Print this page
25/05/2021 - 09:30

«Ներկայացւած պաշտօնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն». Մխիթարեանը` ազգային հաւաքական չհրաւիրւելու մասին

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ֆէյսբուքեան գրառմամբ նշել է, որ առաջիկայ միջազգային խաղերին Հայաստանի հաւաքական չհրաւիրւելու պատճառներն իր համար համոզիչ չեն:

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ֆէյսբուքեան գրառմամբ նշել է, որ առաջիկայ միջազգային խաղերին Հայաստանի հաւաքական չհրաւիրւելու պատճառներն իր համար համոզիչ չեն. տեղեկացնում է Tert.am-ը:

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հաւաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, որոշ պատճառներով, ինձ չեն հրաւիրել առաջիկայ միջազգային խաղերին: Ներկայացւած պաշտօնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիւ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ յաջողութիւն եմ մաղթում նրանց յետագայ խաղերում»,- գրել է Մխիթարեանը:

Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտօնական կայքի հետ զրոյցում Խոակին Կապառոսը խօսել է առաջիկայ հանդիպումների կարեւորութեան մասին եւ մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրութիւնը.

«Առաջիկայ երկու հանդիպումները շատ կարեւոր են: Մրցելու ենք թիմերի դէմ, որոնք պատրաստւում են Եւրոպայի առաջնութեանը՝ նախապատրաստւելով սեպտեմբերին կայանալիք պաշտօնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հաւաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարեւոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը եւ երկիրը:

Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լաւ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ յոյսեր ենք կապում նրանց հետ եւ շատ կարեւորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարաւորութիւն տալ նրանց եւ գործի մէջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից աւելի լաւ հնարաւորութիւն չի կարող լինել նրանց համար: Հրաւիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լաւ են դրսեւորել ներքին առաջնութիւնում եւ ցանկանում ենք ստուգել նրանց կարողութիւնները Խորւաթիայի եւ Շւեդիայի կարգի հզօր հաւաքականների դէմ խաղերում»:

 

Յարակից լուրեր