ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլում, երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ եւս 2 հանդիպում:
«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլում, երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ եւս 2 հանդիպում:
Կենտրոնականն անշուշտ «Բայերն Միւնխէն»-«Պարի Սէն-Ժերմէն» դիմակայութիւնն էր, որը նախորդ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման կրկնութիւնն էր:
Միանգամից նշենք, որ չափազանց դիտարժան եւ լարւած այս հանդիպումը միանշանակ կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Կիլիան Մբապէի միւնխէնեան բենեֆիսը:
Հանդիպման հէնց մեկնարկին՝ 3-րդ րոպէին, Մբապէ հարւածից յետոյ, Մանուէլ Նոյէրը երեւի, թէ թոյլ տւեց իր կարիերայի կոպտագոյն սխալը: Նա ձեռքից բաց թողեց գնդակը, որն էլ յայտնւեց «Բայերն»-ի դարպասում:
Գոլից յետոյ նախաձեռնութիւնն ամբողջովին անցաւ միւնխէնեան ակումբի կողմը, որի ֆուտբոլիստները բառի բուն իմաստով պաշարել էին փարիզեան ակումբի դարպասը: «Բայերն»-ի ֆուտբոլիստների մօտ, սակայն, չէր ստացւում վերջին հարւածը: Զագացնել էր տալիս նրանց գլխաւոր ռմբարկոյի՝ Ռոբերտ Լեւանդովսկու, ինչպէս նաեւ հարւածային գծի առանցքային ֆուտբոլիստներից՝ Սերժ Գնարբիի բացակայութիւնը:
Փոխարէնը, ՊՍԺ-ի ֆուտբոլիստները 100 տոկոսվ էին իրացնում իրենց հնարաւորութիւնները: 28-րդ րոպէին ֆրանսիական ակումբի երկրորդ գրոհը նոյնպէս պսակւեց յաջողութեամբ: Նէյմարի ֆանտաստիկ փոխանցումից յետոյ, Մարկինեոսը կրկնապատկեց իր թիմի առաւելութիւնը:
Առաջին խաղակէսի աւարտից առաջ, 37-րդ րոպէին, Էրիկ Մաքսիմ Չուպօ-Մոտինգին յաջողւեց կրճատել հաշւում տարբերութիւնը:
Երկրոդ խաղակէսի հէնց սկզբից «Բայերն»-ի ֆուտբոլիստները տիրելով նախաձեռնութեանը, անցան բուռն գրոհների: 60-րդ րոպէին Թոմաս Միւլլէրը գլխի գեղեցիկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:
Այն պահին, երբ թւում էր, թէ բաւարական ակումբի ֆուտբոլիստներին կը յաջողւի զարգացնել առաւելութիւնը եւ դառնալ ֆանտաստիկ Come Back-ի հեղինակ, Մբապէն կրկին ի ցոյց դրեց իր բացառիկ որակները: 68-րդ րոպէին նա հնարամիտ հարւածով արդիւնաւորեց ՊՍԺ-ի երրորդ գրոհը՝ առաջ մղելով իր թիմին: Եւ չնայած «Բայերն»-ի ճնշումներին, խաղում այլեւս գոլեր չգրանցւեցին; 2:3՝ եւ փարիզեան խաղից առաջ ՊՍԺ-ն առաւելութիւն ստացաւ:
Օրւայ միւս խաղում «Չելսի»-ն հիւրընկալւելիս առաւելութեան հասաւ «Պորտու»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիւը խաղի 32-րդ րոպէին բացեց Մէյսոն Մաունտը։ 85-րդ րոպէին Բենջամին Չիլւէլը խփեց երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 0:2: