Հա

Մարզական

10/06/2020 - 13:10

Աւելի հզօր, քան Բրիւս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին

Մարզիկ եւ վորքաութի մասնագէտ Մանուէլ Մամոյեանին յաճախ են Բրիւս Լի անւանում, ու դա իր պատճառն ունի։

«alikonline.ir» - Մարզիկ եւ վորքաութի մասնագէտ Մանուէլ Մամոյեանին յաճախ են Բրիւս Լի անւանում, ու դա իր պատճառն ունի։

Մարզիկ Մանուէլ Մամոյեանը, որը յայտնի է իր ռեկորդներով, 8-րդ անգամ է յայտնւել Գինէսի ռեկորդների գրքում` 1 րոպէում 55 հրում կատարելով երկու մատների վրայ։ Sputnik Արմենիան զրուցել է Մամոյեանի հետ։

Ռեկորդը գրանցւել է 2019 թւականի ամռանը։ Սակայն Մամոյեանը մի քանի օր առաջ է Լոնդոնից ստացել հաստատումն այն մասին, որ իր ռեկորդը ներառւել է յայտնի գրքում։

«Ռեկորդին մէկ ամիս եմ պատրաստւել, քանի որ 1 րոպէում այդքան հրում վաղուց էի կարողանում անել։ Արդիւնքում երկար ժամանակ անց ռեկորդս ներառեցին Գինէսի գրքում»,- ասաց Մամոյեանը։

Ժամանակին հրումների այդ տեսակը կատարում էր յայտնի դերասան Բրիւս Լին։ Հէնց նրա ռեկորդն է գերազանցել Մամոյեանը։

Երիտասարդ մարզիկն արդէն 8 գրանցւած ռեկորդ ունի։ Սակայն առաջիկայում նա եւս երկու ռեկորդի հաստատման է սպասում Լոնդոնից։

Մանուէլը հիմա բնակւում է Մոսկւայում եւ իր ռեկորդները սահմանում Կարմիր հրապարակում` նւիրելով դրանք ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ռուսաստանին։ Նա իր ռեկորդների թւով բացառիկ առաջատար է համարւում։

Մանուէլը մտադիր է նոր ռեկորդ սահմանել եւ մեքենան ատամներով քարշ տալ ձեռքերի վրայ կանգնած։ Թէ ինչպէս է անելու, առայժմ չի ցուցադրում։ Instagram-ի իր հետեւորդներին նա ներկայացրել է մի տեսանիւթ, որտեղ նա մեքենայ է քարշ տալիս ատամներով։

Մամոյեանը ծնւել է 1993 թւականին Երեւանում։ Սպորտի հանդէպ սէրը մանկուց է. սկսել է մարզւել 10 տարեկանից, ձիւդոյի պարապմունքների է յաճախել։ Որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանի առեւտրի կենտրոններից մէկում, յետոյ վերադարձել է Հայաստան, որտեղ էլ սահմանել է իր առաջին ռեկորդը` 2 ժամ 45 րոպէ կատարելով հրում վարժութիւնը 3 հազար 515 անգամ։ Այն ժամանակ ռեկորդը ներառւել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների «Դիւցազնագրքում»։

Արդէն 2015 թւականին նա սահմանել է Գինէսի գրքում ներառւած իր առաջին ռեկորդը։ Մէկ րոպէում Մամոյեանը 27 հրում է կատարել ուղղահայեաց դիրքում։ Յետոյ Գինէսի գրքում է ներառւել յաջորդ ռեկորդը` 1 րոպէում 67 կքանիստ ցատկով։ Այնուհետեւ կարողացել է մէկ րոպէի ընթացքում ձեռքերի վրայ կանգնած 37 անգամ կատարել հրում վարժութիւնը։ Նա Լոնդոնին զարմացրել է նաեւ մէկ ոտքին յենւած մէկ ձեռքի վրայ հրումներ կատարելով` 1 րոպէի ընթացքում 34 անգամ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։