Հա

Մարզական

20/07/2020 - 13:20

Հենրիխի հետ ծանօթութիւնը մեծ իրադարձութիւն էր. Բայրամեանը կը խաղայ Հայաստանի հաւաքականում

Ֆուտբոլիստ Խորէն Բայրամեանը շուտով հանդէս կը գայ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականում։ Նա պատմել է իր տպաւորութիւնների եւ սպասելիքների մասին։

«alikonline.ir» - Ֆուտբոլիստ Խորէն Բայրամեանը շուտով հանդէս կը գայ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականում։ Նա պատմել է իր տպաւորութիւնների եւ սպասելիքների մասին։ Գրում է Sputnik Արմենիան:

Նախօրէին յայտնի դարձաւ, որ «Ռոստով»-ի 28-ամեայ կիսապաշտպան Խորէն Բայրամեանը հանդէս կը գայ Հայաստանի ազգային հաւաքականում: Sport24-ին տւած հարցազրոյցում Բայրամեանը պատմել է իր ընտրութեան մասին ու խօսել սպասելիքների մասին։

Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է Հայաստանի ազգային հաւաքականում խաղալու համար, չնայած որ լիարժէք չի գիտակցում, թէ ինչ է իրեն սպասւում։

«Կարծում եմ՝ այդ ամէնը կը գիտակցեմ, երբ ժամանեմ Հայաստան, ծանօթանամ թիմի հետ ու նրանց հետ լինեմ միեւնոյն հանդերձարանում: Երբ առաջին անգամ հագնեմ Հայաստանի հաւաքականի մարզաշապիկը, ահա այդ ժամանակ իսկապէս կը հասկանամ, թէ դա ինչ է: Շատ եմ սպասում այդ պահին: Կարծում եմ՝ յուզիչ կը լինի»,- ասել է նա:

Խորէնի խօսքով` Հայաստանը որակեալ ֆուտբոլիստներ ունի, միշտ ունեցել է ամուր եւ մրցունակ կազմ:

«Իհարկէ, առանձնանում է Հենրիխ Մխիթարեանը, որը մեծ վարպետ է, շատերի կուռք եւ որին շատ տղաներ պէտք է փորձեն նմանւել: Հենրիխը եւրոպական մակարդակի աստղ է: Մենք նրա հետ ծանօթացանք, երբ «Ռոստով»-ը խաղում էր Չեմպիոնների լիգայում: Այն ժամանակ մենք մի քանի բառ փոխանակեցինք ու միմեանց յաջողութիւն մաղթեցինք: Ինձ համար դա մեծ իրադարձութիւն էր: Իսկ հիմա, Աստւած տայ, նրա հետ կը կիսեմ հանդերձարանը: Հիանալի կը լինի, ցանկանում եմ հնարաւորինս շուտ զգալ դա»,- ասել է ֆուտբոլիստը:

Բայրամեանը նշել է, որ խօսում է հայերէն, բայց Նոյեմբերեանի բարբառով։ Պատմել է, որ ծնունդով Կոթի գիւղից է: Ֆուտբոլիստի խօսքով ինքն անձամբ չի խօսել հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ, այլ խօսել է Վալերի Կարպինի հետ: Իր հետ կապ է պաշտպանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ֆուբոլիստը շնորհակալութիւն է յայտնել բոլոր շնորհաւորանքների, հաճելի խօսքերի եւ աջակցութեան համար:

Նշենք, որ Բայրամեանը հայրենիքում եղել է 2 տարի առաջ։ Այժմ էլ մեծ մտահոգութեամբ է հետեւում հայ-ադրբեջանական սահմանագօտում տիրող իրավիճակին։ Ուզում է հաւատալ, որ հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կը լուծւի եւ անմեղ մարդիկ չեն զոհւի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։