Հա

Մարզական

09/05/2021 - 08:30

Լեւոն Արոնեան. «Իմ հեռանալը կը սթափեցնի բոլոր պատասխանատուներին»

Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, իսկ վաղը փոխեմ: Իմ հեռանալը կը սթափեցնի բոլոր պատասխանատուներին, որպէսզի միւս շախմատիստների նկատմամբ լինի ճիշտ վերաբերմունք, մարզաձեւն ունենայ լուրջ պետական աջակցութիւն:

«alikonline.ir» - Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, իսկ վաղը փոխեմ: Իմ հեռանալը կը սթափեցնի բոլոր պատասխանատուներին, որպէսզի միւս շախմատիստների նկատմամբ լինի ճիշտ վերաբերմունք, մարզաձեւն ունենայ լուրջ պետական աջակցութիւն: Յետդարձի ճանապարհի մասին չեմ մտածում, բայց իմ կապը Հայաստանի եւ հայկական շախմատի հետ երբեք չի կտրւի: Ես կը լինեմ մաքսիմալ ակտիւ հայկական շախմատում:

Այս մասին Տիգրան Պետրոսեանի անւան շախմատի տանը տեղի ունեցած դասախօսութեան ընթացքում ասաց Հայաստանի հաւաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գաւաթակիր Լեւոն Արոնեանը՝ պատասխանելով Հայաստանից հեռանալու մասին հարցին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսեանի անվան շախմատի տանը Լեւոն Արոնեանի եւ նրա ընկերուհու՝ Անիտա Այւազեանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երկու յագեցած հանդիպում՝ երեխաների ու պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հետ: Երկու դէպքում էլ Երեւանի շախմատի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Լեւոն Արոնեանին լսելու, հարցեր ուղղելու, գրոսմայստերի հետ անձամբ շփւելու էին եկել շախմատի սիրահարներ, ապագայ եւ գործող շախմատիստներ: Երեխաների հետ հանդիպմանը Լեւոնը պատմեց իր շախմատիստի պատմութիւնը, խորհուրդներ տւեց՝ ինչպէս դառնալ լաւ շախմատիստ եւ հակիրճ դասախօսութիւն կարդաց սկսնակ խաղացողների համար:

Մեծահասակների հետ հանդիպումն աւելի մասնագիտական էր եւ խօսւեց պրոֆեսիոնալ շախմատի մասին: Արոնեանը նախ դասախօսութիւն կարդաց սկզբնախաղի կարեւորութեան, խաղային դիրքերի, Ֆիշերի շախմատի մասին: Առանձին դրւագներով կիսւեց իր փորձով, խօսեց հայկական շախմատի, Հայաստանի հաւաքականի անդամների եւ համաշխարհային շախմատիստների հետ իր պարտիաների ու աշխատանքի մասին:

«Հայաստանի հաւաքականի թիմային յաջողութիւնները մեր տարիներին կապւած էին նրա հետ, որ ես ու Գաբրիէլ Սարգսեանն աշխատում էինք իրար հետ, շատ մտքեր էին տալիս: Կային շախմատիստներ, որ հրաշալի խաղում էին, բայց աշխատող չէին: Օրինակ՝ Սերգէյ Մովսիսեանը, Վլադիմիր Յակոբեանը շատ տաղանդաւոր, պայքարող են, բայց գիտելիքները նրանց մօտ այդքան շատ չէր: Երբ ես ու Գաբրիէլը միացանք թիմին, զգացինք՝ սա այն պահն է, որ կարող ենք փորձել: Մեր հին թիմերը մտնում էին հնգեակ, եռեակ,  բայց յաղթանակի մասին երբեք չէին մտածում: Ես մտածում էի՝ կարող է այդպիսի մի բան լինի, որ մենք յաղթանակներ ունենանք: Այն ժամանակ պետութիւնը, ֆեդերացիան՝ Սերժ Ազատիչի գլխաւորութեամբ շատ ակտիւ էր: Մեզ խոստանում էին մեծ բաներ, եթէ առաջին տեղը գրաւէինք: Մարդը կարող է լինել հայրենասէր ու նւիրւած իր գործին, բայց երբ կողքից ասում են՝ եթէ դու ամէն ինչդ տաս ու հասնես յաջողութեան, ընտանիքիդ կարողանալու ես լաւ պահել, շատ կարեւոր է իմ կարծիքով:

