Հա

Մարզական

18/07/2020 - 13:10

Խոակին Կապարոս. «Մենք պէտք է իսկական թիմ լինենք»

Յուլիսի 17-ին՝ ՀՖՖ գրասենեակում, կայացել է Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում մեր մարզիչը պատասխանել է լրատւամիջոցների ուղարկած հարցերին: 

«alikonline.ir» - Յուլիսի 17-ին՝ ՀՖՖ գրասենեակում, կայացել է Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում մեր մարզիչը պատասխանել է լրատւամիջոցների ուղարկած հարցերին: Գրում է Panorama.am-ը:

 

- Ինչպիսի՞ տպաւորութիւն էք ստացել Բարձրագոյն խմբի մրցաշարից եւ տեսե՞լ էք նոր ֆուտբոլիստների, ովքեր արժանի են համալրելու Հայաստանի ազգային հաւաքականը։

- Նախեւառաջ ես կուզէի շնորհաւորել ՀՖՖ-ին եւ բոլոր ակումբներին իրենց վարքագծի համար։ Շատ բարդ իրավիճակում ենք յայտնւել, եւ այս ընթացքում ՀՖՖ-ն եւ ակումբները շատ լաւ կարողացան իրենց դրեւսորել։ ՀՀ Բարձրագոյն խմբում մրցակցութիւնը բաւականին բարձր էր, դիտեցի նաեւ գաւաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ նոյնպէս շատ թէժ պայքար ստացւեց։
Ցանկանում եմ շնորհաւորել «Արարատ-Արմենիա»-ին Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցութեամբ։ Մենք ՀՀ Բարձրագոյն խմբի բազմաթիւ խաղեր ենք նայել եւ վերլուծել: Կարծում եմ՝ դա մեզ շատ օգտակար կը լինի։

 

- Շատ է խօսւում Հայաստանի առաջնութիւններում լեգէոներների սահմանափակման անհրաժեշտութեան մասին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջ:

- Իհարկէ, ցանկալի կը լինէր, որ շատ աւելի մեծ թւով հայ ֆուտբոլիստներ հանդէս գային հայկական ակումբների կազմում։ Երէկ ես տեղեկացայ, որ ՀՖՖ-ն որոշում է կայացրել յաջորդ մրցաշրջանում նոր նորմեր կիրառելու մասին։ Կարծում եմ՝ եթէ ներքին առաջնութիւնում աւելի շատ հայեր խաղան, դրանից կը շահի նաեւ Հայաստանի ազգային հաւաքականը։ Ես շատ զարմացած էի, երբ տեսայ, որ Հայաստանի Բարձրագոյն խմբի ակումբներից մի քանիսի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չի գալիս։ Այս ամէնը խանգարում է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլում լաւ կրթութիւն ստանալուց յետոյ չեն ստանում հնարաւորոթիւն իրենց դրսեւորելու արդէն մեծ ֆուտբոլում։

 

- Կորոնավիրուսով պայմանաւորւած այս դադարն ու ճգնաժամն ինչպիսի՞ ազդեցութիւն են թողնելու համաշխարհային, մասնաւորապէս, հայկական ֆուտբոլի վրայ:

- Ֆուտբոլը չի կարող լինել լիարժէք առանց երկրպագուների։ Պէտք է ունենալ պատասխանատւութեան շատ բարձր զգացում։ Կարծում եմ, որ ՀՖՖ-ն այս առումով շատ ճիշտ աշխատանք է տանում եւ այլ երկրների նման նպաստում է նրան, որ հետագայում երկրպագուները վերադառնան մարզադաշտ։

 

- Ունենք Խինէս Մելենդէսի եւ իր թիմի կողմից մշակւած, սակայն ոչ լիարժէքօրէն հանրայնացւած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կարծես թէ մի քանի ակումբներ արդէն կիրառում են։ Արդեօ՞ք այդ ծրագրին ծանօթ էք։ Ի՞նչ կը տայ այն Հայաստանին, որտեղ կարծես թէ համապատասխան կադրերի պակասի արդիւնքում այժմ ուշադրութիւն է դարձւում լեգէոներների նատուրալիզացիային որպէս կադրային խնդիրների կարճաժամկէտ լուծում։

