Հա

Մարզական

19/04/2021 - 10:35

ՈՒԵՖԱ-ն, ԱՊԼ-ն, Լա Լիգան ու Ա Սերիան Սուպերլիգայի վերաբերեալ միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել

ՈՒԵՖԱ-ն, իր մի քանի անդամներ, ինչպէս նաեւ եւրոպական երեք թոփ-լիգաներ միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել՝ կապւած Սուպերլիգա ստեղծելու վերաբերեալ խօսակցութիւնների հետ։

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն, իր մի քանի անդամներ, ինչպէս նաեւ եւրոպական երեք թոփ-լիգաներ միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել՝ կապւած Սուպերլիգա ստեղծելու վերաբերեալ խօսակցութիւնների հետ։

«ՈՒԵՖԱ-ն, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA), ԱՊԼ-ն, Իսպանիայի Թագաւորությեան ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF), Լա Լիգան, ինչպէս նաեւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) ու Ա Սերիան իմացել են, որ անգլիական, իսպանական ու իտալական մի քանի ակումբ, գուցէ, պլանաւորում են յայտարարել փակ, այսպէս կոչւած, Սուպերլիգայի ստեղծման մասին։

Եթէ դա տեղի ունենայ, մենք ուզում ենք եւս մէկ անգամ յայտնել, որ վերը նշւած կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ ՖԻՖԱ-ն ու մեր բոլոր ասոցիացիաները միահամուռ ջանքեր կը գործադրեն կանգնեցնելու այդ ցինիկ նախագիծը, որը հիմնւած է մի քանի ակումբների անձնական հետաքրքրութիւնների վրայ այն ժամանակ, երբ հասարակութիւնը աւելի քան երբեւէ համերաշխութեան կարիք ունի։

Մենք ինչպէս դատական, այնպէս էլ մարզական մեզ թոյլատրելի բոլոր մակարդակներում կը դիտարկենք այն բոլոր միջոցները, որպէսզի Սուպերլիգայի ստեղծումը տեղի չունենայ։ Ֆուտբոլի հիմքում ազնիւ մրցակցութիւնն ու մարզական արժէքներն են, այլ կերպ լինել չի կարող։

Ինչպէս աւելի վաղ յայտարարել էին ՈՒԵՖԱ-ն ու 6 ֆեդերացիաները, այն ակումբներին, որոնք համաձայնել են մասնակցել Սուպերլիգային, կարգելւի մասնակցել ցանկացած այլ ազգային, եւրոպական կամ համաշխարհային մակարդակի մրցումների, իսկ նրանց խաղացողներին, գուցէ, արգելւի միջազգային մեծ մրցաշարերում ներկայացնել իրենց ազգային հաւաքականները։

Շնորհակալութիւն ենք յայտնում միւս երկրների, յատկապէս ֆրանսիական ու գերմանական ակումբներին, որոնք հրաժարւել են մասնակցել այդ նախագծին։ Ֆուտբոլի բոլոր սիրահարներին, երկրպագուներին ու քաղաքական գործիչներին կոչ ենք անում միանալ մեզ այս նախագծի դէմ պայքարում, եթէ այն թոյլատրւի։

Մի խումբ մարդկանց այս համառ անձնական շահը չափազանց երկար ձգւեց։ Ամէն ինչին պիտի սահման լինի»,- միասնական յայտարարութեան տեքստն է մէջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։