Հա

Մարզական

19/05/2020 - 10:35

«Երբ նոր սերունդը քո մէջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրայ ես». Մխիթարեան

Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնութեամբ կազմակերպւած հարցազրոյցի ընթացքում պատմել է «Ռոմա»-ում մնալու իր ցանկութեան, իտալական ֆուտբոլի առանձնայատկութիւնների եւ մի շարք այլ հարցերի մասին:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնութեամբ կազմակերպւած հարցազրոյցի ընթացքում պատմել է «Ռոմա»-ում մնալու իր ցանկութեան, իտալական ֆուտբոլի առանձնայատկութիւնների եւ մի շարք այլ հարցերի մասին: Գրում է ArmSport.am-ը:

 

- Վերջերս քո հարցազրոյցներից մէկում նշեցիր, որ մտադիր ես շարունակել խաղալ «Ռոմա»-ում: Ի՞նչ նպատակներ ես դրել քո առջեւ՝ կապւած իտալական թիմի հետ:

- Առաջին իսկ օրւանից, երբ եկայ «Ռոմա», ինձ շատ լաւ զգացի՝ ակումբը, քաղաքը ամէն ինչ հիանալի էր: Իհարկէ, շատ լաւ կը լինի, եթէ մնամ այստեղ: Գլխաւոր նպատակը Չեմպիոնների լիգայում յայտնւելն է, խաղալն ու տիտղոսներ նւաճելը:

 

- Խաղացել ես Ուկրայինայում, Գերմանիայում, Անգլիայում, հիմա էլ հանդէս ես գալիս իտալական Ա Սերիայում: Անձամբ քեզ ի՞նչ է տւել Ա Սերիան:

- Եթէ համեմատենք անգլիական, գերմանական կամ ուկրայինական ֆուտբոլի հետ, Ա Սերիան իր առանձնայատկութիւնն ունի: Մարդիկ թերագնահատում են Իտալիայի առաջնութիւնը, բայց ես կասէի, որ այստեղ աւելի քան հետաքրքիր է խաղալը: Իհարկէ, նոյնը չէ, ինչ 20 տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ լիգան աւելի ու աւելի լաւն է դառնում: Նախորդ տարւայ տրանսֆերներն էլ այդ մասին են խօսում: Աւելի քան ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Իտալիայում խաղալը՝ այս երկրպագուների ներքոյ, ինչ-որ անհաւանական բան է: Շատ էի լսել այն մասին, որ Իտալիայում երկրպագուները լաւ իմաստով խելագար են, բայց չէի կարող պատկերացնել, որ նրանք իսկապէս այդպիսին են: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Ռոմա»-ում ու նման երկրպագուներ ունենք:

 

- Գաղտնիք չէ, որ իւրաքանչիւր խաղացողի յաջողութիւնը խաղադաշտում կախւած է նաեւ նրա թիմակիցներից ու նրանց հետ արդիւնաւէտ համագործակցութիւնից: Իտալացիների մասին այս առումով ի՞նչ կասես:

- Իհարկէ, լաւ ելոյթը կախւած չէ միայն քեզնից, քանի որ մէկ հոգով չես կարող խաղը յաղթել, պէտք է յաղթել 11-ով՝ նոյնիսկ այն խաղացողների հետ, ովքեր նստած են պահեստայինների նստարանին: Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է: Այնպէս չէ, որ կարող ես մտածել՝ «լաւ, ես այսօր միայնակ եմ խաղում, ամէն ինչ ինձնից է կախւած»: Ոչ, կախւած է ամբողջ թիմից: Ես իմ ուժերի ներածին չափով փորձում եմ անել ամէն ինչ թիմին օգնելու համար, նրանք էլ նոյնն ինձ համար են փորձում անել:

Երբ առաջին անգամ եկայ այստեղ, տպաւորւած էի որոշ խաղացողների որակներից: Նախկինում՝ Ուկրայինայում, Գերմանիայում եւ Անգլիայում, նման բան չէի տեսել: Անուններ չեմ նշի, բայց կասեմ, որ մենք հիանալի ֆուտբոլիստներ, հիանալի տաղանդներ ունենք, որոնց հետ կարող ենք հասնել ամենաբարձր մակարդակին ու օգնել «Ռոմա»-ին հասնել իր նպատակներին:

 

- Ո՞րն է անձամբ քո յաջորդ նպատակը ֆուտբոլում:

- Շատ բաների եմ հասել, բայց դա անցեալում է: Ցանկանում եմ հասնել աւելիին առաջիկայ տարիների ընթացքում: Ֆուտբոլային կարիերայիս աւարտին շատ չի մնացել, բայց ես վստահ եմ, որ լաւագոյնս ներդնում եմ իմ ուժերն՝ ինչ-որ բան նւաճելու համար, քանի որ կարիերայիդ աւարտին բոլորը կը մտածեն այն մասին, թէ դու ինչ ես արել թիմիդ համար, ինչ տիտղոսներ ես նւաճել ու ինչպէս ես խաղացել: Ինձ համար շատ կարեւոր է ինձնից յետոյ ինչ-որ դրական կէտ թողնելը՝ որեւէ տիտղոս նւաճելով կամ ակումբի համար որեւէ լաւ բան անելով:

