Հա

Մարզական

12/03/2020 - 09:20

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկօ»-ն, «Լայպցիգ»-ը, «Ատալանտա»-ն եւ ՊՍԺ-ը քառորդ եզրափակչում են

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկօ»-ն հիւրընկալւել էր չեմպիոն «Լիւերպուլ»-ին:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկօ»-ն հիւրընկալւել էր չեմպիոն «Լիւերպուլ»-ին:

«Լիւերպուլ»-ը հանդիպման մեկնարկային րոպէրից անցաւ յարձակման եւ միայն առաջին խաղակէսի աւարտին կարողացաւ բացել խաղի հաշիւը: Անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլէյդ-Չեմբեռլենի փոխանցումից յետոյ գլխի հարւածով գոլի հեղինակ դարձաւ հոլանդացի կիսապաշտպան Ժորժինիօ Վէյնալդումը: Երկրորդ խաղակէսում «Լիւերպուլ»-ն անդադար գրոհներ էր ձեռնարկում, սակայն դրւագների մեծ մասում «Աթլետիկօ»-ին փրկում էր սլովենացի դարպասապահ Եան Օբլակը: Հանդիպման աւելացւած ժամանակի վերջին րոպէին «Աթլետիկօ»-ի իսպանացի կիսապաշտպան Սաուլը տուգանայինի խաղարկումից յետոյ գլխի հարւածով խփեց պատասխան գոլը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ: Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց «Լիւերպուլ»-ի յաղթանակով՝ 1:0 հաշւով:

Լրացուցիչ ժամանակի չորրորդ րոպէին «Լիւերպուլ»-ի երկրորդ գոլը խփեց բրազիլացի յարձակւող Ռոբերտօ Ֆիրմինոն: 2 րոպէ անց «Լիւերպուլ»-ի դարպասապահ Ադրիանի սխալից օգտւեց «Աթլետիկօ»-ի իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտէն եւ Ժոաու Ֆելիշի փոխանցումից յետոյ ընդհանուր դիմակայութիւնում հաշիւը դարձրեց 2:2: Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակէսի աւելացւած ժամանակի առաջին րոպէին Լիորենտէն դուբլ ձեւակերպեց: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպէին «Աթլետիկօ»-ի իսպանացի յարձակւող Ալւարօ Մորատան խփեց «Լիւերպուլ»-ի յաղթական գոլը:

Ընդհանուր դիմակայութիւնում «Աթլետիկօ»-ն յաղթանակ տարաւ «Լիւերպուլ»-ի նկատմամբ 4:2 հաշւով:

Աւելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին ձեռք բերել գերմանական «Լայպցիգ»-ը, իտալական «Ատալանտա»-ն եւ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։