Հա

Մարզական

08/09/2020 - 12:00

Կապարոս. «Մենք լի ենք խանդավառութեամբ»

Վագէն Սարգսեանի անւան Հարապետական մարզադաշտի ասուլիսների սրահում երէկ կայացաւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպմանն ընդառաջ:

«alikonline.ir» - Վագէն Սարգսեանի անւան Հարապետական մարզադաշտի ասուլիսների սրահում երէկ կայացաւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպմանն ընդառաջ: Տեղեկացնում է ArmSport.am-ը:

«Իհարկէ դիտել եմ Էստոնիա-Վրաստան խաղը: Մեր խմբում հաւասար հնարաւորութեամբ թիմեր են, եւ մեծ դեր կարող է խաղալ նաեւ մարզական բախտը, ինչպէս նաեւ ցանկացած անյաջող գործողութիւն կարող է վճռորոշ լինել ընդհանուր արդիւնքի համար: Ես հպարտ եմ այս մէկ շաբաթում Հայաստանի հաւաքականի հետ տարած աշխատանքով, քանի որ տեսայ, որ ֆուտբոլիստները մեծ աշխատասիրութիւն են դրսեւորում եւ պատրաստ են պաշտպանել իրենց երկրի գոյները»,- ասաց Կապարոսը:

 

Կորոնավիրուսով պայմանաւորւած դադարի ազդեցութեան մասին

- Իհարկէ մեծ ազդեցութիւն է թողել, բայց դա վերաբերւում է բոլոր հաւաքականներին: ՀՖՖ-ն արել է ամէն բան, որ ֆուտբոլիստները կարողանան գալ ու խաղալ հաւաքականի համար: Իհարկէ մեծ նշանակութիւն ունի նաեւ այն, որ հանդիպումներն անցնում են առանց երկրպագուների:

 

Էստոնիայի հետ կայանալիք խաղի մասին

- Երկու թիմերն էլ նմանատիպ տակտիկական սխեմա են օգտոգարծում: Բնականաբար երկու թիմերն էլ կը փորձեն ստեղծել գոլային պահեր: Նաեւ շատ կարեւոր է, որ յուսալի խաղ ցուցադրենք պաշտպանութիւնում: Բնականաբար կը փորձենք խաղալ յարձակւողական ֆուտբոլ, սակայն չմոռանանք, որ գոյութիւն ունի մրցակից, որը փորձելու է խանգարել մեզ: Մենք խանդավառութեամբ լի ենք եւ խաղալու ենք նւիրումով: Պէտք է յստակ հասկանալ թէ ինչ է պէտք անել, երբ գնդակը քեզ մօտ է, եւ ինչ անել՝ երբ դու առանց գնդակի ես: Առջեւում 24 ժամ ունենք եւ դեռ կը մտածենք, թէ ովքեր են լինելու մեկնարկային կազմում:

 

Հիւսիսային Մակեդոնիայի հետ խաղի մասին

- Բնականաբար հեշտ չէ, երբ 4-րդ րոպէին գոլ ես բաց թողնում, իսկ րոպէներ անց եւս մէկը: Ամէն դէպքում, թիմը պայքարեց: Իհարկէ մեծ ազդեցութիւն ունեցաւ նաեւ շոգ եղանակը: Բնականաբար, եթէ քեզ յաղթել են, նշանակում է քեզ գերազանցել են: Մենք պէտք է կարողանանք հնարաւորինս խորը վերլուծել եւ ճիշտ հետեւութիւններ անել:

 

Հայաստանի հաւաքականում իր գործունէութեան մասին

- Ես շատ ուրախ եմ եւ երջանիկ, որ գլխաւորել եմ Հայաստանի հաւաքականը: Մենք իհարկէ նոր ֆուտբոլիստներ պէտք է հրաւիրենք եւ սերնդափոխութեան գնանք: Նորեկները շատ են եւ ես կը փորձեմ անել ամէն ինչ, որպէսզի ամէն ինչ լաւ ընթանայ:

 

Հենրիխ Մխիթարեանի բացակայութեան պատճառների մասին.

- Դատելով իմ զրոյցից նրա հետ, կարող եմ ասել որ որեւէ կոնֆլիկտ գոյութիւն չունի՝ կապւած ՀՖՖ-ի հետ: Մխիթարեանն արդէն պատրաստ է յաջորդ ամիս միանալ հաւաքականին:

 

Վահան Բիչախչեանի մասին

- Նա ինձ հաճելիօրէն զարմացրեց իր որակներով եւ պրոֆեսիոնալիզմով: Նա հիանալի ֆուտբոլիստ է եւ մեծ ապագայ ունի, ինչը նրան ասել եմ: Կարծում եմ շատ արագ նա կը սկսի մեծ դեր ունենալ Հայաստանի հաւաքականում:

 

Նորբերտո Բրիասկօ Բալեկեանի մասին

- Բրիասկոն կարեւոր ֆուտբոլիստ է հաւաքականի համար, բայց բանն այն է, որ արգենտինայում լրիւ այլ վիճակ է կապւած կորոնավիրուսի հետ եւ Նորբերտոն երկար ժամանակ է մարզումներ չէր անցակցրել: Դեռ չեմ կարող ասել նա վաղը կը լինի հիմնական կազմում թէ ոչ, բայց նրան հիմա պակասում է խաղային պրակտիկան:

Յիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումը կը կայանայ այսօր՝ սեպտեմբերի 8-ին եւ կը մեկնարկի ժամը 20:00-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։