Հա

Մարզական

30/01/2020 - 09:30

Նա կարծես հօր ուրւականը լինի խաղադաշտում. Pundit Feed-ի անդրադարձը Համլետ եւ Հենրիխ Մխիթարեաններին

Ֆուտբոլի եւ ֆուտբոլիստների մասին պատմող համաշխարհային ամենատարածւած բլոգներից մէկը՝ Pundit Feed-ը, անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանին՝ շատերի համար բացայայտելով ֆուտբոլի հետ նրա «գենետիկ» կապի, պատմելով հօր` Համլետ Մխիթարեանի մասին:

«alikonline.ir» - Ֆուտբոլի եւ ֆուտբոլիստների մասին պատմող համաշխարհային ամենատարածւած բլոգներից մէկը՝ Pundit Feed-ը, անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանին՝ շատերի համար բացայայտելով ֆուտբոլի հետ նրա «գենետիկ» կապի, պատմելով հօր` Համլետ Մխիթարեանի մասին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` յօդւածագիր Էմին Ուրկան նիւթի սկզբում մէջբերում է Mike +the Mechanics  խմբի 1988 թւականի «The Living years» երգին, որտեղ  խօսւում է հօր մասին, ով իր նորածին տղայի մէջ տեսնում է իր իսկ հօրը եւ ցաւում է, որ չի հասցրել նրան ասել այն ամէնն, ինչ ցանկանում էր: Հեղինակը, մասնաւորապէս, գրում է. «Մենք բոլորս գիտենք Հենրիխ Մխիթարեանին, բայց ի՞նչ գիտենք նրա հռր` Համլետ Մխիթարեանի մասին»: Յօդւածագիրը պատմում է, որ Համլետ Մխիթարեանը, որի տղան Հայաստանից դուրս հանդէս եկող մեծագոյն ֆուտբոլիստն է, Խորհրդային Միութեան տարիներին եղել է ֆուտբոլիստ եւ կեանքից հեռացել է շատ վաղ: Պատմելով Համլետ Մխիթարեանի անցած ուղու մասին` յօդւածագիրն առանձնացնում է. «Համլետն իր սերնդի ամենավառ դէմքերից էր, որ երկրպագուներին յայտնի էր իր դինամիկ խաղի եւ արագութեան շնորհիւ: Ոմանք նոյնիսկ նրան համեմատում էին Ռոբերտո Բաջոյի հետ»:

Յօդւածում անդրադարձ կայ նաեւ Համլետ Մխիթարեանի՝ Ֆրանսիայում կերտած կարիերային, որտեղ նա հանդէս էր գալիս հայկական սփիւռքի կողմից ստեղծւած «Վալանս» ակումբում, որտեղից հեռացաւ 1995 շոկային լուրից յետոյ. նրա մօտ յայտնաբերւել էր գլխուղեղի քաղցկեղ: Համլետն իր  ընտանիքով տեղափոխւեց Երեւան: Նա կեանքից հեռացաւ 1996 թւականին 33 տարեկանում:

Մահից 10 տարի անց նրա տղան` Հենրիխ Մխիթարեանը, իր նորամուտը տօնեց Երեւանի «Փիւնիկ»-ի կազմում` 17 տարեկանում. «Հենրիխը խաղաոճով եւ հասակով նման է հօրը, նա կարծես Համլետի ուրւականը լինի խաղադաշտում»:

Անդրադարձ կայ նաեւ Հենրիխ Մխիթարեանի եւ Իւրի Ջորկաէֆի փոխյարաբերութիւններին, եւ շեշտւած է այն հանգամանքը, որ հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջորկաէֆը Մխիթարեանի համար եղել է օրինակելի կերպար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։