Հա

Մարզական

04/04/2020 - 12:30

Ո՞վ է Հայաստանի հաւաքականում Խոակին Կապարոսի իսպանացի օգնականը

Այն բանից յետոյ, որ Խոակին Կապարոսը գլխաւորեց Հայաստանի հաւաքականը, յայտնի դարձաւ, որ իր մարզչական շտաբում կընդգրկւի եւս մէկ իսպանացի մասնագէտ:

«alikonline.ir» - Այն բանից յետոյ, որ Խոակին Կապարոսը գլխաւորեց Հայաստանի հաւաքականը, յայտնի դարձաւ, որ իր մարզչական շտաբում կընդգրկւի եւս մէկ իսպանացի մասնագէտ:

Եւ ահա նախօրէին ՀՖՖ պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում «Միստերը» ներկայացրեց իր մարզչական շտաբը, որում տեղ գտաւ նաեւ Լուսիանօ Մարտին Տոսկանոն:

News.am Sport-ը «Հայկական շեշտադրումով փոքրիկ իսպանական հետաքննութիւն» է իրականացրել եւ կը պատմի Ձեզ 47-ամեայ մասնագէտի մասին, որին հայրենիքում անւանում են շատ պարզ` Luci:

 

Ֆուտբոլիստի կարիերան

«Սեւիլիա»-ի երկրորդ թիմում կարիերան սկսած Լուսիանօ Մարտինը 90-ականների երկրորդ կէսին մօտ 100 հանդիպում անցկացրեց «Ռեկրեատիւօ»-ի կազմում, որտեղ եւ ծանօթացաւ 1996-ից 1999-ը Ուելւան ներկայացնող թիմը գլխաւորած Խոակին Կապարոսի հետ:

Մի քանի հանդիպում «Լեւանտէ»-ի կազմում, այնուհետեւ համեստ «Սեուտա» եւ «Սան-Ռոկէ». 2005-ին «խաղակօշիկները մեխից կախած» Լուսիանոյի ֆուտբոլային կարիերան հազիւ թէ կարելի է նշանաւոր համարել:

 

«Որ ասում եմ ես՝ արուսը հետսա»

Սակայն, «Ռեկրեատիւօ»-ից հասարակ տղան իսկական հայտնութիւն դարձաւ Կապարոսի համար, որն ընդգրկեց նոր-նոր կարիերան աւարտած Լուսիանոյին «Դեպորտիւօ»-ում իր մարզչական շտաբում:

«Որ ասում եմ ես` Արուսը հետսա». «Հարսնացուն հիւսիսից» ֆիլմի մոտիւներով Լուսիանոն անփոխարինելի դարձաւ «Միստերի» համար իր գլխաւորած բոլոր թիմերում` «Աթլետիկ», «Գրանադա», «Մալյորկա», «Լեւանտէ», «Օսասունա», Կատարի «Ալ-Ահլի», շւէյցարական «Քսամաքս»:

Հէնց Լուսիանոյին Կապարոսը վստահեց իր առաջին օգնականի դերը, երբ ֆորս-մաժորային իրավիճակում պէտք է «փրկեր» «Սեւիլիան» 2018-ին, իսկ այնուհետեւ Կապարոսի նախաձեռնութեամբ Luci-ն գլխաւորեց անդալուսեան ակումբի երկրորդ թիմը: Դա Մարտինի առաջին ինքնուրոյն մարզչական փորձն էր:

 

Վերլուծաբան-պերֆեկցիոնիստ

«Եթէ ֆուտբոլիստը չի հետեւում մարզիչի հրահանգներին եւ քեզ անցանկալի անակնկալ է մատուցում` դա պարզապէս կոտրում է քո խաղային ծրագիրը»,- «Սեւիլիա Բ»-ի հանդիպումներից մէկից յետոյ նշեց իր թիմի խաղից դժգոհ Լուսիանօ Մարտինը, որը միշտ մեծ ուշադրութիւն է դարձնում խաղային կարգապահութեանը, մրցակիցների վերլուծութեանը եւ փորձում է հասցնել այդ գործօնները կատարելութեան:

Ասում են, որ Լուսիանոն անկրկնելի վերլուծաբան է եւ արդէն հասցրել է մանրակրկիտ կերպով ծանօթանալ մեր հաւաքականի ֆուտբոլիստների եւ ազգային թիմի հաւանական նորեկների հնարաւորութիւններին:

Դէ ինչ, յուսով ենք, որ Կապարոսին եւ իր մարզչական շտաբին կը յաջողւի մեր հաւաքականին հասցնել նոր մակարդակի եւ վերջապէս իրագործել հայ երկրպագուների նւիրական երազանքը: Կատար-2022, ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ:

 

Սամուէլ Սուքիասեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։