Հա

Մարզական

13/06/2021 - 08:20

Եւրօ-2020. Էրիկսէնը՝ ուշադրութեան կենտրոնում

Եւրօ-2020-ի երկրորդ օրն ադրենալինի պակաս չզգացւեց: Սկիզբը դրւեց Դանիայի հաւաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի համար պատահած տհաճ միջադէպով, եւ աւարտւեց ֆինների մատուցած ֆուտբոլային փոքրիկ անկնկալով:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի երկրորդ օրն ադրենալինի պակաս չզգացւեց: Սկիզբը դրւեց Դանիայի հաւաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի համար պատահած տհաճ միջադէպով, եւ աւարտւեց ֆինների մատուցած ֆուտբոլային փոքրիկ անկնկալով:

Յունիսի 12-ին առաջինը խաղադաշտ դուրս եկան A խմբի միւս երկու թիմերը՝ Շւէյցարիան եւ Ուելսը: Առաջին խաղակէսում թիմերն աչքի չընկան արդիւնաւէտութեամբ: Երկրորդ խաղակէսի 4-րդ րոպէին Բրիլ Էմբոլոն առաջ մղեց շւէյցարացիներին: Ուելսի ֆուտբոլիստները Էմբոլոյի գոլին պատասխանեցին 74-րդ րոպէին: Գոլի հեղինակ դարձաւ Կայֆէր Մուրը: Հետագայում գոլեր չգրանցւեցին ու խաղն աւարտւեց 1-1 հաշւով:

B խմբի առաջին խաղում ուժերը չափեցին Դանիայի եւ Ֆինլանդիայի հաւաքականները: Հանդիպման կիզակէտն անշուշտ Դանիայի հաւաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի համար պատահած տհաճ միջադէպն էր:

Առաջին խաղակէսի 43-րդ րոպէին Էրիկսէնը կորցրեց գիտակցութիւնը եւ ընկաւ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ եւ սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:

Առաջին բուժօգնութիւն ստանալուց յետոյ նրան պատգարակով տեղափոխեցին հանդերձարան, այնուհետեւ շտապօգնութեան մեքենայով տեղափոխեցին հիւանդանոց: Հանդիպումը ժամանակաւորապէս դադարեցւեց, եւ վերսկսւեց աւելի ուշ՝ այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ Էրիկսէնի վիճակը կայուն է:

Երկրորդ խաղակէսին ֆին ֆուտբոլիստներին յաջողւեց յաջողութեան նժարը թեքել իրենց կողմը: 60-րդ րոպէին հանդիպման միակ գնդակը խփեց Եէլ Պոհեանպալոն: 1:0՝ եւ Ֆինլանդիայի ընտրանին դարձաւ Եւրօ-2020-ի առաջին անկնկալի հեղինակը:

Օրւայ վերջին խաղում խաղադաշտ դուրս եկան B խմբի միւս երկու թիմերը՝ Բելիգիան եւ Ռուսաստանը: Հանդիպումն անցաւ բելգիացիների խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Նրանք յաղթեցին 3:0 հաշւով, չեմպիոնութեան մրցապայքարի համար լուրջ յայտ ներկայացնելով:

Բելգիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն (10-րդ եւ 88-րդ րոպէներ) եւ Տոմա Մենիէն (34-րդ րոպէ):

Այսօր տեղի կունենայ եւս երեք հանդիպում: C խմբում կը հանդիպեն Աւստրիան եւ Հիւսիսային Մագեդոնիան, Հոլանդիան եւ Ուկրայինան, իսկ D խմբում՝ Անգլիան եւ Խորւատիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։