Հա

Մարզական

26/11/2019 - 11:50

«Հենոն քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պէտք է լինի հաւաքականի աւագը, իսկ մինչեւ 2050 թ. գաւաթներ նւաճելու մասին վարչապետի ասածը մարզասէրի ցանկութիւն է, եկէք մէկս միւսին չխաբենք». Սարգիս Յովսէփեան

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պէտք է լինի հաւաքականի աւագը, իսկ հաւաքականի տղաներին բաւական է քննադատել, պարտութիւնների համար բոլորս ենք մեղաւոր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ, նախկին մարզիչ Սարգիս Յովսէփեանը:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պէտք է լինի հաւաքականի աւագը, իսկ հաւաքականի տղաներին բաւական է քննադատել, պարտութիւնների համար բոլորս ենք մեղաւոր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ, նախկին մարզիչ Սարգիս Յովսէփեանը:

«Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թւում է՝ ինչ-որ չափով բաւական է, որովհետեւ քննադատութիւնը պէտք է արդիւնաւէտ լինի, եթէ հէնց այնպէս՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատութիւնը չի ընդունում, իսկ եթէ տեղին ես քննադատում, նաեւ ֆուտբոլիստն է նայում, կարդում, ընդունում, իսկ մեր մօտ մարդիկ սովոր են հայհոյանքներով քննադատել: Ես դա չեմ ընդունում, միեւնոյն է, մեր տղաներն են խաղում, լինում է նաեւ պարտութիւն, ցանկացած երկիր էլ պարտւում է: Համակարգն է մեղաւոր, որ ֆուտբոլիստները պարտւում են, իսկ մենք ամէն ինչ մոռացել ենք, թիրախաւորում ենք նրանց ու քարկոծում ենք»,- ասաց Սարգիս Յովսէփեանը՝ անդրադառնալով հաւաքականի հասցէին հնչած քննադատութիւններին՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը 9:0 հաշւով պարտւելուց յետոյ:

Հարցին, թէ այդ քննադատութիւններն ազդո՞ւմ են մարզիկի հոգեբանութեան վրայ, Սարգիս Յովսէփեանն ասաց, որ, բնականաբար, դա ազդում է, նա չի կարող տրամադրւել, լիովին տրամադրւել խաղին: Նա նշեց, որ ֆուտբոլիստները լաւ ասացւածք ունեն՝ տխրութիւնը պէտք է տեւի մէկ օր:

Հարցին՝ ո՞րն էր պարտութեան պատճառը, որովհետեւ առաջին ութ րոպէներին հինգ պաշտպանով երկու գոլ սեփական դարպասը թողնելուց յետոյ՝ դժւար կը լինէր զսպել երկրպագուների քննադատութիւնները, Սարգիս Յովսէփեանն ասաց, որ չի ցանկանում քննարկել մարզիչի մարտավարութիւնը, սակայն կարող է ասել, որ պաշտպանութիւնը պէտք է լինի որակեալ, եւ դա միայն պաշտպանների գործը չէ:

Դիտարկմանը, թէ մատնանշում են, որ աշխարհում պրոֆեսիոնալ մարզիչների աշխատանքին ֆեդերացիաների նախագահները չեն միջամտում, ինչպէս Հայաստանում է, Սարգիս Յովսէփեանն ասաց. «Ինչ-որ չափով կարող է դերակատարում ունենալ, բայց՝ ոչ շատ: Մեր մօտ՝ նայած մարզիչ. երբ ես գլխաւորում էի հաւաքականը, հաւատացնում եմ, ձեզ, որ ես եմ արել, սխալւել եմ, ճիշտ եմ արել, դա իմ ընտրութիւնն է եղել, եւ դրա համար ես հանգիստ եմ»:

Հարցին՝ եթէ առաջարկ լինի, կը համաձայնի՞ զբաղեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտօնը կամ ազգային ընտրանու մարզչի պաշտօնը, Սարգիս Յովսէփեանը չցանկացաւ պատասխանել. «Լաւ կը լինի այդ հարցին հիմա չպատասխանեմ»:

Հարցին, թէ ինչպէ՞ս է վերաբերում ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցեանի հրաժարականին եւ հնարաւոր համարո՞ւմ է, որ սպորտն ու քաղաքականութիւնը տարանջատւած լինեն, Յովսէփեանն ասաց՝ հնարաւոր չէ. «Սպորտն ամենամեծ քաղաքականութիւնն է, սպորտի միջոցով մեծ քաղաքականութիւն է իրականացւում, պետութիւններն իրենց խնդիրներն են լուծում...»:

Յովսեփեանը, պատասխանելով այն հարցին, թէ երբ ինքն էր հաւաքականի պաշտպան, ի՞նչ ազդեցութիւն էր ունենում գործկոմը, ասաց, որ նախկինում եղել են ոչ սպորտային մարդիկ, տարբեր կառոյցներից պետական այրեր, ու իրենք չեն էլ իմացել, թէ ովքեր են եղել այդ կազմում եւ որեւէ առնչութիւն նրանց հետ չեն ունեցել:

