՝ հա՞յ, թէ՞ արտասահմանցի մասնագէտ հրաւիրել հաւաքական: Առայժմ մեր հաւաքականի պատմութեան ընթացքում լաւագոյն արդիւնք գրանցւել է Վարդան Մինասեանի, այսինքն` հայ մարզչի աշխատելու ժամանակ: Տարբեր երկրներից, խաղային տարբեր ոճ դաւանող մարզիչներ աշխատել են մեր հաւաքականում, բայց յիշում են միայն շոտլանդացի մարզիչ Եան Պորտերֆիլդին եւ վերջ:

Սրան զուգահեռ, յաճախ մենք մոռանում ենք, որ մարզչի աշխատանքը խաղադաշտում տեսնում ենք ֆուտբոլիստների կատարմամբ: Կատարողներ են հարկաւոր միտքը շարժման կամ գործողութեան շնորհիւ նպատակին հասցնելու համար: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին շատ է խօսւել, բայց իրական արդիւնք ունենալու համար խօսքից գործին անցնելու ժամանակն է։

Մեր հաւաքականի շատ ֆուտբոլիստներ արդէն անցել են 30 տարեկանի շեմը, ո՞վ է գալու նրանց փոխարինելու: Այստեղ տեղին է յիշել Հայաստանի հաւաքականի նախկին մարզիչ Բեռնարդ Շալանդին, ում ղեկավարման օրօք մեր թիմը առանձնապէս յաջողութեան չհասաւ։ Իսկ հիմա նրա ներկայիս թիմի (խօսքը Կոսովոյի հաւաքականի մասին է) արդիւնքներին նայեք. այդ հաւաքականի ֆուտբոլիստները խաղում են տարբեր յայտնի թիմերում` «Լացիօ», «Տորինօ», «Վերդեր», «Հադերսֆիլդ» եւ այլն:

Մեր սուբիեկտիւ կարծիքով Հայաստանի հաւաքականը պէտք է գլխաւորի հայ մարզիչ: Մարդ, որը շատ լաւ կը ճանաչի իր ֆուտբոլիստներին, կը հասկանայ նրանց բնաւորութեան տարբերութիւնը, նրանց հոգեբանութիւնը: Կը գնահատի նրանց իրական հնարաւորութիւնները: Այլ ոչ թէ կը ծանօթանայ նրանց հետ, կը հետեւի նրանց խաղերին ու թիմի առջեւ առաջադրանք կը դնի: Մարզիչը ֆուտբոլիստների ու իր թիմի հետ պէտք է միշտ հոգով ու էմոցիաներով կապւած լինի:

Հասկանալի է, որ հաւաքականը գլխաւորելու համար հայ մարզիչների մէջ ընտրութիւնը, մեղմ ասած, սահմանափակ է: Բայց ոչ անհնարին: Եւրօ-2020-ի ընտրական խմբում առաջիկայ երկու հանդիպումները նոր մարզչի համար շատ կարեւոր կը լինեն, եթէ նա շարունակի աշխատանքը հաւաքականում եւ գլխաւորի հաւաքականն արդէն աշխարհի 2022 թ. առաջնութեան ընտրական փուլում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։