Հա

Մարզական

26/07/2020 - 13:05

5 ռեկորդ մէկ օրում. Իւրի Վարդանեանը մոսկովեան օլիմպիադայի թանկարժէք ադամանդն էր

Իւրի Վարդանեանն իր մարզական սխրանքով եւ համաշխարհային ռեկորդներով մէկ երեկոյի ընթացքում մտաւ սպորտի եւ մասնաւորապէս ծանրամարտի պատմութեան մէջ: Մոսկովեան օլիմպիադայից 40 տարի անց հիմա էլ դժւար է մոռանալ այն, ինչ արեց երկաթախաղի հայ վարպետը:

«alikonline.ir» - Իւրի Վարդանեանն իր մարզական սխրանքով եւ համաշխարհային ռեկորդներով մէկ երեկոյի ընթացքում մտաւ սպորտի եւ մասնաւորապէս ծանրամարտի պատմութեան մէջ: Մոսկովեան օլիմպիադայից 40 տարի անց հիմա էլ դժւար է մոռանալ այն, ինչ արեց երկաթախաղի հայ վարպետը: Այս մասին գրում է Sputnik Արմենիայի մարզական վերլուծաբան Խաչիկ Չախոյեանը:

1980 թւականին առաջին անգամ ամառային օլիմպիական խաղերն անցկացւեցին սոցիալիստական երկրում՝ ԽՍՀՄ-ում: Եւ այդ օլիմպիական խաղերի ադամանդը, շատերի կարծիքով, դարձաւ ծանրամարտիկ Իւրի Վարդանեանը:

 

Լենինականի հպարտութիւնը

Իւրի Վարդանեանի յաղթարշաւը մեծ սպորտում սկսւեց 1977 թւականին, երբ 21 տարեկան հասակում լենինականցի (այժմ Գիւմրի) ծանրորդը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Հումորի քաղաք Լենինականում նրա յաղթանակից յետոյ բոլորը ծիծաղով ասում էին. «Էդ տղեն հլը շատ յաղթանակներ կունենայ: Շտանգեն ընպէս կը հանէ, ինչխոր էդիգ փետից է, ոչ թէ երկաթից»:

Ու մարդիկ չէին սխալւում. իր մարզական փայլուն կարիերայի ընթացքում Վարդանեանը վայելում էր միլիոնաւոր մարդկանց սէրն ու յարգանքը: Իսկ Լենինականը պարզապէս հպարտանում էր իր դիւցազունով: Իւրի Վարդանեանն առաջին լենինականցին էր, որ աշխարհի չեմպիոն դարձաւ, յետոյ էլ առաջինն իր քաղաքի ու ժողովրդի համար նւաճեց օլիմպիական ոսկէ մեդալը:

 

Մելբուռնի զուգահեռ չեմպիոնը

1976 թւականի Մելբուռնի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հաւաքականը ներկայացնում էր Իւրի Վարդանեանի համաքաղաքացի Վարդան Միլիտոսեանը, որը 75 կգ քաշային կարգում նւաճեց արծաթէ մեդալ: Իսկ օլիմպիական չեմպիոն հռչակւեց բուլղարացի Եորդան Միտկովը: 20-ամեայ Վարդանեանը Մելբուռնի մրցումներին զուգահեռ, Լենինականում վեց մօտեցում կատարեց ծանրաձողին` ոչ պաշտօնապէս մրցելով օլիմպիադայի մասնակիցների հետ:

Պարզւեց` Լենինականում Վարդանեանի արդիւնքը երկամարտում 7,5 կգ-ով աւելի բարձր էր, քան օլիմպիական չեմպիոն Եորդան Միտկովինը` նրանք համապատասխանաբար բարձրացրել էին 342,5 եւ 335 կգ: Բայց օլիմպիական բարձրունքը Իւրային սպասում էր չորս տարի անց՝ Մոսկւայում:

 

Մոսկովեանը անմոռանալի օրերը

Անկասկած  Իւրի Վարդանեանի մարզական կարիերայի գագաթնակէտը Մոսկւայի օլիմպիադան էր: Վարդանեանը օլիմպիական խաղերին մօտեցաւ որպէս յաղթողի հիմնական յաւակնորդ 82,5 կգ քաշային կարգում: Բայց ոչ ոք չէր կարող գուշակել, թէ ինչպիսի արդիւնքով է յաղթելու հայ ծանրորդը: Մէկ երեկոյի ընթացքում Իւրան սահմանեց համաշխարհային 5 ռեկորդ, ու միջին քաշայինների համար երկամարտի անհաւանական` 400 կգ արդիւնքով դարձաւ չեմպիոն: Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի այդ ժամանակւայ նախագահ Գոդֆրիդ Շեոդլը Վարդանեանին անւանեց անգին ադամանդ:

 

