Հա

Մարզական

06/09/2020 - 10:30

Մխիթարեան. «Ուզում եմ վստահ լինել, որ երկրորդ մրցաշրջանս աւելի լաւն է լինելու»

«Արսենալ»-ին պաշտօնապէս հրաժեշտ տալուց ու որպէս հիմնական ֆուտբոլիստ «Ռոմա» տեղափոխւելուց յետոյ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հարցազրոյց է տւել իտալական ակումբի մամուլի ծառայութեանը։

«alikonline.ir» - «Արսենալ»-ին պաշտօնապէս հրաժեշտ տալուց ու որպէս հիմնական ֆուտբոլիստ «Ռոմա» տեղափոխւելուց յետոյ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հարցազրոյց է տւել իտալական ակումբի մամուլի ծառայութեանը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը:

 

- Նախորդ մրցաշրջանում վարձավճարով էիք եկել այստեղ, այս անգամ որպէս ակումբի հիմնական անդամ էք Հռոմում։ Որքանո՞վ է կարեւոր, որ ապագան դասաւորվի ու կարողանաք կենտրոնանալ միայն ձեր ֆուտբոլի վրայ։

- Անկեղծ ասած, ես երբեք չեմ անհանգստացել դրա պատճառով։ Միշտ մտածել եմ լաւ խաղալ ու օգնել թիմին, իսկ յետոյ՝ մրցաշրջանի վերջում, տեսնել արդեօք կարո՞ղ ենք համաձայնութեան գալ իմ, «Ռոմա»-ի ու «Արսենալ»-ի միջեւ, որպէսզի մշտական հիմունքներով մնամ այստեղ։

Շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, շատ ուրախ եմ, որ «Ռոմա»-ի հետ մշտական պայմանագիր եմ կնքել։ Կարծում եմ՝ լաւ որոշում եմ կայացրել, ճիշտ որոշում ինձ ու կարիերայիս համար, անհամբեր սպասում եմ այստեղ եւս մէկ մրցաշրջան անցկացնելուն։

 

- Հիմա դուք թիմի մշտական անդամ էք. դա ինչ-որ ձեւով փոխո՞ւմ է ձեր մտածելակերպը, կամ հանդերձարանում վարւելակերպը։

- Երբեք։ Դա ոչինչ չի փոխում։ Ես նոյն տղան եմ։ Ես նոյն խաղացողն եմ, նոյն ամբիցիաներն ունեմ. ոչինչ չի փոխւել։ Ինձ համար տարբերութիւն չկայ ես վարձավճարով եմ, թէ մշտական պայմանագիր եմ կնքել. միշտ քրտնաջան աշխատում եմ, ինձ միշտ առաջ եմ մղում՝ մարզումների ու խաղերի ժամանակ ինձ լաւագոյնս դրսեւորելու։

Միայն կարող եմ ասել, որ ամէն ինչ տալու եմ ակումբի համար ու առաւելագոյնն եմ անելու խաղերի ժամանակ, որպէսզի յաջողութեան հասնեմ թիմի հետ։

 

- Այս տարի սովորականից տարբերւող նախամրցաշրջան էր։ Ինչպէ՞ս էիք լիցքաթափւում կարճ դադարի ընթացքում, ու տարբերւող ինչ-որ բան անո՞ւմ էիք, որ վերադառնալիս լաւ մարզավիճակում լինէիք։

- Նախեւառաջ, այս արձակուրդը, որ մեզ տրւեց մի քիչ այլ ժամանակում էր, որովհետեւ առաջ մենք միշտ տարւայ այլ ժամանակահատւածում էինք արձակուրդ ունենում։ Արձակուրդները միշտ լինում էին մայիսի վերջին եւ յունիսին, իսկ յետոյ՝ յուլիսին, սկսում էինք նախապատրաստութիւնը։ Այս մրցաշրջանը բաւականին ուրիշ էր. կարծում եմ՝ մենք դեռ դադարի մէջ էինք, բայց ոչ այնքան՝ որքան նախկինում։

Բայց մտովի ու ֆիզիկապէս լաւ է մի փոքր դադար ունենալը, իսկ յետոյ թարմ վերադառնալը։ Նախամրցաշրջանի համար չենք կարող որեւէ տեղ գնալ, բայց վստահ եմ, որ այստեղ լինելով՝ կարող ենք էլ աւելի քրտնաջան աշխատել ու կենտրոնանալ մարզման վրայ։

 

- Նախորդ տարի թիմին միացաք, երբ մրցաշրջանն արդէն ընթացքի մէջ էր, իսկ այս մրցաշրջանում թիմի հետ մասնակցելու էք պատրաստութեանը։ Խաղացողի համար այդ կայունութիւնը իսկապէս օգտակա՞ր է։

- Դէ, նախորդ մրցաշրջանից շատ բաց չէի թողել, կարծում եմ՝ երկու խաղի էի բացակայել՝ «Ջենոա»-ի ու «Լացիօ»-ի դէմ։ Այս տարի, իհարկէ, կարծում եմ՝ առաջին խաղից հասանելի կը լինեմ։

Ամենակարեւորն այն է, որ ուզում եմ լաւ մարզավիճակում լինել եւ ուզում եմ օգնել թիմին խաղալով, հնարաւորինս շատ գոլեր խփելով ու փոխանցումներ կատարելով։ Որովհետեւ ինձ ուրախացնում է թիմին յաղթելիս տեսնելն ու այն, որ ես իմ մասն ունեմ այդ յաղթանակի գործում։

 

- Անհատական մակարդակում նախորդ մրցաշրջանը բաւականին լաւ աւարտեցիք՝ շատ գոլերի մէջ ձեր ներդրումն ունենալով։ Վստա՞հ էք, որ այս մրցաշրջանն էլ կարող էք նոյն հունով անցկացնել։

- Երանի այդքան հեշտ լինէր։ Բայց ամէն ինչ կարող է փոխւել։ Միակ բանը, որ կարող ենք անել շարունակել քրտնաջան աշխատելն ու տեսնելն է՝ արդեօք կարող ենք պարգեւի արժանանալ դրա դիմաց։

Ես ֆուտբոլ եմ խաղում գոլեր խփելու ու փոխանցումներ անելու համար, բայց, իհարկէ, միշտ գլխաւորը դա անելը չէ, որովհետեւ որոշ խաղերում կարող ես հիանալի ելոյթ ունենալ առանց գոլ խփելու կամ փոխանցում անելու, եւ կարող ես քո ներդրումն ունենալ թիմի յաղթանակում։ Այնպէս որ, կարծում եմ, որ աւելի կարեւոր է շարունակել դաշտում քրտնաջան աշխատելն ու թիմին յաղթել օգնելը, քան գոլ խփելու ու փոխանցում անելու մասին մտածելը։

Բայց ես շարունակելու եմ ինձ առաջ մղել, առաւելագոյնն անել նախորդ տարւայ վիճակագրութիւնս գերազանցելու ու միւս մրցաշրջանում աւելի լաւ վիճակագրութիւն գրանցելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։