- Խինէս Մելենդէսը իմ ուսուցիչն է եղել, երբ ես դեռ ֆուտբոլային կրթութիւն էի ստանում։ Նա մեծ փորձառութիւն ունի ինչպէս իսպանական, այնպէս էլ միջազգային ֆուտբոլում։ Ֆուտբոլի զարգացումից խօսելիս անպայման պէտք է կարեւորել մարզչական կրթութիւնը։ Եթէ մանուկների, պատանիների եւ երիտասարդների հետ աշխատող մարզիչները համապատասխան որակի կրթութիւն ստանան, դրանից անպայման կը շահեն մեր ֆուտբոլիստները։ Վստահ եմ, որ այս կրթական գործընթացի շնորհիւ բազմաթիւ լաւ ֆուտբոլիստներ ի յայտ կը գան, ովքեր հայկական ֆուտբոլը կը հասցնեն բարձունքի։ Խինէս Մելենդէսը եւ իր թիմը ոչ միայն տեխնիկական եւ տակտիկական առումով են կրթում մեր մարզիչներին, այլեւ տալիս են ֆիզպատրաստութեան մասին են գիտելիքներ փոխանցում։ Քչերը կան, ովքեր կարող են այդ գիտելիքները աւելի լաւ փոխանցել մեր մարզիչներին, քան Խինէս Մելենդէսը եւ իր թիմը։

 

- Ի՞նչ կասէք հաւաքականի նորեկ Սոլոմոն Իմէ Ուդոյի մասին։

- Մենք դեռ Իսպանիայից հետեւում էինք նրա խաղին, եւ նրա մասնակցութեամբ բազմաթիւ խաղեր ենք դիտել։ Ես ՀՖՖ նախագահ Արմէն Մելիքբէկեանից հետաքրքրւեցի նրան Հայաստանի ազգային հաւաքականի կազմում ընդգրկելու հնարաւորութեան մասին: Դրական պատասխան ստանալուց յետոյ առաջին հերթին փորձեցի հասկանալ՝ ֆուտբոլիստը ցանկութիւն ունի հանդէս գալու մեր թիմի կազմում, թէ ոչ։ Իւրաքանչիւր հաւաքականի համար ֆուտբոլիստի ցանկութիւնն ու նւիրւածութիւնը աւելի կարեւոր են, քան բուն ֆուտբոլային որակները։ Ուդոյի շնորհիւ մենք ունեցանք եւս մէկ ֆուտբոլիստ, ով հաւաքականի կազմում մրցակցութիւն կապահովի։

 

- Բարձրագոյն խմբում կայ 5 տարի անցկացրած եւս մէկ ֆուտբոլիստ՝ Անգուլօ Վբէյմարը «Գանձասար-Կապան»-ից: Դիտարկո՞ւմ էք նրան եւս հաւաքական հրաւիրելու հարցը եւ ի՞նչ կարծիք ունէք Գեղամ Յարութիւնեանի մասին։

- Ես չէի ցանկանայ այս պահին խօսել այդ ֆուտբոլիստների մասին, բայց չի բացառւում, որ մենք այդ ֆուտբոլիստին եւս հրաւիրենք հաւաքական։ Նոյնը կարող եմ ասել Գեղամ Յարութիւնեանի մասին։ Մենք չենք կարող անտեսել որեւէ հայ ֆուտբոլիստի եւ եթէ նպատակայարմար գտնենք, անպայման կը հրաւիրենք նրան։

 

- Հայաստանի հաւաքականի ո՞ր խաղացողների հետ էք հասցրել շփւել ու ի՞նչ էք քննարկել։

- Ես մինչ այսօր զրուցել եմ ազգային ընտրանու մօտ 19-20 ֆուտբոլիստի հետ։ Չեմ կարող ասել, թէ ինչից ենք խօսել, սակայն մեծ ուրախութեամբ պէտք է նշեմ, որ բոլոր տղաները մեծ նւիրւածութիւն դրսեւորեցին եւ մեծ ցանկութիւն յայտնեցին շարունակել իրենց ելոյթները ազգային հաւաքականում։

 

- Շատ է խօսւել հաւաքականի հաւանական նորեկների մասին: Ի՞նչ փուլում են Լուկաս Սելարայեանի, Խորէն Բայրամեանի, Արշակ Կորեանի, Մաթիու Եզիկեանի, Նաիր Տիկնիզեանի եւ այլ ֆուտբոլիստների հետ բանակցութիւնները։

- Այդ ֆուտբոլիստները կարող են մեզ հետաքրքրել, բայց քանի որ դեռ չունենք յստակ տեղեկատւութիւն՝ կարող են արդեօք նրանք համալրել մեր ազգային հաւաքականը, թէ ոչ, ապա դեռ չեմ ցանկանայ խօսել նրանց մասին։

 

- Պարոն Կապարոս, ֆուտբոլային հանրութիւնը Ձեզ համարում է տաղանդներ բացայայտող մարզիչ: Երիտասարդական հաւաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց առաջիկայ հանդիպումներում կը տեսնենք ազգային հաւաքականում։

