Հա

Մարզական

05/05/2021 - 11:25

«Աշխարհի այլ հաւաքականների նկատմամբ մենք ունենք առաւելութիւն՝ հայրենասիրութեան զգացումը». Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ պաշտօնական կայքին, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ պաշտօնական կայքին, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների:

 

- Պարոն Կապարոս, մարզչական հսկայական փորձ ունէք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիւ յաղթանակներ էք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան յաջող մեկնարկ Հայաստանի ազգային հաւաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում եւ 3 անընդմէջ յաղթանակ ընտրական փուլում:

- Առաջին բառերը, որ հասցէագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պէտք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ յաջողւեց: Հէնց դրա շնորհիւ շատ բաների հասանք։ Մենք չպէտք է մեր առջեւ երկարատժամկէտ հեռանկարներ եւ նպատակներ դնէինք, այլ անհրաժեշտ էր շարժւել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով իւրաքանչիւր յաջորդ խաղի վրայ։ Մեզ անհրաժեշտ էր նաեւ թիմային ուժեղ մենթալիտետ ձեւաւորել։ Այդ ընթացքում մենք պէտք է ճանաչէինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանօթանային մեր գաղափարներին։ Եւ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջեւում դեռ երկար ճանապարհ կայ։ Մենք պէտք է լինենք հաւաքական, սակայն հաւաքականի ներքոյ պէտք է ներկայանանք՝ որպէս իսկական թիմ։

 

- Այդուհանդերձ, յատկապէս ինչի՞ հաշւին յաջողւեց տանել 5 անընդմէջ յաղթանակ եւ չպարտւել 8 անընդմէջ խաղում:

- Շնորհիւ այս մենթալիտետի եւ ֆուտբոլիստների համապատասխան տրամադրւածութեան մեզ յաջողւում է իսկական ընտանիքի պէս լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հաւաքականների նկատմամբ մենք ունենք առաւելութիւն՝ հայրենասիրութեան զգացումը։ Բոլոր հաւաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պէտք է մեր առաւելութիւններից մէկը լինէր։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հաւատով էր լցնում կատարւելիք աշխատանքի նկատմամբ եւ նպաստում այդ հաւատի ու վստահութեան աստիճանական ուժեղացմանը։

 

- Ի՞նչ կասէք ՀՖՖ-ազգային հաւաքական համագործակցութեան մասին:

- Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի եւ աշխատակազմի միջեւ համագործակցութիւնը շատ թափանցիկ է, ճկուն եւ ֆունդամենտալ նշանակութիւն ունի։ Բոլորս միեւնոյն նպատակն ենք հետապնդում։ Արդիւնքները միշտ էլ կախւած են նախագահից եւ իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրութիւն կատարում, եւ այդ մարդիկ այնուհետեւ պէտք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի յարաբերութիւններ ունենք ղեկավարութեան հետ, միեւնոյն նպատակներն ենք հետապնդում եւ ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիւ մենք կարող ենք լաւատես լինել՝ կապւած հայկական ֆուտբոլի հետագայ զարգացման հետ։

 

- Ձեզ խանգարո՞ւմ է լեզւական խոչընդոտը՝ այն, որ Դուք չէք խօսում հայերէն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներէն, եւ մինչ օրս ի՞նչ հայկական բառեր էք հասցրել սովորել: 

- Հայերէն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լաւա», «արագ» եւ մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնւօրէն՝ ի սկզբանէ կարծում էի, որ կը լինեն դժւարութիւններ՝ կապւած լեզւական խոչընդոտի հետ, սակայն սխալւեցի: Այստեղ կայ ոչ վերբալ հաղորդակցութիւն, երբ մարդիկ պարզապէս նայում են միմեանց աչքերի մէջ եւ գրկախառնւում են։ Սա յաճախ շատ աւելի մեծ ուժ ունի, շատ աւելի ազնիւ ու անկեղծ է, քան խօսքերը, որոնք կարող ես հասցէագրել կոլեկտիւին։

 

- Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մէջ տեղաւորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մօտեցումը: Դուք նոյնպէս Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղաւորում էք այն սխեմայի մէջ, որը նախընտրում էք, թէ՞ հակառակը՝ ընտրում էք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողութիւններից:

- Այստեղ երկու տարբեր բան կայ։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հաւաքականը, եւ պէտք է ադապտացւես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակւած լինելով՝ հաւաքականի բազմաթիւ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալեանի, Լուսիանօ Մարտինի եւ Արա Արոյեանի հետ։ Ամէն օր գրեթէ 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապէս։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնայատկութիւնները եւ մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով եւ ֆուտբոլիստների վստահութեամբ աշխատանքի նկատմամբ մենք պէտք է ինտենսիւ խաղ ցուցադրող եւ ագրեսիւ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպէս նաեւ պէտք է գործենք բարձր արագութիւններով, օգտագործենք ազատ գօտիներն ու դաւանենք ուղղահայեաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հաւաքականում

 

- Այդ դէպքում՝ ինչո՞վ է պայմանաւորւած տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարեանի, Արշակ Կորեանի կամ այլ ընդգծւած 10 համարի բացակայութեա՞մբ, թէ՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրութեամբ սա, միեւնոյնն է, տակտիկական ամենայարմար դասաւորութիւնն է:

- Ազգային հաւաքականը չի կարող կախւածութեան մէջ լինել մէկ կամ երկու ֆուտբոլիստից եւ ադապտացւել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խօսել ենք թիմի հետ ի սկզբանէ՝ պէտք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք եւ քաղենք առաւելագոյնը իւրաքանչիւր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնութեանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայեաց ֆուտբոլ եւ պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանաւորւած լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի եւ վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպէ է տեւում, եւ դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարութիւնդ։ Ինքներս պէտք է լաւ իմանանք մեր ռազմավարութիւնն ու մօտեցումները, իսկ մարդիկ պէտք է ճանաչեն մեզ մեր ինքնութեան շնորհիւ։

 

- Առհասարակ, ինչպէ՞ս էք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայութեան հարցը Հիւսիսային Մակեդոնիայի դէմ խաղում:

- Մենք նոյնիսկ չպէտք է խօսենք այս իրավիճակի մասին։ Պէտք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրաւէրը եւ վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կը գան, 100% նւիրւածութեամբ կը խաղան։ Իսկ երբ վերջանայ այդ հանդիպումը, կը մտածենք միւսի մասին։ Այժմ իմաստ չունի խօսել այդ մասին։ Ինչպէս նշեցի, մեր թիմը չպէտք է կախւածութեան մէջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

 

- Այդ խաղում, հնարաւոր է, խաղադաշտ վերադառնայ Գէորգ Ղազարեանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացաւ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայութիւնը կարեւոր էր հոգեբանական առումով: Ինչպէ՞ս էք գնահատում նրա դերը թիմում:

- Դեռ կը տեսնենք՝ որքանով Գէորգը պատրաստ կը լինի։ Նա պէտք է խաղային պրակտիկա ունենայ իր թիմում եւ համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թէ ինչ նշանակութիւն ունի նրա ներկայութիւնը թիմում։ Գէորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրւած է թիմում։ Մենք շատ լաւ շփում ունենք միմեանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախւած կը լինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապէս, Գէորգը շատ կարեւոր դերակատարութիւն ունի թիմում։

 

- Յստակ երեւում են, թէ ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգեւորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրութիւն:

- Առաջատարութիւնը տարբեր ձեւերով է դրսեւորւում։ Ոմանք կարող են աւելի լռակեաց եւ ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողութիւնների եւ վարքագծի շներհիւ շահում են թիմակիցների եւ մարզչական շտաբի վստահութիւնը։ Եւ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ աւելի բաց են, աւելի էքստրաւերտ եւ կենսուրախ։ Բայց կոլեկտիւում պէտք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լաւ կոլեկտիւ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի եւ ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մէկ ընտանիքի պէս ենք, եւ դա մեծ ուրախութիւն է պարգեւում բոլորիս։ Այս ամէնը պէտք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացւի այս ամենին, չեն կարող հրաւիրել հաւաքական։ Այլապէս դա կը նշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետեւ իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։

 

- Ֆուտբոլիստները սովորաբար սնահաւատ են լինում, իսկ Դուք որեւէ ֆուտբոլային սնահաւատութիւն ունէ՞ք:

- Իհարկէ, ունեմ։ Դրանք նոյնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացայայտի, թէ որոնք են։ Քանի որ դրանք յաճախ կորցնում են ազդեցութիւնը բացայայտւելուց յետոյ (ծիծաղում է)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։