Հա

Մարզական

18/04/2021 - 08:30

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ն ու «Ֆուլադ»-ը յաղթեցին, իսկ «Թարքթոր»-ը ոչ-ոքի խաղաց

Ասիայի Չեմպիոնների լիգայում շարունակւում է 2021 թւականի մրցաշրջանի խմբային փուլը: Ապրիլի 17-ի մրցումային օրը յաջողակ էր իրանական թիմերի համար: «Փերսփոլիս»-ն ու «Ֆուլադ»-ը կարեւոր յաղթանակներ տարան, իսկ «Թրաքթոր»-ը երկրորդ ոչ-ոքին խաղաց:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում շարունակւում է 2021 թւականի մրցաշրջանի խմբային փուլը: Ապրիլի 17-ի մրցումային օրը յաջողակ էր իրանական թիմերի համար: «Փերսփոլիս»-ն ու «Ֆուլադ»-ը կարեւոր յաղթանակներ տարան, իսկ «Թրաքթոր»-ը երկրորդ ոչ-ոքին խաղաց:

Իրանական թիմերից առաջինը խաղադաշտ դուրս եկաւ E խմբում հանէս եկող «Փերսփոլիս»-ը: Իրանի գործող չեմպիոնի երկրորդ մրցակիցը կատարական «Ալ Ռայան»-ն էր: Հանդիպման հաշիւը բացեցին կատարական թիմի ֆուտբոլիստները: 19-դ րոպէին ստանդարդ դիրքի խաղարկումից յետոյ, Նաիֆը գլխի դիպուկ հարւածով գրաւեց «Փերսփոլիս»-ի դարպասը: Եւ, թէեւ առաջին խաղակէսի ընթացքում «Փերսփոլիս»-ն ունէր խաղային եւ տարածքային շօշափելի առաւելութիւն, այդուհանդերձ, հաշիւը մնաց անփոփոխ:

Երկրորդ խաղակէսի մեկնարկը հրաշալի ստացւեց իրանական ակումբի համար: 47-րդ րոպէին Մեհդի Թորաբիի անկիւնայինից կատարած ճշգրիտ փոխանցումը գլխի հարւածով եզրափակեց Քամալ Քամեաբինիան՝ հաշւում վերականգնելով հաւասրութիւնը: 2 րոպէ անց, 49-րդ րոպէին, Սիամաք Նեմաթթի գեղեցիկ փոխանցումից յետոյ, ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձաւ Շահրիար Մողանլուն:

«Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց իրենց խաղային եւ տարածքային ահռելի առաւելութիւնը մէկ անգամ եւս նիւթականի վերածել: 57-րդ րոպէին, Օմիդ Ալիշահի փոխանցումից յետոյ, Շահրիար Մողանլուն խփեց 3-րդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ: 3:1՝ եւ «Փերսփոլիս»-ը դարձաւ հրաշալի Comeback-ի հեղինակ:

Այս խմբի միւս խաղում հնդկական «Գոա»-ն ոչ-ոքի՝ 0:0 խաղաց ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ի հետ:

2-րդ տուրից յետոյ E խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 6 միաւորով վստահօրէն գլխաւորում է «Փերսփոլիս»-ը: «Գոա»-ն 2 միաւորով երկրորդն է, իսկ «Ալ Վահդա»-ն ու «Ալ Ռայան»-ը 1-ական միաւորով բաժանում են 3-րդ-4-րդ հորիզոնականները:

B խմբում «Թրաքթոր»-ի մրցակիցը ԱՄԷ-ի «Շարջա»-ն էր: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:

Այս խմբի միւս խաղում նոյնպէս գրանցւեց գոլազուրկ ոչ-ոքի: Մրցակիցները իրաքեան «Ալ Ղովա ալ Ջաւիա»-ն ու ուզբեկական «Պախտակոր»-ն էին:

B խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 4 միաւորով գլխաւորում է «Շարջա»-ն: «Պախտակոր»-ն ու «Թրաքթոր»-ը 2-ական միաւորով կիսում են 2-րդ-3-րդ հորիզոնականները, իսկ «Ալ Ղովա ալ Ջաւիա»-ն 1 միաւորով վերջինն է:

D խմբում «Ֆուլադ»-ը կարեոր յաղթանակ տարաւ յորդանանեան «Ալ Վեհդաթ»-ի դէմ պայքարում: Հանդիպման միակ գնդակը 44-րդ րոպէին խփեց Շիմբան, որն անվրէպ իրացրեց 11 մետրանոց հարւածը:

Այս խմբի միւս խաղում սաուդական «Ալ Նասր»-ը 3:1 հաշւով պարտութեան մատնեց կատարական «Ալ Սաադ»-ին:

D խմբում, 2 տուրից յետոյ, 1-ին-2-րդ հորիզոնականները վաստակած 4-ական միաւորով կիսում են «Ալ Նասր»-ն ու «Ֆուլադ»-ը: «Ալ Վեհդաթ»-ն ու «Ալ Սաադ»-ը 1-ական միաւորով կիսում են 3-րդ-4-րդ հորիզոնականները:

Իրանական թիմերից վերջինը խաղադաշտ դուրս կը գայ «Էսթեղլալ»-ը, որի մրցակիցն այսօր իրաքեան «Ալ Շորթա»-ն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։