Լեւոն Արոնեանը 8-րդ տեղը գրաւեց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի նախնական փուլում եւ նւաճեց փլէյ-օֆֆի ուղեգիր:
«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը 8-րդ տեղը գրաւեց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի նախնական փուլում եւ նւաճեց փլէյ-օֆֆի ուղեգիր: Տեղեկացնում է News.am-ը:
Վերջին խաղային օրը հայ գրոսմայստերն անցկացրեց 5 պարտիաներ, որոնցից չորսն աւարտեց ոչ ոքի ու սպիտակներով յաղթեց իսպանացի Դաւիդ Գուխարոյին: Արոնեանը 15 տուրերում վաստակեց 8 միաւոր եւ ռուս Սերգէյ Կարեակինի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը: Արոնեանը Կարեակինին գերազանցեց նրա նկատմամբ յաղթանակի շնորհիւ:
1-8-րդ տեղ գրաւած շախմատիստները նւաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մարտի 16-17-ն անցկացւելիք քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնեանի մրցակիցը կը լինի աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը, որը նախնական փուլում առաջին տեղը զբաղեցրեց 10.5 միաւորով: Հոլանդացի Անիշ Գիրին 10 միաւորով գրաւեց երկրորդ տեղը, իսկ լաւագոյն եռեակը եզրափակած ամերիկացի Ուեսլի Սոն հաւաքեց 9.5 միաւոր:
Քառորդ եզրափակիչում գրոսմայստերները կանցկացնեն 8-ական պարտիա:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։
Յիշեցնենք, որ Լեւոն Արոնեանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրօշի ներքոյ հանդէս գալուց հրաժարւելուց յետոյ: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ: