Հա

Մարզական

11/04/2021 - 11:40

Եւրոպայի չեմպիոն Սամուէլ Գասպարեան. «Յաղթանակս Արցախեան պատերազմում զոհւած մեր հերոսներինն է»

Յաղթանակս մեր հերոսներինն է, բոլոր մեր եղբայրներինը, որոնք իրենց կեանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրւայ մրցահարթակի պայքարն աւելի պարտաւորեցնող էր, որովհետեւ անպայման պէտք է յաղթէինք ու ապացուցէինք՝ մենք ուժեղ ազգ ենք:

«alikonline.ir» - Յաղթանակս մեր հերոսներինն է, բոլոր մեր եղբայրներինը, որոնք իրենց կեանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրւայ մրցահարթակի պայքարն աւելի պարտաւորեցնող էր, որովհետեւ անպայման պէտք է յաղթէինք ու ապացուցէինք՝ մենք ուժեղ ազգ ենք:

Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Մոսկւայից ասաց ծանրամարտի Եւրոպայի նորընծայ չեմպիոն Սամուէլ Գասպարեանը:

Մոսկւայում աւարտին մօտեցող ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սամուէլ Գասպարեանը երկամարտի 390 կգ արդիւնքով նւաճեց չեմպիոնի կոչումը: Փոխչեմպիոն դարձաւ Արսէն Մարտիրոսեանը՝ 380 կգ, երրորդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին էր երկամարտի 379 կգ արդիւնքով:

Տպաւորիչ ստացւեց այս քաշային կարգի պարգեւատրման արարողութիւնը եւ դրօշների դասաւորութիւնը, որը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցցանցերի հայկական տիրոյթում: Սամուէլ Գասպարեանի ու Արսէն Մարտիրոսեանի գլխաւորութեամբ Հայաստանի երկու դրօշները ծածանւեցին Ադրբեջանի դրօշից բարձր:

 

Սամուէլ, շնորհաւորում եմ Եւրոպայի չեմպիոնի կոչումը նւաճելու կապակցութեամբ: Սպասւա՞ծ էր:

- Շնորհակալ եմ: Այո, այս յաղթանակը սպասւած էր: Մեծահասակների մակարդակում սա իմ առաջին ոսկէ մեդալն էր: Վստահ էի, որ կարողանալու եմ Եւրոպայի այս առաջնութիւնում ոսկէ մեդալ նւաճել: Շատ լաւ էի պատրաստւել, երկու տարի այս օրւայ համար էի պատրաստւել, հոգեբանօրէն նոյնպէս պատրաստ էի ամենաբարձր կիլոգրամները բարձրացնելուն: Այն, որ այսօր ինձ հետ միասին պատւոյ հարթակին կանգնեց նաեւ Արսէն Մարտիրոսեանը, յաղթանակից վեր էր: Ոչինչ չէր կարող խանգարել, որ մենք ցոյց տայինք հայի ուժը մրցահարթակում:

 

Պոկում վարժութեան երրորդ մօտեցումը չստացւեց, ի՞նչը խանգարեց:

- Չգիտեմ, չստացւեց, բայց գիտէի, որ հրում վարժութիւնում գերազանցելու եմ բոլորին: Հրում վարժութեան երրորդ մօտեցմանը չմօտեցայ, որովհետեւ այլեւս կարիք չկար: Մարզիչների հետ որոշեցինք, որ արդէն յաջորդ բարձր քաշը թողնենք աշխարհի առաջնութեան համար եւ բաւարարւենք 214 կգ-ով:

 

Բաթումիում քեզ ի՞նչն էր պակասում այս արդիւնքն ունենալու համար:

- Բաթումիի Եւրոպայի առաջնութիւնում ժամանակս էր քիչ լիարժէք այսպէս պատրաստւելու համար: Վիրահատութիւնից յետոյ չէի հասցրել կատարեալ մարզավիճակ ձեռք բերել: Բացի այդ, Բաթումիում հոգեբանօրէն պատրաստ չէի լինել չեմպիոնութեան համար պայքարում, լարւածութիւնը խանգարեց ինձ այնտեղ: Օրինակ՝ յիշում եմ, որ Բաթումիի նախապատրաստական փուլում ամէն օր ինքս ինձ ու մարզիչներին համոզում էի, որ ամէն ինչ լաւ է: Բայց փաստացի ֆիզիկապէս պատրաստ չէի այնպէս, ինչպէս այսօր: Այսօր ես իւրաքանչիւր վարժութեանը մօտենում էի շատ վստահ ու գիտէի, որ իմ ուժերի սահմաններում է, եւ ես կարող եմ ու դեռ աւելին:

 

Ադրբեջանցի մրցակցին յետ թողեցիր 11 կգ-ով

- Իրականում, ինձ համար երբեք նշանակութիւն չի ունեցել, թէ ինչ ազգի ներկայացուցիչներ են մրցակիցներս: Բայց այսօր իմ ու Արսէնի յաղթանակը կրկնապատկւեց դրօշային այդ պատկերով, ուրախացրեց:

 

Ի՞նչ յոյզեր ունէիր այդ պահին, երբ յետեւում էիր դրօշների բարձրանալուն:

- Հպարտութիւն էի զգում: Միայն ուրախութեան զգացումներ էին պատւոյ հարթակին ու հիմա էլ, որ երկու հայով ադրբեջանցուն յաղթեցինք ու մեր հիմնը հնչեց: Յաղթանակիս համար շնորհակալ եմ անձնական մարզիչիս՝ Յարութիւն Եղոյեանին, հաւաքականի մարզչական կազմին ու բոլորին, ովքեր այսօր ուրախացան մեր յաղթանակով: Յատուկ ուզում եմ շեշտել, որ այս յաղթանակը մեր հերոսներինն է: Յաղթանակս նւիրում եմ բոլոր մեր եղբայրներին, որոնք իրենց կեանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրւայ մրցահարթակի պայքարն աւելի պարտաւորեցնող էր: Պէտք էր յաղթել, որ ապացուցւէր՝ մեր ազգն ուժեղ է:

 

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Սամուէլ Գասպարեանը 2015 թւականի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան ոսկէ մեդալակիր է: 2016 թւականին Թբիլիսիում անցկացւած աշխարհի երիտասարդական առաջնութիւնում գրաւել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդիւնքով: 2016 թւականին Իսրայէլում կայացած Եւրոպայի Մ-20 առաջնութեան բրոնզէ մեդալակիր է 346 կգ արդիւնքով: 2017 թւականին Եւրոպայի մեծահասակների առաջնութիւնում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդիւնքով:

2019 թւականին Բաթումիում տեղի ունեցած Եւրոպայի առաջնութիւնում Գասպարեանը երկրամարտի 377 կգ արդիւնքով նւաճեց արծաթէ մեդալ, իսկ աշխարհի առաջնութիւնում երկամարտի 390 կգ արդիւնքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնութեան հրում վարժութեան ընթացքում ստացած վնասւածքը Սամուէլ Գասպարեանին խանգարեց պայքար մղել չեմպիոնութեան համարՊոկում վարժութիւնում նա 10 կգ-ով գերազանցեց Եւրոպայի առաջնութիւնում գրանցած արդիւնքը եւ, բարձրացնելով 178 կգ, նւաճեց փոքր բրոնզէ մեդալ:

2019 թւականի Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնութիւնում Սամուէլ Գասպարեանը չեմպիոն հռչակւեց։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հաւաքեց 390 կգ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։