Հա

Մարզական

16/03/2021 - 11:50

Պելէի ռեկորդը գերազանցւած է․ Ռոնալդուն բացատրել է՝ ինչու է միայն հիմա համարում, որ գերազանցել է նրա ռեկորդը

«Իւվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն յայտարարել է, որ գերազանցել է Պելէին՝ դառնալով ֆուտբոլի պատմութեան լաւագոյն ռմբարկու: 

«alikonline.ir» - «Իւվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն յայտարարել է, որ գերազանցել է Պելէին՝ դառնալով ֆուտբոլի պատմութեան լաւագոյն ռմբարկու: Այս մասին գրում է Armsport.am-ը:

«Վերջին մի քանի շաբաթը ողողւած էր նորութիւններով ու վիճակագրութիւններով այն մասին, որ ես դարձել եմ ֆուտբոլի պատմութեան ամենաարդիւնաւէտ խաղացողը՝ շրջանցելով Պելէի 757 պաշտօնական գոլերի ռեկորդը։ Չնայած շնորհակալ եմ ճանաչման համար՝ հիմա ժամանակն է, որ բացատրեմ, թէ ինչու չէի ընդունում այդ ռեկորդը մինչեւ այս պահը։ Իմ յաւերժական եւ անվերապահ հիացմունքը պարոն Էդսոն Արանտես դօ Նասիմենտոյի (Պելէ) հանդէպ, ինչպէս նաեւ իմ յարգանքը 20-րդ դարի կէսերի ֆուտբոլի նկատմամբ, ստիպում են ինձ հաշւի առնել, որ նա խփել է 767 գնդակ՝ նրա 9 գոլերը Սան Պաուլոյի պետական ​​թիմում, ինչպէս նաեւ այն մէկ գոլը, որ նա խփել է Բրազիլիայի ռազմական թիմի կազմում՝ ընդունելով որպէս պաշտօնական գոլեր։ Այդ ժամանակւանից ի վեր աշխարհը շատ է փոխւել, ինչպէս նաեւ փոխւել է ֆուտբոլը, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք պարզապէս ջնջել պատմութիւնը ՝ ըստ մեր շահերի:

Այսօր, երբ ես իմ պրոֆեսիոնալ կարիերայում հասայ 770-րդ պաշտօնական գոլի նշակէտին, իմ առաջին խօսքերն ուզում եմ ուղղել Պելէին։ Աշխարհում չկայ մի խաղացող, որը դաստիարակւած չլինի՝ լսելով նրա խաղերի, նրա գոլերի ու նւաճումների մասին պատմութիւնները, ու ես բացառութիւն չեմ: Եւ այդ պատճառով ես լի եմ ուրախութեամբ ու հպարտութեամբ, երբ ընդունում եմ այն ​​գոլը, որն ինձ դասում է Աշխարհի լաւագոյն ռմբարկուների ցուցակի առաջին տեղում՝ շրջանցելով Պելէի ռեկորդը. մի բան, որի մասին ես երբեք չէի կարող երազել՝ որպէս Մադէյրայում մեծացած երեխայ։

Շնորհակալութիւն բոլորին, ովքեր ինձ հետ մասնակցել են այս ապշեցուցիչ ուղեւորութեանը. իմ թիմակիցներին, իմ մրցակիցներին, ամբողջ աշխարհում այս գեղեցիկ խաղի երկրպագուներին, եւ ամենից առաջ, իմ ընտանիքին եւ մտերիմ ընկերներին. վստահէ՛ք ինձ, երբ ասում եմ, որ առանց ձեզ չէի կարող սա անել։

Հիմա անհամբերութեամբ եմ սպասում յաջորդ խաղերին ու յաջորդ մարտահրաւէրներին։ Յաջորդ ռեկորդներին ու տիտղոսներին։ Հաւատացէ՛ք, այս պատմութիւնը դեռ հեռու է աւարտւելուց: Ապագան վաղն է, եւ դեռ շատ բան կայ յաղթելու «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի համար:

Միացէք ինձ այս ուղեւորութեանը: Գնացի՛նք»,- գրել է Ռոնալդուն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։