Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում շարունակւում է խմբային փուլը:
«alikonline.ir»- Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտում շարունակւում է խմբային փուլը:
Երէկ՝ սեպտեմբերի 21-ին A խմբում «Էսթեղլալ»-ը ուժերը չափեց սաուդական «Ալ Ահլի»-ի հետ:
Այս հանդիպումը որեւէ նշանակութիւն չունէր «Ալ Ահլի»-ի համար, որն արդէն լուծել էր փլէյ-օֆֆ դուրս գալու խնդիրը, եւ խաղադաշտ էր դուրս եկել իր 2-րդ կազմով: Փոխարէնը, յաջորդ փուլ դուրս գալու համար «Էսթեղլալ»-ին անհրաժեշտ էր միայն յաղթանակ:
Հանդիպման ողջ ընթացքում «Էսթեղլալ»-ը մրցակցի նկատմամբ ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն: Մեհդի Ղաէդիի (29-րդ րոպէ), Ալի Քարիմիի (38-րդ րոպէ), եւ Շէյխ Դիաբաթէի (54-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ «Էսթեղլալ»-ը յաղթեց 3:0 հաշւով՝ նւաճելով փլէյ-օֆֆ-ի ուղեգիր:
Օրւայ գլխաւոր իրադարձութիւնները սակայն, զարգացան B խմբում, ուր ԱՉԼ-ի գործող չեմպիոնը՝ սաուդական «Ալ Հիլալ»-ը, որը գործնականում ապահովել էր յաջորդ փուլի ուղեգիր, կորոնավիրուսի վարակի պատճառով չկարողացաւ լրացնել ԱՄԷ-ի «Շաբաբ ալ Ահլի»-ի հետ հանդիպման համար անհրաժեշտ յայտացուցակը, եւ AFC-ի որոշումով դուրս մնաց յետագայ պայքարից:
Նշենք, որ իւրաքանչիւր հանդիպման համար, թիմերը պարտաւոր են ներկայացնել առնւազն մէկ դարպասապահի եւ 13 ֆուտբոլիստի, ինչը չյաջողւեց «Ալ Հիլալ»-ին, եւ կանոնակարգի համաձայան՝ AFC-ի որոշում ընդունեց այս թիմին դուրս թողնել յետագայ պայքարից: Սաուդական թիմի կազմում 16 ֆուտբոլիստ վարակւած են կորոնավիրուսով:
Այս խմբի միւս խաղում «Շահրէ Խոդրօ»-ն հերթական պարտութիւնը կրեց, այս անգամ ուզբեկական «Պախտակոր»-ի հետ խաղում: Հանդիպման միակ գնդակը 65-րդ րոպէին խփեց «Պախտակոր»-ի կիսապաշտպան Ջալալօլդին Մաշարիպովը:
Այս խմբից յաջորդ փուլ դուրս եկան «Պախտակոր»-ն ու «Շաբաբ ալ Ահլի»-ն: