Հա

Մարզական

15/03/2021 - 08:00

«Իմ նկատմամբ վերաբերմունքը, ցաւօք, չեմ ասի, թէ նախկինը չէր, այն պարզապէս չկար». Լեւոն Արոնեան

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետութեան կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրոյցում։

«alikonline.ir» - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետութեան կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրոյցում։

«Ես պէտք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցաւօք, չեմ ասի, թէ նախկինը չէր, այն պարզապէս չկար։ Սկզբունքօրէն ինձ պետութիւնը միշտ օգնել է, իսկ եթէ չի էլ օգնել, ապա յարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ Իսկ այս դէպքում, երբ ես նախաձեռնութիւն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժէ»,- ասել է Արոնեանը։

Շախմատիստի խօսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպէս են վերաբերւել, կարծես թէ ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։

Մինչդեռ, գրոսմայստերի խօսքով՝ ինքը միայն ներկայացրել է շախմատ եւ շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցութեան:

«Հարցն, իհարկէ, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրաւիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալւում է որպէս նախկին իշխանութիւնների ֆաւորիտի խօսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամէնը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մէկի շահերը, թէպէտ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը»,- ասել է Լեւոն Արոնեանը։

Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թոյլ կը տայ իրացնել իր շախմատային ներուժը։

«Ես այն մարդն եմ, ով լիովին տրւում է շախմատին։ Իսկ եթէ ես լիովին տրւում եմ շախմատին, ապա ուզում եմ, որ ինձ գոնէ յարգանքով վերաբերւեն։ Իսկ դա հիմա չկայ»,- նշել է նա։

Միեւնոյն ժամանակ, Արոնեանն ընդգծել է, որ Հայաստանից հեռանալն իրեն մեծ ցաւ է պատճառում, քանի որ «չկայ աւելի մեծ հաճոյք, քան ապրել հայրենի երկրում եւ խօսել մայրենի լեզւով»:

Յիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հաւաքականի առաջատար, Հայաստանի հաւաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն Արոնեանն աւելի վաղ յայտնել էր ԱՄՆ տեղափոխւելու որոշման մասին: Արոնեանն իր որոշումը հիմնաւորել էր «շախմատի ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» եւ այն հանգամանքով, որ պետութիւնը դադարել է աջակցել շախմատիստներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։