Թէ ինչպէս պէտք է լինի ՀՖՖ-ի գործկոմը՝ Սարգիս Յովսէփեանն ասաց. «Ֆուտբոլի մարդիկ պէտք է լինեն գործկոմում, որովհետեւ մարդը, ով առնչւում է ֆուտբոլի հետ, ցանկացած ժամանակ կը հանդիպի ֆուտբոլիստների հետ, կոգեշնչի, խորհուրդներ կը տայ, ֆուտբոլիստն էլ հասկանում է, թէ ով է իրեն խորհուրդ տալիս, ինչ անցած ճանապարհ ունի տւեալ գործկոմի այդ անդամը, իսկ եթէ գործկոմի անդամը ոչ ֆուտբոլային անձ է, ապա ինչ խորհուրդ կարող է տալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին այդ ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլի անդամը»:

Դիտարկմանը, թէ ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանութեան կոմիտէի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելեանը, օրինակ, խօսել է աւագի փոփոխութեան մասին, եւ, ինչպէս գիտենք, Սարգիս Յովսէփեանն է այդ թեւկապը փոխանցել Մխիթարեանին եւ հարցին, թէ ի՞նչ կարծիք ունի այդ ամէնի վերաբերեալ՝ Յովսէփեանն ասաց. «Ամէն մէկն իր կարծիքն ունի, բայց ես այդպէս չեմ համարում, որովհետեւ Հենոն թէ՛ որպէս ֆուտբոլիստ, թէ՛ կենցաղում ցոյց է տւել, որ նա պէտք է լինի մեր աւագը: Քանի նա խաղում է ֆուտբոլ, նա պէտք է լինի մեր ազգային հաւաքականի աւագը, որովհետեւ մարդն իր ֆուտբոլային կեանքով ցոյց է տալիս, թէ ինչ բարձունքների է հասել, որը հայկական ֆուտբոլում ոչ մէկի համար հասանելի չի եղել: Նրա ձեռքբերումները մեծ յաջողութիւն են, դա մեր համար պարծանք է: Հենոն շատ լաւ ավագ ու լաւ մարդ է: Դա կարծիք է, ինձ թւում է, որ Հենոն ուշադրութիւն չի դարձնի այդ կարծիքին, որովհետեւ ոչ պրոֆեսիոնալ կարծիք է, էմոցիաների արտայայտում է, ուղղակի»:

Իսկ թէ ո՞րն է հայկական ֆուտբոլի խնդիրը՝ Սարգիս Յովսէփեանն ասաց, որ խնդիրը ազգային թիմերում լեգեոներների թիւն է, մեր տղաները չեն խաղում, խաղաժամանակ չեն ստանում, իսկ յետոյ չեն կարող օգնել ազգային ընտրանուն: Հարցին, թէ ինչո՞ւ են լեգեոներները խաղում, Սարգիս Յովսէփեանն ասաց, որ այդտեղ խնդիր կայ, տեղեակ է, թէ ինչումն է խնդիրը, սակայն այդպէս չի կարելի անել:

Դիտարկմանն առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ասաց, որ 2050 թւականը պէտք է Եւրոպայի կամ այլ առաջնութեան գաւաթակիր դառնայ հաւաքականը, ինքը հնարաւոր համարո՞ւմ է, Յովսէփեանն ասաց. «Տեսէք, շատերը կան, որ ուզում են օրինակ ՀՖՖ նախագահ դառնան, բայց ոնց նայում եմ, բոլորը քննադատում են, բայց այդ մարդիկ տեսլական պէտք է ունենան, ընտրութիւն պէտք է կատարենք, ես ընտրող եմ, բայց պէտք է հասկանամ, թէ մարդն ինչ տեսլական ունի: Գալիս, նստում են այդ աթոռին, ինչ ուզում, անում են, յետոյ ասում են՝ չստացւեց: Միգուցէ ասեն մեզ, մենք էլ օգնենք, խորհուրդներ տանք, թէ չէ մէկ անձը չի կարող ամէն ինչ ճիշտ անել: Ինչ վերաբերում է մեր վարչապետի ասածին, ապա դա մարզասէրի ցանկութիւն է, ես էլ եմ ցանկանում, որ աշխարհի ընտրական խաղերին մեր հաւաքականը դառնայ շխարհի չեմպիոն, դա որպէս մարզասէր է ասել վարչապետը, իսկ որպէս պրոֆեսիոնալ դա շատ, շատ-շատ բարդ է, քիչ հնարաւոր է, եկեք մէկս միւսին չխաբենք»:

Ինչ վերաբերում է մարզչին, ապա Սարգիս Յովսէփեանն ասաց, որ ազգութիւնը կապ չունի, մարզիչը պէտք է պրոֆեսիոնալ լինի: Հաւաքականի նախկին աւագը խօսեց նաեւ Արաս Օզբիլիսի, Գէորգ Ղազարեանի, Իւրա Մովսիսեանի, Մարկոս Պիզելիի եւ նախկին մարզիչների, ինչպէս նաեւ՝ ֆուտբոլիստների վարձատրութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։