Հա

Մարզական

27/01/2020 - 11:10

Հպարտ եմ, որ հայ եմ. բացառիկ զրոյց Իրանի ֆուտբոլի հաւաքականի գլխաւոր մարզչի օգնականի հետ

ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի օգնական Մարգար Աղաջանեանի հետ կապ հաստատելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սակայն այս դէպքում կարեւորը ցանկութիւնն էր:

«alikonline.ir» - ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի օգնական Մարգար Աղաջանեանի հետ կապ հաստատելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սակայն այս դէպքում կարեւորը ցանկութիւնն էր: Գրում է Sputnik Արմենիայի մարզական վերլուծաբան Խաչիկ Չախոյեանը:

Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի օգնական Մարգար Աղաջանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հետ արդէն խօսել է Հայաստանի ազգային հաւաքականը գլխաւորելու մասին։

«Ճիշտ է, պաշտօնական առաջարկ չեմ ստացել (նկատի ունի գրաւոր,-Խմբ.), բայց բանաւոր խօսակցութիւններ եղել են ե՛ւ Արմէն Գիւլբուդաղեանցի նշանակումից առաջ, ե՛ւ նրա հեռանալուց յետոյ»,- ասաց Մարգար Աղաջանեանը։

Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնն Աղաջանեանը համարում է իւրաքանչիւր հայ մարզչի կարիերայի լաւագոյն պահը։ Ասաց` ամբողջ կեանքն իրանական ֆուտբոլին է նւիրել, բայց երբեք չի մոռացել պատմական հայրենիքի մասին ու հպարտ է, որ հայ է:

Այն, որ Մարգար Աղաջանեանը մեծ փորձ է կուտակել իր մարզչական աշխատանքի ընթացքում, կասկածից վեր է: Լինելով ֆուտբոլային վերլուծաբան` Աղաջանեանը շատ լաւ է պատկերացնում, թէ ինչի են ընդունակ իր թիմը եւ մրցակիցները: Իսկ Հայաստանի հաւաքականի ու հայկական ակումբների ելոյթները միշտ էլ եղել են իրանահայ մարզչի տեսադաշտում:

«Ես մեծ ուշադրութեամբ եմ հետեւում Հայաստանի հաւաքականի ու հայկական աառաջատար ակումբների ելոյթներին: Համոզւած եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի: Եւրօ-2020-ի ընթացքում տեսել եմ, թէ ինչպէս կարող է խաղալ ազգային թիմը, տեսել եմ, թէ ինչպէս կարող էր «Արարատ-Արմենիան» դուրս գալ Եւրոպայի լիգայի խմբային փուլ: Որպէս մարզիչ` կարող եմ ասել, որ իհարկէ անելիքներ կան: Առանց դրա հնարաւոր էլ չէ: Պէտք է աշխատել ու երբեք կանգ չառնել` հաւատալով ու վստահելով սեփական ուժերին: Հայկական ֆուտբոլն առաջընթացի հնարաւորութիւններ ունի»,- ասաց Աղաջանեանը:

Նշենք, որ 2016 թւականին աշխարհի առաջնութեան ընտրական խաղերից առաջ Իրանի հաւաքականը ժամանեց Հայաստան ու ուսումնամարզական հաւաք անցկացրեց ֆուտբոլի Երեւանի ակադեմիայում: Դեռեւս այն ժամանակ հանդիպելով Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Կառլուշ Կէյրուշի օգնական Մարգար Աղաջանեանին` հասկացանք, որ հայ մասնագէտը երբեք չի մոռացել Հայաստանը:

Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի մարզիչներից մատների վրայ կարելի է հաշւել այն մարդկանց, ովքեր յաջողութիւնների են հասել: Ընդ որում, յաջողութիւնների մեծ մասն էլ սահմանափակւել է մէկ կամ երկու խաղով: Իսկ ֆուտբոլում կարեւորը վերջնական արդիւնքն է:

Վարդան Մինասեանի ու նրա հաւաքականի յաջողութիւնն առայժմ միակ օրինակն է:

Մնացած ընտրական մրցաշարերում մեր ընտրանին չի կարողացել լուրջ պայքար մղել խմբում առաջին կամ երկրորդ տեղի համար: Խնդիրներն իհարկէ բազմաթիւ են` կապւած ֆուտբոլիստների ընտրութեան հետ, վերջացրած մարզչի գործօնով: Մենք անընդհատ փորձում ենք փնտրել հեռւում, ինչպէս ասում են` «Հեռւի զուռնի ձէնը քաղցր է», բայց նաեւ թանկ է, սա էլ չմոռանանք: Իսկ մենք մօտիկ էլ տարբերակ ունենք։

Մարգար Աղաջանեանը միակ հայ մարզիչն է, որը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնների եզրափակիչ փուլին: Ընդ որում, Աղաջանեանը եղել է Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Կառլուշ Կէյրուշի օգնականը 2014 եւ 2018 թւականների մունդիալների ժամանակ: Այսինքն, մենք ունենք եւս մէկ թեկնածու, որը կարող է դառնալ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։