Հա

Մարզական

10/06/2020 - 08:30

Clutch Chess International. Արոնեանը յաղթեց Գրիշչուկին եւ կիսաեզրափակիչում կըմրցի Կարլսէնի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը դուրս եկաւ կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը դուրս եկաւ կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին. տեղեկացնում է News.am-ը:

Յունիսի 9-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ Գրոսմայստերները երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին ոչ ոքիից, յետոյ Արոնեանը պարտութիւն կրեց, սակայն օրւայ երրորդ պարտիայում յաղթանակ տարաւ։

Յաջորդ երեք պարտիաներում կրկնւեց նոյն սցենարը՝ ոչ ոքի, Արոնեանի պարտութիւնն ու յաղթանակը։ Վերջին պարտիայում վաստակած երեք միաւորի շնորհիւ հայ գրոսմայստերը յաղթեց ընդհանուր՝ 10։8 հաշւով։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում յաղթանակի համար շնորհւում է 3-ական միաւոր, ոչ ոքիի համար՝ 1.5-ական միաւոր։

Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնեանը մեկնարկել էր պարտութեամբ, յետոյ խաղացել ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հաւասարեցրել հաշիւը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս աւարտւել էին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնեանը սեւերով յաղթանակ էր տարել եւ վաստակել 5 միաւոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում յաղթանակի համար շնորհւում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միաւոր։

Եզրափակիչի ուղեգրի համար Արոնեանը կը մրցի աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ, որը պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սեոնգին՝ 11.5։6.5։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։