Հարաւկորէական «Ուլսան Հիունդայ»-ը նւաճեց Ասիային Չեմպիոնների լիգայի գաւաթը:
«alikonline.ir» - Հարաւկորէական «Ուլսան Հիունդայ»-ը նւաճեց Ասիային Չեմպիոնների լիգայի գաւաթը:
Երէկ՝ երեկոյեան Դուհայի «Ալ Ջոնուբ» ստադիոնում տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան իրանական «Փերսփոլիս»-ն ու հարաւկորէական «Ուլսան Հիունդայ»-ը:
Հանդիպման սկզբնամասում կորէական ակումբն ունէր խաղային եւ տարածքայի որոշակի առաւելութիւն: Սակայն, «Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստներին աստիճանաբար յաջողւեց շտկել իրավիճակն ու առաջին խաղակէսի վերջնամասում տիրել նախաձեռնութեանը:
45-րդ րոպէին օգտւելով «Ուլսան Հիունդայ»-ի պաշտպանների կոպիտ սխալից, Մեհդի Աբդին խլեց գնդակը եւ դիպուկ հարւածով բացեց հանդիպման հաշիւը: Թւում էր, թէ առաջին խաղակէսը կաւարտւի «Փերսփոլիս»-ի յաղթանակով, բայց 45+4-րդ րոպէին Ահմադ Նուրօլլահին սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները եւ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարւած: «Փերսփոլիս»-ի դարպասպահ Համէդ Լաքին յաջողւեց յետ մղել Ջունիոր Նեգրաոյի հարւածը, սակայն նոյն Նեգրաոյին յաջողւեց գնդակի անդրադարձի շնորհիւ գրաւել դարպասը՝ հաշւում վերականգնելով հաւասարութիւնը:
Երկրորդ խաղակէսի սկզբնամասում ճակատագրական եղաւ «Փերսփոլիս»-ի պաշտպան Մեհդի Շիրիի թոյլ տւած կոպիտ եւ աններելի սխալը: 55-րդ րոպէին նա սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, որի արդիւնքում էլ մրցավարը «Փերսփոլիս»-ի դարպասին նշանակեց երկրորդ 11 մետրանոցը, որն այս անգամ անվրէպ իրացրեց Ջունիոր Նեգրաոն:
Գոլից յետոյ «Փերսփոլիս»-ի գրոհները հանդիպեցին կորէական ակումբի յուսալի պաշտպանութեանը՝ չգտնելով դէպի մրցակցի դարպասը տանող ճանապարհը: 2:1՝ եւ «Ուլսան Հիունդայ»-ը նւաճեց չեմպիոնի կոչումը:
Յիշեցնենք, որ վերջին 3 տարում սա «Փերսփոլիս»-ի երկրորդ եզրափակիչն էր: 2018 թւականին «Փերսփոլիս»-ը եզրափակչում զիջել էր ճապոնական «Կաշիմա Անթլերս»-ին: