Հա

Մարզական

06/09/2020 - 08:20

Ազգերի լիգա․ Հայաստանի հաւաքականը պարտւեց Հիւսիսային Մակեդոնիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի C դիւիզիոնի առաջին տուրի խաղում հիւրընկալւեց Հիւսիսային Մակեդոնիային եւ պարտութիւն կրեց 1։2 հաշւով։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի C դիւիզիոնի առաջին տուրի խաղում հիւրընկալւեց Հիւսիսային Մակեդոնիային եւ պարտութիւն կրեց 1։2 հաշւով։

Իսպանացի Խոակին Կապարոսի ղեկավարած թիմը գոլ բաց թողեց 5-րդ րոպէին։ Թիմի աւագ, պաշտպան Վարազդատ Յարոյեանի խախտումից յետոյ 5-րդ րոպէին 11 մետրանոց նշանակւեց Հայաստանի հաւաքականում նորամուտը նշող Դաւիթ Իւրչենկոյի պաշտպանած դարպասին։ Գոլի հեղինակ դարձաւ յարձակւող Էգզիեան Ալիոսկին։

18-րդ րոպէին յարձակւող Ալեքսանդր Կարապետեանի կատարած գլխով հարւածից յետոյ սէյւի հեղինակ դարձաւ մակեդոնացիների դարպասապահ Դամեան Շիշկովսկին։

35-րդ րոպէին դաշտի տէրերը տուգանային հարւածի իրաւունք ստացան տուգանային հրապարակի գծից եւ վստահ խաղաց Դաւիթ Իւրչենկոն՝ յետ մղելով հարւածը։

36-րդ րոպէին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց պաշտպան Յովհաննէս Համբարձումեանը։ 11 մետրանոցն արդիւնաւէտ իրացրեց յարձակւող Իլիիա Նեստորովսկին։

Ընդմիջմանը Խոակին Կապարոսը կատարեց կրկնակի փոփոխութիւն։ Հեռացան պաշտպան Սերոբ Գրիգորեանն ու կիսապաշտպան Խորէն Բայրամեանը։ Խաղադաշտ մտան կիսապաշտպան Էդգար Բաբայեանն ու յարձակւող Տիգրան Բարսեղեանը։

Երկրորդ խաղակէսն աւելի ակտիւ սկսեցին Հայաստանի հաւաքականի ֆուտբոլիստները, որոնք մի քանի գրոհ կազմակերպեցին, սակայն գրաւել մրցակցի դարպասը չկարողացան։

58-րդ րոպէին մակեդոնացիների տուգանային հրապարակի մօտ կանոնները խախտեցին Յովհաննէս Համբարձումեանի նկատմամբ։ Տիգրան Բարսեղեանի հարւածը ստանդարտ դիրքից բարձր ստացւեց։ 72-րդ րոպէին դարձեալ Տիգրան Բարսեղեանը իրացրեց տուգանային հարւածը։ Այս անգամ գնդակը որսաց դարպասապահ Շիշկովսկին։

74-րդ րոպէին կիսապաշտպան Արտակ Գրիգորեանը Ալեքսանդր Կարապետեանի փոխանցումից յետոյ մենակ դուրս եկաւ դարպասապահի դէմ, սակայն մի փոքր շեղ հարւածեց։

76-րդ րոպէին Ալեքսանդր Կարապետեանին փոխարինեց յարձակւող Նորբերտօ Բրիասկօ Բալեկեանը։

Վերջնամասն անցաւ փոխադարձ գրոհներով, մի շարք խախտումներով նեարդային պայքարում։ Աւելացւած ժամանակում սէյւ կատարեց Դաւիթ Իւրչենկոն։ Բալեկեանն էլ Բարսեղեանի փոխանցումից յետոյ մօտ տարածութիւնից դարպասից բարձր հարւածեց։ Հէնց յաջորդ գրոհի ժամանակ՝ աւելացւած չորրորդ րոպէին կանոնները խախտեցին Բալեկեանի նկատմամբ։ Բարսեղեանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

Յիշեցնենք, որ երկրորդ խմբում ընդգրկւած են նաեւ Էստոնիայի եւ Վրաստանի հաւաքականները, որոնց հանդիպումը կը մեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հայաստանի հաւաքականը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Երեւանում՝ ընդունելով էստոնացիներին։

Յիշեցնենք, որ հաւաքականին չեն միացել իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն ու գերմանական «Հոֆենհայմ»-ի յարձակւող Սարգիս Ադամեանը։ Նրանք չեն մասնակցի նաեւ երկրորդ տուրի խաղին։

Ազգերի լիգա, C դիւիզիոն, երկրորդ խումբ

Հիւսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 2։1

Էգզիեան Ալիոսկի, 5, 11մ, Իլիիա Նեստորովսկի, 38, 11մ - Տիգրան Բարսեղեան, 90+4, 11մ

Հայաստան. Դաւիդ Իւրչենկօ, Յովհաննէս Համբարձումեան, Վարազդատ Յարոյեան, Անդրէ Կալիսիր, Սերոբ Գրիգորեան (Էդգար Բաբայեան, 46), Արտակ Գրիգորեան, Վբէյմար Անգուլո, Արշակ Կորեան, Խորէն Բայրամեան (Տիգրան Բարսեղեան, 46), Կամօ Յովհաննիսեան, Ալեքսանդր Կարապետեան (Նորբերտօ Բրիասկօ Բալեկեան, 76):

Էստոնիա - Վրաստան՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։