Հա

Մարզական

15/06/2021 - 08:30

Եւրօ-2020. Սլովակներն ու չեխերը յաղթեցին, իսպանացիներն արգելակեցին

Եւրօ-2020 խմբային փուլի առաջին տուրի 4-րդ խաղարկային օրւայ ամենայիշարժան պահը Չեխիայի հաւաքականի յարձակւող Պատրիկ Շիկի՝ հեղինակած սուպերգոլն էր:

«alikonline.ir» - Եւրօ-2020 խմբային փուլի առաջին տուրի 4-րդ խաղարկային օրւայ ամենայիշարժան պահը Չեխիայի հաւաքականի յարձակւող Պատրիկ Շիկի՝ հեղինակած սուպերգոլն էր:

Օրւայ խաղերի մեկնարկը տւեց D խմբի Շոտլանդիա-Չեխիա հանդիպումը:

Շոտլանդացիները, որոնք հանդէս էին գալիս սեփական յարկի ներքոյ՝ Գլազգոյում պարտութիւն կրեցին: Հանդիպման հերոսն անկասկած Չեխիայի հաւաքականի յարձակւող Պատրիկ Շիկն էր, որը նախ 42-րդ րոպէին բացեց հանդիպման հաշիւը, իսկ 52-րդ րոպէին դաշտի կենտրոնից կատարած հարւածով դարձաւ սուպերգոլի հեղինակ, իր թիմին պարգեւելով 2:0 հաշւով յաղթանակ:

E խմբի հանդիպումները բացեցին Լեհաստանն ու Սլովակիան: Հանդիպման հաշիւը 18-րդ րոպէին բացեց Սլովակիայի կիսապաշտպան Ռոբերտ Մակը, որը շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստի ու հիանալի հարւած կատարեց, որից յետոյ գնդակը դիպաւ լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնիին ու յայտնւեց սեփական դարպասում։

Երկրորդ խաղակէսի հէնց սկզբում, 46-րդ րոպէին լեհերի կիսապաշտպան Կարոլ Լինետիին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը, բայց 69-րդ րոպէին Մարեկ Համշիկի փոխանցումից յետոյ սլովակների պաշտպան Միլան Շկրինիարը խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 2:1:

Այս խմբի երկրորդ խաղում ուժերը չափեցին Իսպանիայի եւ Շւեդիայի հաւաքականները: Թէեւ հանդիպման ողջ ընթացքում իսպանացիներն ունէին խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, սակայն, նրանց այդպէս էլ չյաջողւեց գտնել դէպի շւեդների դարպասը տանող ճանապարհը: Գրանցւեց Եւրօ-2020-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին:

Այսօր կը կայանան Եւրօ-2020-ի խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները: F խմբում Պորտուգալիան կը մրցի Հունգարիայի հետ, իսկ Գերմանիան՝ Ֆրանսիայի:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։