- Այո, մենք կարող ենք տեսնել այդպիսի ֆուտբոլիստների, բայց ամենակարեւորն այն է, որ նրանք մշտապէս ունենան խաղային պրակտիկա։ Նրանք պէտք է միշտ խաղան, սխալւեն, որպէսզի սովորեն եւ կատարելագործւեն։ Եթէ նրանք չունենան խաղային պրակտիկա, պարզապէս կանհետանան մեր տեսադաշտից։

 

- Ինչպիսի՞ դեր ունի հոգեբանութիւնը ֆուտբոլում եւ ի՞նչ աշխատանքներ են տարւելու հաւաքականի հոգեբանական վիճակը բարելաւելու ուղղութեամբ:

-Հոգեբանական պատրաստւածութիւնը նոյնքան կարեւորութիւն ունի, ինչքան տեխնիկան, տակտիկան եւ ֆիզպատրաստութիւնը, իսկ երբեմն այն աւելի կարեւոր է, քան նշածս երեքը միասին։

 

- Ի՞նչ սկզբունքով են ընտրւած Հայաստանի հաւաքականի մրցակիցներն ընկերական խաղերում։

- Այդ խաղերը մեզ համար օգտակար կը լինեն, քանի որ այդ խաղերում խաղադաշտ դուրս կը գան այն ֆուտբոլիստները, ովքեր այդքան յաճախ հնարաւորութիւն չեն ստացել խաղալ հաւաքականի կազմում։ Դա մեզ հնարաւորութիւն կը տայ դիտել նրանց գործի մէջ եւ գաղափար կազմել նրանց մասին։

 

- Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեծ խնդիրներ ունեցանք խորը պաշտպանութիւնից խաղացող թիմերի հետ հանդիպումներում: Ի՞նչ քայլեր էք պատրաստւում ձեռնարկել՝ այդ բաղադրիչում առաջընթաց ունենալու համար։

- Առաջին հերթին մենք պէտք է իսկական թիմ լինենք։ Դա այն թիմն է, որը գիտի, թէ դաշտում ինչ է պէտք անել տարբեր իրավիճակներում։ Մենք պէտք է փորձենք մեր ֆուտբոլիստներից ստանալ առաւելագոյնը։

 

- Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի հաւաքականն Ազգերի լիգայում ու ի՞նչ շանսեր ունի այնտեղ: Իրատեսական համարո՞ւմ էք այդ մրցաշարի միջոցով աշխարհի առաջնութեան ուղեգիր նւաճելը:

- Մենք պէտք է խաղալու շատ մեծ ցանկութիւն ունենանք, եւ խաղ առ խաղ պէտք է շարժւենք առաջ։ Սկզբում դրւում է նպատակը, ապա քայլ առ քայլ դրան հասնում ես։ Եթէ խաղանք մի թիմի պէս, մեր բոլոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիւ կը հասնենք մեր նպատակին։

 

- Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանի հաւաքականի առաւել թոյլ խաղային օղակները եւ ինչպէ՞ս էք պատրաստւում ուժեղացնել դրանք:

- Ես չեմ պատրաստւում այդ մասին խօսել, քանի որ վստահ եմ, որ մեր մրցակիցները հետեւում են այս մամուլի ասուլիսին (ժպտում է-խմբ․)։ Եթէ հիմա նշեմ մեր թոյլ կողմերի մասին, մեր առաջիկայ մրցակից Հիւսիսային Մակեդոնիայի հաւաքականին մեծ օգնութիւն կը ցուցաբերեմ։ Մենք պէտք է պահպանենք հանգստութիւն, եւ շարժւենք առաջ։ Ոչ մի թիմ կատարեալ չէ։

 

- Վստահաբար դիտել էք Հայաստանի ազգային հաւաքականի մասնակցութեամբ հանդիպումներ: Ո՞րն է Ձեզ տպաւորել ամենաշատը։

- Կը նշէի Իտալիայի հաւաքականի դէմ Հայաստանում կայացած հանդիպումը։ Ճիշտ է՝ թիմը պարտւեց, սակայն 10 ֆուտբոլիստով անցկացրեց շատ լաւ հանդիպում, որտեղ հաշիւը կարող էր այլ լինել։

Կուզէի յատուկ նշել, որ ինձ շատ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որը կայ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Բոլորը ցանկանում են իրենց լուման ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման մէջ։ Մենք մեր կողմից եւս ցանկանում ենք մեր փորձով, մեր խանդավառութեամբ եւ մեր կիրքով նպաստել հայկական ֆուտբոլի աճին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։