ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը: Խաղարկային առաջին օրում կայացաւ 2 հանդիպում:
«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչ փուլը: Խաղարկային առաջին օրում կայացաւ 2 հանդիպում:
Տուրի կենտրոնական հանդիպումն անկասկած «Բարսելոնա»-«Պարի Սէն-Ժերմէն» դիմակայութիւնն է, որի առաջին հանդիպումը կայացաւ երէկ՝ ուշ երեկոյեան «Կամպ Նոու» մարզադաշտում:
Շտապենք նշել, որ այսքան սպասւած այս դիմակայութեան առաջին ռաունդը յուսախաբ չարեց ֆուտբոլասէրներին: Հանդիպման հաշիւը 27-րդ րոպէին բացեց «Բարսելոնա»-ի աւագ Լէօ Մեսսին, որն անվրէպ իրացրեց մրցակցի դարպասին նշանակւած 11 մետրանոց հարւածը: Սա, ի դէպ, այս խաղում կատալոնական ակումբի միակ յաջողութիւնն էր:
5 րոպէ անց ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձաւ Կիլիան Մբապէն:
Երկրորդ խաղակէսն ամբողջութեամբ անցաւ ֆրանսիական ակումբի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ, ինչի արդիւնքում Մբապէն եւս երկու գոլ է խփեց 65-րդ եւ 85-րդ րոպէներին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Եւս մէկ գոլ իր հաշւին գրանցեց է Մոյզէ Քինը (70-րդ րոպէ):
Այսպիսով ՊՍԺ-ն մրցակցի դաշտում տարաւ խոշոր 1:4 հաշւով յաղթանակ՝ մեծապէս լուծելով այս դիմակայութեան վերջնարդիւնքի հարցը:
Օրւայ միւս հանդիպումը կայացաւ Բուդապեշտում: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Լիւերպուլ»-ը չէր կարող այցելել Գերմանիա: Այդ պատճառով էլ գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ը ստիպւած էր հանդիպումն անցկացնէր չէզոք դաշտում:
Հանդիպման առաջին կէսն հիմնականում անցաւ հաւասար պայքարում եւ աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Երկրոդ խաղակէսում, սակայն, զգացնել տւեց «Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստների աւելի բարձր կարգն ու փորձը, ինչի արդիւնքում էլ նրանք յաղթեցին 0:2 հաշւով:
«Մերսիսայդցիներ»-ի կազմում աչքի ընկան Մոհամմեդ Սալահն (53-րդ րոպէ) ու Սադիօ Մանէն (58-րդ րոպէ)։
Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում: Պորտուգալական «Պորտու»-ն կը հիւրընկալի իտալական «Իւվենտուս»-ին, իսկ իսպանական «Սեւիլա»-ն՝ գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին: