Հա

Մարզական

07/09/2020 - 13:30

Ձախողած խաղակէսի գինը. Խոակին Կապարոսի չստացւած նորամուտը

Իսպանացի անւանի մասնագէտ Խոակին Կապարոսի նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականում ստացւեց անյաջող: Ինչո՞ւ հէնց դա առանձնացնել Հիւսիսային Մակեդոնիայի հաւաքականի դէմ խաղից յետոյ, որովհետեւ սա այն պարտութիւններից էր, որում մարզչական մտայղացումները պարզապէս չաշխատեցին:

«alikonline.ir» - Իսպանացի անւանի մասնագէտ Խոակին Կապարոսի նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականում ստացւեց անյաջող: Ինչո՞ւ հէնց դա առանձնացնել Հիւսիսային Մակեդոնիայի հաւաքականի դէմ խաղից յետոյ, որովհետեւ սա այն պարտութիւններից էր, որում մարզչական մտայղացումները պարզապէս չաշխատեցին: Գրում է News.am-ը:

Երբ նոր մարզիչը հաւաքականում աշխատանքը սկսում է մեծ փոփոխութիւններով ու երկար սպասւած սերնդափոխութեան գործընթացից, դա, իհարկէ, խօսում է նրա չվախեցող տեսակի ու վճռական տրամադրւածութեան մասին: Փորձենք հասկանալ, թէ նորամուտի խաղում ինչը ճիշտ չարեց Խոակին Կապարոսը:

Սկոպիէում Հայաստանի հաւաքականը ձախողեց առաջին խաղակէսը, իսկ այդպիսի խաղերում մէկ այդպիսի խաղակէսը շատ յաճախ ճակատագրական է լինում: Մի կողմ թողնենք Վարազդատ Յարոյեանի ու Յովհաննէս Համբարձումեանի բերած 11 մետրանոցները, թէեւ հէնց այսպիսի խաղերում թիմի ամենափորձառու խաղացողների կողմից նման սխալներն ամենացաւալին են:

Անկասկած, երկրորդ րոպէին նշանակւած 11 մետրանոցը եւ բաց թողած արագ գոլը շատ են բարդացնում արտագնայ խաղ անցկացնող թիմի գործերը, իսկ խաղակէսի վերջնամասում եւս մէկ չհարկադրւած խախտման պատճառով նշանակւած 11 մետրանոցն ընդհանրապէս խառնում է բոլոր խաղաքարտերը, բայց, իրականում, Հայաստանի հաւաքականի խնդիրները ակնառու էին այլ դիտակէտից:

Առաջին խաղակէսում ամենանկատելին այն էր, որ Հայաստանի հաւաքականի առջեւի գծում խիստ զգացւում էր ներդաշնակութեան պակասը: Կարծես թիմի յարձակողական ներուժը կազմել էին խաղացողներ, որոնք ընդհանրապէս չեն ճանաչում իրար:

Միակ յարձակւող Ալեքսանդր Կարապետեանին թիկունքից պէտք է օգնէին հաւաքականում նորամուտը նշող Խորէն Բայրամեանը, Արշակ Կորեանը եւ թիմի հնաբնակներից Կամօ Յովհաննիսեանը:

Միշտ քննարկւող տարբերակ է, որ հայկական ֆուտբոլի ամենաարագ ներկայացուցիչը կարող է մրցակիցների համար շատ վտանգաւոր լինել հենց վինգերի դիրքում, սակայն այնպիսի տպաւորութիւն էր, որ Կամօ Յովհաննիսեանն իր դիրքում չի խաղում: Հաւաքականում նա լաւագոյն հանդիպումներն անցկացրել է հէնց եզրային պաշտպանի դիրքում: Նոր խաղային դիրքն ու նոր գործընկերների հետ համագործակցութիւնը պարզապէս չստացւեց մի խաղացողի մօտ, որը կարող է շատ օգտակար լինել թիմին:

Ստացւում էր, որ առջեւի գծում, որտեղ պէտք է ստեղծագործել ու վտանգ ստեղծել, հայ ֆուտբոլիստները դրա փոխարէն դեռ ծանօթանում էին իրար: Խոակին Կապարոսը, բնականաբար, տեսաւ դա, ինչին արձագանքեց ընդմիջմանը՝ կատարելով միանգամից 2 փոփոխութիւն:

Խաղադաշտ դուրս եկան հաւաքականում վաղուց իրենց տեղն ունեցող Տիգրան Բարսեղեանն ու Էդգար Բաբայեանը, որոնք երկրորդ խաղակէսում նկատելիօրէն ակտիւացրին Հայաստանի հաւաքականի խաղն առջեւի գծում: Յատկապէս տարօրինակ էր մակեդոնական ֆուտբոլին շատ լաւ ծանօթ Տիգրան Բարսեղեանի՝ մեկնարկային կազմում չյայտնւելը: Երկրորդ խաղակէսում Բարսեղեանը լաւագոյններից մէկն էր խաղադաշտում եւ պատահական չէ, որ ճանաչւեց հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ:

Առջեւի գծում Հայաստանի հաւաքականի խաղը, միանշանակ, այն չէր, ինչ կարող էր լինել: Հենրիխ Մխիթարեանի բացակայութեան եւ այսպիսի խաղերում նրա ներկայութեան կարեւորութեան մասին «ծեծւած» թեմային անդրադառնալ, երեւի, պէտք չէ, քանի որ հաւաքականն այս հաւաքը սկսել էր առանց թիմի առաջատարի եւ ունէր ժամանակ այդ բացը լրացնելու եւ լուծումներ գտնելու համար:

Հաւաքականներում աշխատանքը նոր սկսող մարզիչների դէպքում յաճախ է լինում, երբ բախւում են այսպիսի խնդրի: Իհարկէ, Կապարոսը բոլորից լաւ է ծանօթ, թէ հաւաքականին միացած ֆուտբոլիստներն ինչ վիճակում են: Դժւար է կասկածել, որ նա մեկնարկային կազմում չէր ընդգրկել այդ պահին լաւագոյն մարզավիճակում գտնւող խաղացողներին, սակայն նա այս խաղում չկարողացաւ ապահովել նորեկների սահուն ընդգրկումը նոր միջավայրին:

Օրինակ՝ պաշտպանութիւնում միակ նորեկը Սերոբ Գրիգորեանն էր, որը խաղում էր թիմի հնաբնակների կողքին, թէեւ ընդմիջմանը նա փոխարինցւեց եւ ձախ պաշտպանի դիրքը զիջեց Կամօ Յովհաննիսեանին: Իսկ առջեւի գծում նորարարութիւնները չափազանց շատ էին սկզբի համար:

Մի պահ հանգիստ թողնենք առջեւի գծի խնդիրները, որոնք վերջին տարիներին շատ տեսանելի են, եւ նահանջենք մի փոքր հետ: Յենակէտային դիրքում խնդիրներին եւս չանդրադառնալ հնարաւոր չէ: Վբէյմար Անգուլօ - Արտակ Գրիգորեան նոր զոյգը եւս ունէր խաղակցվածութեան մեծ խնդիր: Երբեմն անհասկանալի էր, թէ նրանցից ով ինչով է զբաղւած խաղադաշտում: Պաշտպանութիւնում մեծ ուժեր կենտրոնացրած մրցակցի դէմ խաղում այս 2 խաղացողների դերը չափազանց մեծ էր՝ դիրքային ու այլ գրոհներ սկսելու, ինչպէս նաեւ առջեւի գծի խաղացողների խաղակցւածութեան խնդիրը մեղմացնելու գործում: Այդպիսի խաղում նրանց կողմից աւելի համարձակ գործողութիւնների անհրաժեշտութիւնը շատ էր:

Կոլումբացի Վբէյմար Անգուլոյի եւ նիգերիացի Սոլոմոն Ուդոյի՝ Հայաստանի հաւաքական հրաւիրւելը գուցէ դժգոհութիւնների առիթ տւեց, սակայն դա պատահական չէր: Հաւաքականին միացել են 2 օտարազգի կենտրոնական կիսապաշտպաններ, ինչն ընդգծում է այդ կենսական նշանակութիւն ունեցող խաղային դիրքի խնդիրները: Մի բան պարզ է, որ այդ դիրքը շատ է տանջելու աշխարհի առաջնութեան ուղեգիր նւաճելու նպատակ ունեցող հաւաքականի նոր գլխաւոր մարզիչին:

Հանդիպումից յետոյ շատերին հետաքրքրեց այն փաստը, թէ ինչու է մարզիչը ձախողած հանդիպումից յետոյ շնորհակալութիւն յայտնում իր ֆուտբոլիստներին: Փորձառու ու բարձր պրոֆեսիոնալիզմի կասկածներ չտւող մարզիչը գուցէ գիտակցում է, որ մի փոքր շտապեց, բայց այս փորձը եւս կարող է օգտակար լինել ապագայի համար:

Մեծ հաշւով, Ազգերի լիգայի այս մրցաշարից Հայաստանի հաւաքականը մեծ ակնկալիքներ չունի (քանի որ Ազգերի լիգայի այս մրցաշարում վիճարկւում են աշխարհի առաջնութեան ընդամենը 2 ուղեգրեր), եւ սա իրական նախապատրաստական փուլ է 2022 թ. աշխարհի առաջնութեան ընտրական փուլի համար: «Մունդիալ», որին մասնակցելու ծրագրեր ունի հաւաքականի նորանշանակ գլխաւոր մարզիչը: Չնայած ձախողած մեկնարկին, Խոակին Կապարոսն այն մարզիչն է, որին չվստահելու պատճառներ դեռ չկան, պարզապէս պէտք է ժամանակ տալ նրան եւ սպասել յաջողութիւնների:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հաւաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում կընդունի Էստոնիային, որին երբեք չի յաղթել: Խաղ, որին պէտք է մօտենալ թոյլ տւած սխալները վերլուծած ու մրցակցին թելադրել մեր ֆուտբոլը:

 

Դաւիթ Եղիազարեան

Ֆոտօ՝ ՀՖՖ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։