Վարդանեանի հանրահռչակած Լենինականը

Վարդանեանի յաղթանակների շնորհիւ համաշխարհային սպորտում եւ ԽՍՀՄ-ում առանձնայատուկ ճանաչում ձեռք բերեցին Հայաստանն ու մարզիկի հայրենի քաղաք Լենինականը: Շիրակի մարզպետարանի մշակոյթի եւ սպորտի բաժնի պետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ Վաչիկ Վարդանեանը, Իւրայի մասին պատմելիս, նշում է, որ ի շնորհիւ լեգենդար մարզիկի ծանրամարտն իրենց քաղաքում ունեցաւ զարգացման վերընթաց ուղի եւ արձանագրեց բազում ձեռքբերումներ։

«Յիշում եմ` 1985 թւականին Մոսկւայի Կարմիր հրապարակում լուսանկարւելուց յետոյ, երբ տւեալներս էի թելադրում լուսանկարչին՝ Լենինական քաղաք, Վարդանեան, բոլորը միանգամից սկսեցին ինձ հարցնել, թէ արդեօք բարեկամական կապ ունեմ Իւրի Վարդանեանի հետ»:

Վաչիկ Վարդանեանը յիշում է, որ օլիմպիադայից յետոյ Լենինականում ծանրամարտի խմբակներում միանգամից գրանցւեց պատանիների յաճախման մեծ աճ, իսկ նորածին տղաների մեծ մասին Իւրի անունով էին կնքում:

 

Վարդաեանի ֆենոմենը

Յայտնի մարզական մեկնաբան Սլաւա Սարգսեանը նոյնպէս չի մոռացել այն յաղթական բերկրանքն ու ուրախութիւնը, որով համակւել էր Հայաստանը մոսկովեան օլիմպիադայում Իւրի Վարդանեանի ելոյթներից յետոյ։

«Իւրի Վարդանեանը ֆենոմեն էր: Մենք չէինք էլ կասկածում  նրա յաղթանակին: Բնութիւնը Իւրային ամէն ինչ տւել էր` գումարած աշխատասիրութիւնը: Նա չեմպիոն կը դառնար իւրաքանչիւր մարզաձեւում, որը որ ընտրէր: Հրաշալի մարզիկ էր, երբեք կանգ չէր առնում իր ձեռք բերածով: Անընդհատ ուզում էր նոր արդիւնքի հասնել: Համաշխարհային 43 ռեկորդ` հեշտ է ասելը»:

 

Յարգանք, սէր, փառք ու ցաւ

Իւրի Վարդանեանը Մոսկւայի օլիմպիական խաղերից յետոյ արդէն յայտնի մարդ էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Նրա անունը պարզապէս բոլոր մարզասէրների շուրթերին էր: Իր բնաւորութեան համաձայն` Վարդանեանը ուզում էր շարժւել առաջ ու կերտել նոր յաղթանակներ: Բայց օլիմպիական նոր ոսկէ մեդալներ նւաճել չյաջողւեց: 1984 թւականին Լոս Անջելէսի օլիմպիական խաղերին խորհրդային ծանրորդները չմասնակցեցին:

Իսկ ԱՄՆ-ում օլիմպիական ոսկէ մեդալակիր դարձած ռումինացի Պետրէ Բեչերույի արդիւնքը 45 կգ-ով զիջում էր Վարդանեանի արդիւնքին երկամարտում: Պարզից էլ պարզ է, որ օլիմպիական ոսկէ երկրորդ մեդալը Իւրայից խլեց քաղաքականութիւնը: Վարդանեանը ամէն գնով ուզում էր եւս մէկ անգամ մասնակցել օլիմպիական խաղերին արդէն 1988 թւականին: Բայց ԽՍՀՄ հաւաքականի մարզիչները նրան ուղղակի չվերցրեցին հաւաքական, իսկ չեմպիոն` երկամարտի 377,5 արդիւնքով, դարձաւ Իսրայէլ Արսամակովը:

 

Անհնար է նրան մոռանալ

Ցաւօք, Իւրի Վարդանեանը մահացաւ 62 տարեկան հասակում: 2018 թւականին դադարեց բաբախել հռչակաւոր մարզիկի սիրտը: Բայց նրան ոչ ոք չի մոռացել, ու դժւար թէ սպորտին մօտ կանգնած որեւիցէ մէկ մոռանայ: Իւրի Վարդանեանը, որի անունը տեղ է գտել համաշխարհային ծանրամարտի փառքի սրահում, վայելում էր նաեւ մարդկային փառքը:

Նրան սիրում էին, գնահատում: Նրա յաղթանակը մոսկովեան օլիմպիական խաղերում ապացուցեց, որ մեծ ցանկութեան եւ ճիշտ պայքարի դէպքում մարդը կարող է հասնել անհաւանական արդիւնքի: 400 կգ-ը երկամարտում հէնց այդպիսի արդիւնք էր 1980 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։