Հա

Մարզական

08/06/2021 - 08:10

Վստահ յաղթանակ՝ յաջորդ փուլ դուրս գալու հնարաւորութիւնը պահպանելու համար. Իրան-Բահրէյն՝ 3:0

Ասիայի գօտում, երէկ՝ յունիսի 7-ին տեղի ունեցան ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի գօտում, երէկ՝ յունիսի 7-ին տեղի ունեցան ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական տուրի հանդիպումները:

C խմբում Իրանը հիւրընկալել էր Բահրէյնին: Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի հետ պայմանաւորւած այս խմբի բոլոր հանդիպումներն անց են կացւում կենտրոնացւած ձեւաչափով՝ Բահրէյնում:

Հանդիպման առաջին խաղակէսն անցաւ հաւասար պայքարում: Երկու թիմերն էլ ունէին մրցակցի դարպասը գրաւելու հնարաւորութիւններ, որոնք, սակայն, չարդիւնաւորւեցին:

Երկրորդ խաղակէսում մեր ֆուտբոլիստներն ամբողջովին տիրեցին նախաձեռնութեանը՝ ստանալով խաղային եւ տարածքային ակնառու առաւելութիւն: Նրանց գրոհներն արդիւնաւորւեց 54-րդ րոպէին, երբ Մեհդի Թարեմիի գեղիցկ անցումից եւ փոխանցումից յետոյ, Սարդար Ազմունը բացեց հանդիպման հաշիւը:

7 րոպէ անց՝ 61-րդ րոպէին, կրկին գործողութեան կենտրոնում էր մեր հաւաքականի կրակագծի զոյգը: Թարեմիի խորքից կատարած փոխանցումից յետոյ, Ազմունը դարձաւ դուբլի հեղինակ՝ հանդիպման հաշիւը դարձնելով 2:0:

Երկրորդ գոլից յետոյ էլ մեր ընտրանին շարունակում էր տիրել նախաձեռնութեանը: Հանդիպման վերջնահաշիւը 79-րդ րոպէին ձեւակերպեց Մեհդի Թարեմին, որն Ահմադ Նուրօլլահիի փոխանցումից յետոյ խփեց երրորդ գնդակը:

Ի դէպ, սա պատմական յաղթանակ էր Իրանի հաւաքականի համար, որին մինչ այս հանդիպումը չէր յաջողւել յաղթանակ տանել Բահրէյնի դէմ խաղում՝ մրցակցի յարկի տակ:

Այս խմբի միւս խաղում Իրաքի ընտրանին 4:1 հաշւով պարտութեան մատնեց Կամբոջայի ընտրանուն:

C խմբի մրցաշարային աղիւսակի դասաւորութիւնն այսպիսին է. Իրաքի ընտրանին 6 խաղից յետոյ վաստակել է 14 միաւոր, եւ զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Իրանի հաւաքականն անց է կացրել նոյնքան հանդիպում եւ 12 միաւորով երկրորդն է: Բահրէյնի հաւաքականը նոյնպէս իր հաշւեկշռում ունի 12 միաւոր, սակայն մեր ընտրանու համեմատութեամբ մէկ խաղ աւելի է անց կացրել եւ հանգրւանել է երրորդ հորիզոնականում: Հոնկոնգը 5 միաւորով չորրորդն է, իսկ Կամբոջան 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։