Հա

Մարզական

27/02/2021 - 08:15

«Կառավարութեան խոստումների իրագործմանը սպասելուց յետոյ հասկացայ, որ ստիպւած եմ հեռանալ հարազատ երկրից». Լեւոն Արոնոան

Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը Հայաստանից հեռանալու որոշում է կայացրել: Այդ մասին նա գրառում է արել ֆէյսբուքեան էջում՝ պատմելով, որ որոշումը կայացրել է աւելի քան մէկ տարի կառավարութեան խոստումների իրագործմանը սպասելուց յետոյ: 

«alikonline.ir» - Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը Հայաստանից հեռանալու որոշում է կայացրել: Այդ մասին նա գրառում է արել ֆէյսբուքեան էջում՝ պատմելով, որ որոշումը կայացրել է աւելի քան մէկ տարի կառավարութեան խոստումների իրագործմանը սպասելուց յետոյ: 

«Անցեալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դէպքում նաեւ՝ անձնական դժբախտութիւնն ու պետութեան բացարձակ անտարբերութիւնը հայկական շախմատի նկատմամբ: Ես յայտնւել էի ընտրութեան առջեւ՝ թողնել կեանքիս գործը կամ տեղափոխւել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: 

Մէկ տարուց աւելի ներկայիս կառավարութեան խոստումների իրագործմանը սպասելուց յետոյ հասկացայ, որ ստիպւած եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից: Ակնյայտ է, որ փոփոխութեան ակնկալիքի իւրաքանչիւր տարին իմ մարզական կարիերայի տեսանկիւնից վատնւած տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, յատկապէս մայրիկիս զոհաբերութիւնները՝ որպէս շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առաւելագոյնին հասնելու իմ հնարաւորութիւնը: 

Ես անկեղծօրէն հպարտանում եմ  նրանով, որ պատիւ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագոյն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւններում, աշխարհի երկու գաւաթ, մի շարք անհատական եւ թիմային յաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարաւոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տեւական ժամանակ կատարւող հսկայական աշխատանքի եւ պետութեան նպատակային օժանդակութեան: Կարեւոր է նշել, որ մեր շախմատային յաջողութիւններում էական գործօն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի անձնական ուշադրութիւնը եւ տարիներ շարունակ ցուցաբերած կարեւոր աջակցութիւնը: 

2018 թւականի յեղափոխութիւնից յետոյ նոր կառավարութիւնը խոստացաւ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակւեց ընդամենը մէկ տարի մասնակի օժանդակութեամբ, որից յետոյ դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարէզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղեակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր յաջողութիւնները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատւել՝ նոյնիսկ շանտաժի միջոցով: Նրանց յաջողւեց պառակտել տարիներով ձեւաւորւած շախմատային համերաշխ ընտանիքը եւ ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգութիւնը իրավիճակի վերաբերեալ բազմաթիւ անգամ փորձել եմ ներկայացնել կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Յարութիւնեանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպէս նաեւ ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստօրէն սահմանել էր 15 րոպէ: 

Շախմատի ոլորտում կայացւող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը  տապալւեցին: Ինձ այդպէս էլ չյաջողւեց բացատրել նոր կառավարութեանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգութիւն է, եւ որ այս ոլորտում մեր յաջողութիւնները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի յաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտութիւնն են՝ 1992-1994 թթ. Արցախեան ազատամարտում մեր յաղթանակից յետոյ:

Ես այդպէս էլ չկարողացայ նրանց փոխանցել այն պարզ ճշմարտութիւնը, որ պետական աջակցութիւն խնդրում եմ ոչ թէ անձամբ ինձ համար, այլ մեր յաջողութիւններով հայրենիքին ծառայելու եւփառք բերելու հնարաւորութեան, ինչը տասնամեակներ շարունակ Հայաստանը հնարաւոր է այլեւս չունենայ:

Պատասխանը եղաւ. «Մեր փորձագէտները գտնում են, որ Լեւոն Արոնեանը այլեւս պոտենցիալ չունի»:

Անմիջապէս այս «դատավճռից» յետոյ Ստաւանգէրի հեղինակաւոր մրցաշարին ես պարտութեան մատնեցի ե՛ւ աշխարհի չեմպիոնին,  ե՛ւ աշխարհի թիւ երկու խաղացողին: 

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդէս գալու բազմաթիւ գրաւիչ առաջարկներ եմ ստացել:  Այդ թւում, ամերիկացի մեծ բարերար եւ շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամէն տարի կրկնում էր Միացեալ Նահանագներ տեղափոխւելու իր առաջարկը:  Ես ամէն անգամ մերժումս հիմնաւորում էի  նրանով, որ այն ինչ արւում էր իմ պետութեան կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, եւ որ ոչ մի նիւթական արժէք չէր կարող համեմատւել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտութիւնս  յայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ  այսօր էլ շարունակում է հաւատալ ինձ:  Շնորհակալ եմ նաեւ  Ֆաբիանօ Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագոյն խաղացողը, աջակցում է ինձ եւ կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաեւ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս եւ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները եւ հասկանում են ինձ:

Մայրս յաճախ է կրկնում հայկական ասացւածքը. «Աստւած ամէն մարդու իր չափով է փորձութիւն տալիս»: Իմ կեանքում շատ փորձութիւններ են եղել, եւ իւրաքանչիւր նորը ես ընդունում եմ խոնարհութեամբ եւ երէկւայ համեմատ աւելի լաւը լինելու պատրաստակամութեամբ: Յուսով եմ՝ այս մէկն էլ արժանապատւօրէն կը յաղթահարեմ: 

Համոզւած եմ, որ կանցնի ժամանակ, եւ շախմատը Հայաստանում կը վերադառնայ իր կարգավիճակին: Եւ փակւող շախմատային դպրոցների եւ հեռացած նւիրեալների փոխարէն մենք կրկին կը տեսնենք յարգանք այն սպորտաձեւի նկատմամբ, որտեղ մենք՝ որպէս ազգ եւ երկիր, ունեցել ենք եւ, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ, ուզում եմ եւս մէկ անգամ հաւաստիացնել, որ բոլոր թելերով կապւած եմ հայրենիքիս եւ անգամ հեռւից շարունակելու եմ հնարաւորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։