Ես մեծացել եմ Գաբրիէլ Սարգսեանի հետ: Նրա մէջ շատ ուժեղ կամք կայ: Վստահ կարող եմ ասել, որ Գաբրիէլն է ինձ դարձրել ուժեղ շախմատիստ: Երբ գնում էինք մրցաշարի, ինձ համար այն շատ թէթեւ, զւարճալի մի բան էր: Ես վայելում էի այդ օրերը, տղաներին էի տեսնում, խաղում էինք, հաւես էր անցնում, բայց Գաբրիէլի համար, զգում էի, որն շատ ծանր է անցնում այդ մրցաշարը: Նա իր բնաւորութեամբ այդքան տակտիկ չէ, աւելի շատ ստատեգիական է խաղում, այդ պատճառով միշտ լարւում էր, որ ոչինչ բաց չթողնի: Իմ ոճն աւելի թեթեւ էր: Երեւի, դա խանգարեց Գաբրիէլին, այլապէս, իմ կարծիքով, իր շախմատային մտածողութեամբ ու տաղանդով Գաբրիէլը պէտք է աշխարհի 20-եակում լինէր»,- ասաց գրոսմայստերը:

Հարցին՝ կը վերադառնայ յետ, եթէ Հայաստանում շախմատի նկատմամբ վերաբերմունքը փոխւի, Լեւոն Արոնեանը կտրուկ պատասխանեց.

«Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, վաղը փոխեմ միտքս: Մի քիչ լուրջ եմ վերաբերւում իմ քայլերին: Մտադրութիւն ունեմ շատ ակտիւ լինել Հայաստանում շախմատի մէջ: Մինչեւ մի բանը չի կորում, չեն կարողանում դա գնահատել եւ վերանայել: Ուզում եմ, որ իմ գնալը լինի այն հիմքը, որ շախմատը զարգանայ Հայաստանում, մեր տաղանդաւոր երիասարդներին փորձեն հասցնել բարձրունքների: Մեծ յոյսեր ունեմ, որ իմ գնալը կը սթափեցնի, իսկ իմ մնալը հաստատ չէր սթափեցնի: Այդ պարագայում ես ինձ կը զգայի պնդաճակատ եւ ուրիշներն էլ այդպէս կը մտածէին իմ մասին:

Ես գնում եմ այլ երկիր, բայց չեմ կտրելու իմ կապը հայրենիքիս հետ: Ես որոշումը կայացրել եմ եւ այդքանից աւելի ոչինչ չունեմ ասելու: Չեմ ուզում ոչ ուրիշ երկիր գնալ, ոչ ուրիշ ազգի մէջ ապրել, ոչ ուրիշ լեզւով խօսել, հեչ չեմ ուզում, բայց ստիպւած եմ»,- ընդգծեց Լեւոն Արոնեանը:

Հայկական շախմատի առաջատարը նաեւ պատմեց համաշխարհային շախմատում իր մտերիմ ընկերների, մասնաւորապէս, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարով մասին:

«Կասպարովի հետ լաւ յարաբերութիւնների մէջ ենք, շատ ենք խաղացել, շփւել: Մի անգամ Կասպարովին մրցաշարի էի հրաւիրել Արցախ, բայց այդպէս էլ չստացւեց: Շատ կուզէի մի օր Արցախը նորից ազատենք եւ վերադառնանք այնտեղ»,- նշեց Լեւոն Արոնեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։