Հա

Մարզական

03/09/2020 - 12:15

Ամենաերիտասարդ աւագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նւաճումներ ունի Մխիթարեանը

Հենրիխ Մխիթարեանը իտալական «Ռոմա»-ի լիարժէք ֆուտբոլիստ է: Աւարտւեց «Արսենալ»-ից այլ ակումբ տեղափոխւելու սագան: «Ռոմա»-ն ու Հենոն հասան իրենց նպատակին ու պատրաստւում են հերթական մրցաշրջանին:

«alikonline.ir» - Հենրիխ Մխիթարեանը իտալական «Ռոմա»-ի լիարժէք ֆուտբոլիստ է: Աւարտւեց «Արսենալ»-ից այլ ակումբ տեղափոխւելու սագան: «Ռոմա»-ն ու Հենոն հասան իրենց նպատակին ու պատրաստւում են հերթական մրցաշրջանին: Այս մասին գրում է Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյեանը։

Մեր ժամանակների ամենայայտնի հայ ֆուտբոլիստի անցած ուղին, աշխատասիրութիւնն ու նպատակասլացութիւնը օրինակ ու խթան կարող են դառնալ ֆուտբոլում իրենց ուժերը փորձող պատանիների համար։ Իսկ իր մարզական կարիերան Հայաստանի հաւաքականի առաջատարը սկսել է հայկական «Փիւնիկ»-ից։ Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարեանը խաղացել է եօթ ակումբներում: Sputnik Արմենիան ներկայացնում է ֆուտբոլային մեր պարծանքի, ամբողջ աշխարհում «Արմենիա» անունը հնչեցրած ֆուտբոլիստի անցած ճանապարհի գեղեցիկ պահերը։

Ֆրանսիայում բնակւելը (նրանց ընտանիքը Ֆրանսիայում է ապրել, երբ Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարեանը, հանդէս էր գալիս «Վալանս» թիմի կազմում), Բրազիլիայում վեց ամսեայ մարզումները, բնատուր տաղանդն ու մեծ աշխատասիրութիւնը ձեւաւորեցին Մխիթարեան մարդուն, ֆուտբոլիստին ու խաղընկերոջը: Իսկ յաջողութիւնների դուռը բացւեց, երբ 2006 թւականին 17-ամեայ Հենրիխն անցկացրեց իր առաջին հանդիպումը Հայաստանի բարձրագոյն խմբի առաջնութիւնում: Երեք տարւայ ընթացքում «Փիւնիկ»-ի կազմում ունենալով 70 խաղ ու դառնալով 30 գոլի հեղինակ` երիտասարդ Մխիթարեանն առաջ էր տանում նաեւ Հայաստանի մինչեւ 17, 19 եւ 21 տարեկան ֆուտբոլիստների հաւաքականներին: Այս ամէնը չվրիպեց մասնագէտների աչքից, ու 2009 թւականին Մխիթարեանը տեղափոխւեց Դոնեցկի «Մետալուրգ»:

Հայաստանի հաւաքականի կազմում Մխիթարեանի «բեմելը» 2008-ին էր, Բելգիայի հետ Աշխարհի 2010-ի ընտրական փուլի խաղում։ Մինչ այդ` 2007-ին, հաւաքականի կազմում կայացել էր նրա միջազգային դեբիւտը Պանամայի հետ ընկերական խաղում։

Հայաստանի եւ Ուկրայինայի առաջնութիւնները համեմատելու ինչ-որ եզրեր ունեն: Բայց Ուկրայինայի առաջնութիւնն աւելի բարձր մակարդակ ունի, ու այդ ուժային ֆուտբոլը, որ հիմնականում դաւանում էին Ուկրայինայում, կարող էր դժւար անցանելի արգելք հանդիսանալ Հենրիխի համար: Առաջին մրցաշրջանում ոչ այնքան տպաւորիչ ելոյթներից յետոյ, Մխիթարեանն իր աշխատասիրութեան շնորհիւ վերջնականապէս յարմարւեց նոր պայմաններին, ու 2010 թւականին «Մետալուրգ»-ի գլխաւոր մարզիչ Նիկոլայ Կոստովը աւագի թեւկապը վստահեց հայ ֆուտբոլիստին: Հենրիխը 21 տարեկան էր, ու դարձաւ «Մետալուրգ»-ի պատմութեան մէջ ամենաերիտասարդ աւագը:

Նա դարձաւ թիմի ոչ միայն առաջատարը, այլ նաեւ ոգին: Եւ դա նկատեցին Դոնեցկի մէկ այլ ակումբում` «Շախտեոր»ում: Հանքափորները Ուկրայինայի լաւագոյն ակումբներից մէկն էին համարւում Կիեւի «Դինամօ»-ի հետ: «Շախտեոր»-ում եւս Մխիթարեանի համար առաջին մրցաշրջանն այնքան էլ յաջողւած չէր, բայց յաջորդ երկու մրցաշրջաններում Հենոն դարձաւ թիմի առաջատարներից մէկը: Երեք մրցաշրջան անցկացնելով հանքափորների կազմում` Հենրիխը 72 խաղերում դարձաւ 38 գոլի հեղինակ։ Այդ գոլերի առիւծի բաժինը գրանցւեց վերջին մրցաշրջանում, որի ընթացքում հայ ֆուտբոլիստն Ուկրայինայի առաջնութիւնների արդիւնաւէտութեան ռեկորդ սահմանեց։ Իր խփած 25 գնդակներով նա մինչեւ օրս մնում է այդ երկրի լաւագոյն ռմբարկուն այդ մրցաշրջանում:

