Հա

Մարզական

22/09/2020 - 08:39

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ն արգելակեց

Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում շարունակւում է խմբային փուլը:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում շարունակւում է խմբային փուլը:

Երէկ՝ սեպտեմբերի 21-ին C խմբում «Փերսփոլիս»-ը ուժերը չափեց կատարական «Ալ Դոհայլ»-ի հետ:

Սաուդական «Ալ Թաաւոն»-ի նկատմամբ տարած երկու անընդմէջ յաղթանակի շնորհիւ Իրանի գործող չեմպիոնները գլխաւորում էին մրցաշարային աղիւսակը, եւ «Ալ Դոհայլ»-ի նկատմամբ յաղթանակը նրանց կը պարգեւէր յաջորդ փուլի ուղեգիր:

Հիմնականում դիրքային եւ ուժային պայքարում անցած խաղի ելքը որոշւեց 60-րդ րոպէին, երբ հանդիպման շրիլանկացի գլխաւոր մրցավարը խիստ կասկածելի պայմաններում «Փերսփոլիս»-ի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարւած, որն էլ անվրէպ իրացրեց «Ալ Դոհայլ»-ի աւագ Ալմոէզ Ալին, ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 1:0:

Այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի «Ալ Շարջա»-ն խոշոր՝ 6:0 հաշւով պարտութեան մատնեց սաուդական «Ալ Թաաւոն»-ին:

C խմբում 5 խաղից յետոյ մրցաշարային աղիւսակը վաստակած 9 միաւորով գլխաւորում է «Ալ Դոհայլ»-ը: «Ալ Շարջա»-ն ու «Փերսփոլիս»-ը 7-ական միաւորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Ալ Թաաւոն»-ը 6 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Այսպիսով, յաջորդ փուլ դուրս գալու համար «Ալ Շարջա»-ի դէմ վերջին խաղում «Փերսփոլիս»-ին անհրաժեշտ է միայն յաղթանակ:

D խմբում «Սեփահան»-ը ոչ ոքի՝ 0:0 խաղաց ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ի հետ, իսկ կատարական «Ալ Սաադ»-ն էլ ոչ ոքի՝ 1:1 խաղաց սաուդական «Ալ Նասր»-ի հետ:

Այսպիսով, 5 տուրից յետոյ «Սեփահան»-ը 4 միաւորով հանգրւանեց մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում, կորցնելով յաջորդ փուլ դուրս գալու հնարաւորութիւնը:

Այս խմբի առաջատարը «Ալ Նասր»-ն է, որը վաստակել է 11 միաւոր, իսկ երկրորդը «Ալ Սաադ»-ն է, որն ունի 9 միաւոր: Հէնց այս երկու խմբերն էլ նւաճել են յաջորդ փուլի ուղեգիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։