 

- Արդեօք այս կարանտինը քեզ հնարաւորութիւն տւե՞ց երկրպագուներիդ հետ սոցիալական ցանցերով աւելի յաճախ շփւելու: Առհասարակ ի՞նչ հարցեր ես քննարկում երկրպագուներիդ հետ:

- Այո, որոշ հարցազրոյցներում ու նաեւ LIVE ձեւաչափով հարցազրոյցներում ես պատասխանել եմ որոշ հարցերի, որոնք ուղղել են իմ երկրպագուները: Հարցնում էին հիմնականում այն մասին, թէ ինչպէս եմ անցկացնում կարանտինային այս շրջանը, ինչով եմ զբաղւում, արդեօք դիտո՞ւմ եմ ֆիլմեր, սերիալներ: Ուրախ եմ, որ նրանց հետ կապ եմ ունենում, իմանում եմ, թէ նրանք ինչով են զբաղւում այս օրերին:

 

- Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանքներ ես ստանում իտալացի երկրպագուներից քո խաղի վերաբերեալ: Մենք՝ հայերս, միշտ մեր էմոցիաների մասին ենք մտածում, բայց հիմա դու Իտալիայում ես, գնահատո՞ւմ են քո խաղն այդտեղ:

- Նրանց հետ հիմնականում խաղերից յետոյ եմ շփւում, երբ օրինակ մեքենայով տուն եմ գնում, նրանք ինձ կանգնեցնում ու խնդրում են լուսանկարւել կամ ստորագրութիւն տալ: Երկրպագուներին հանդիպում եմ նաեւ քաղաքում զբօսնելիս կամ ռեստորան այցելելիս: Իհարկէ, որոշ երկրպագուներ կարող են ուրախ լինել, ոմանք՝ ոչ այնքան, դա նորմալ է, քանի որ չես կարող բոլորի կողմից սիրւած լինել, սա ֆուտբոլ է: Ամէն դէպքում, ես անում եմ ինձնից կախւած ամէն բան՝ նրանց երջանկացնելու համար... դա կը լինի գոլով, թէ գոլային փոխանցում կատարելով, կամ էլ՝ պարզապէս լաւ խաղ ցուցադրելով: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ ակումբը յաղթի, չնայած՝ իհարկէ ուրախ եմ լինում երբ գոլ կամ գոլային փոխանցում եմ կատարում:

 

- Գիտեմ, որ դիտում ես Netflix-ի վաւերագրական ֆիլմը NBA-ի մասին: Այնտեղ կայ մի դրւագ, երբ Մայքլ Ջորդանն ասում է՝ «Ես պարզապէս պրոֆեսիոնալ խաղացող եմ, ես ակտիւիստ չեմ»: Ո՞րն է քո կարծիքը սրա վերաբերեալ:

- Եթէ նա այդպէս է ասում, ուրեմն ճիշտ է: Չես կարող ակտիւիստ լինել, երբ զբաղւում ես սպորտով: Օրինակ ես ամբողջովին կենտրոնացած եմ ֆուտբոլի վրայ: Չեմ մտածում որեւէ այլ բանի մասին: Ֆուտբոլից դուրս որեւէ բան անելն իմը չէ: Ես ինձ նւիրել եմ ֆուտբոլին, իմ աշխատանքը ֆուտբոլ խաղալն է: Խուսափում եմ որեւէ պրովոկացիոն բան ասելուց: Ես վայելում եմ ֆուտբոլը:

 

- Դու դեռահասներին ու առհասարակ քո երկրպագուներին տալիս ես աւելին, քան պարզապէս ֆուտբոլային լաւ հնարքները դաշտում: Երբեւէ մտածե՞լ ես այս մասին: Ի՞նչ ես ներկայացնում քո երկրպագուներին, բացի գեղեցիկ ֆուտբոլը:

- Երբ նոր սերունդը քո մէջ կուռք է տեսնում, նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրայ ես: Այսինքն, եթէ նրանք քո մէջ ինչ-որ բան են տեսնում, որ կարող են սովորել, նշանակում է՝ դու ամէն ինչ ճիշտ ու լաւ ես անում: Ես ինքս միշտ երազել եմ լաւ ֆուտբոլիստ դառնալու մասին, որպէսզի մարդիկ նայեն ինձ, հպարտանան ինձնով ու ինչ-որ բան սովորեն ինձնից: Եթէ նրանք որեւէ նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հիանալի աշխատանք ես անում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։