Մխիթարեանին արդէն սկսեցին ճանաչել Եւրոպայում, որտեղ «Շախտեոր»-ը բաւականին յաջող ելոյթներ էր ունենում, Ուկրայինայում հնարաւոր բոլոր տիտղոսները նւաճելուց բացի: Եւ 2013 թւականին Դորտմունդի «Բորուսիա»-ն իր պատմութեան ամենաթանկ տրանսֆերն իրականցրեց` Մխիթարեանին հրաւիրելով իր թիմ: Բունդեսլիգայում էլ առաջին մրցաշրջանում Հենոն այնքան էլ յաջող չխաղաց: Կարծես թէ նրան ադապտացւելու երկար ժամանակ էր հարկաւոր:

Բայց յետոյ`2015-16 թւականներին, «Բորուսիա»-ի կազմում Հենոն «թռչող հայ» էր դարձել (թռչող հոլանդացու մեր տարբերակը): Հայ ֆուտբոլիստն անկասելի էր, նրա արագ միտքը, դիպուկ հարւածը, շարժումները մրցակցի համար անհասկանալի էին: Կարճ ասած, Հենոն Բունդեսլիգայում պատմութիւն էր կերտում իր եւ հայկական ֆուտբոլի համար: 31 խաղերում հայ ֆուտբոլիստը խփեց 11 գնդակ ու դարձաւ գոլային 18 փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի աւարտից յետոյ էլ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քւէարկութեան արդիւնքում նա ճանաչւեց մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստ` իրենից յետ թողնելով Ռոբերտ Լեւանդովսկուն ու Թոմաս Միւլէրին:

Այս ամէնից յետոյ տաղանդաւոր հայ ֆուտբոլիստին սպասում էր փորձութիւնը Անգլիական Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում սկզբից ամէն ինչ լաւ էր ընթանում: Մխիթարեանը խաղում էր, ու նորմալ յարաբերութիւնների մէջ էր թիմի մարզիչ Ժոզէ Մոուրինիոյի հետ: Բայց հայ ֆուտբոլիստի որոշակի խաղային ճգնաժամը փչացրեց այդ յարաբերութիւնները, ու Մոուրինիոն, կարելի է ասել, սկսեց չվստահել Մխիթարեանին, չնայած Հենոն շարունակում էր մարզւել ու անել հնարաւորինը, իսկ «Օլդ Տրաֆորդը» երգեր էր հիւսում մեր ֆուտբոլիստի պատւին: 2017 թւականին Մխիթարեանը մանկունեանցիների կազմում նւաճեց Եւրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը` յաղթական գոլի հեղինակ դառնալով եզրափակիչում՝ «Այաքս»-ի դէմ խաղում: Իսկ մէկ տարի անց Հենրիխը տեղափոխւեց «Արսենալ»:

Լոնդոնեանի թիմի կազմում էլ հայ ֆուտբոլիստը 39 խաղ եւ 8 գոլ ունեցաւ: Բայց 2019 թւականին Մխիթարեանը վարձավճարով տեղափոխւեց իտալական «Ռոմա», որտեղ շատ արագ կերպով ձեռք բերեց մարզիչ Պաոլօ Ֆոնսեկայի վստահութիւնն ու դարձաւ թիմի առաջատար խաղացողներից մէկը: Ճիշտ է, վնասւածքների պատճառով Հենոն ստիպւած էր բաց թողնել շատ խաղեր, բայց վերադարձից յետոյ նա գտաւ իր խաղն, ու մարզիչը վերջնականապէս հասկացաւ, որ Մխիթարեանը պէտք է «Ռոմա»-ին: Երկար բանակցութիւններից յետոյ Մխիթարեանը վերջապէս կարողացաւ դառնալ ջալոռոսիների լիարժէք ֆուտբոլիստը: Հենրիխ Մխիթարեանն արդէն 31 տարեկան է: Բայց ֆուտբոլում եղել են շատ օրինակներ, երբ ֆուտբոլիստն իր բարձր կարգը պահպանել է մինչեւ նոյնիսկ 40 տարեկանը: Հենոյի դէպքում, կարծում ենք, դեռ առնւազն 3-4 տարի նա կարող է խաղալ բարձր մակարդակով, իսկ յետոյ արդէն ժամանակը ցոյց կը տայ: Հարուստ ֆուտբոլային կարիերան դեռ չի աւարտւել, իսկ Հենոն արդէն հիմա անկախ Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։