Հա

Մարզական

23/06/2021 - 08:10

Եւրօ-2020. Անգլիան եւ Խորւաթիան եւս 1/8-րդում են

Եւրօ-2020-ի խմբային փուլը մօտենում է եզրագծին: D խմբում եւս պայքարն աւարտւեց, եւ Անգլիայի ու Խորւաթիայի հաւաքականները նւաճեցին 1/8-րդ եզարփակիչ փուլի ուղեգիր:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբային փուլը մօտենում է եզրագծին: D խմբում եւս պայքարն աւարտւեց, եւ Անգլիայի ու Խորւաթիայի հաւաքականները նւաճեցին 1/8-րդ եզարփակիչ փուլի ուղեգիր:

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում խաղադաշտ դուրս եկան Անգլիայի եւ Չեխիայի հաւաքականները: Անգլիան յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման միակ գնդակը 12-րդ րոպէին խփեց Ռահիմ Ստերլինգը:

Խմբի միւս հանդիպումը կայացաւ Գլազգոյում: Ուժերը չափեցին Շոտլանդիայի եւ Խորւաթիայի ընտրանիները: Խորւաթները 3:1 հաշւով առաւելութեան հասան մրցակցի նկատմամբ: Հանդիպման հաշիւը 17-րդ րոպէին բացեց Նիկոլա Վլաշիչը: 42-րդ րոպէին Քալում ՄքԳրեգորը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: Երկրորդ խաղակէսի 62-րդ րոպէին Լուկա Մոդիրչը խփեց խորւաթների երկրորդ գնդակը, իսկ 77-րդ րոպէին Իւան Պերիշիչը ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը:

Այսպիսով, Անգլիայի հաւաքականը վաստակելով 7 միաւոր գլխաւորեց  D խմբի մրցաշարային աղիւսակն ու առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ: Խորւաթիայի եւ Չեխիայի հաւաքականները 4-ական միաւորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Երկու թիմերի խփած եւ բաց թողած գնդակների հաշւեկշիռը նոյնն էր (Խորւաթիա՝ 4:3, +1-Չեխիա՝ 3:2, +1): Սակայն, շնորհիւ աւելի շատ խփած գնդակների, Խորւաթիայի հաւաքականը երկրորդ տեղով դուրս եկաւ 1/8-րդ եզրափակիչ: Չեխիան յաջորդ փուլ կարող է դուրս գալ երրորդ տեղով, իսկ Շոտլանդիան 1 միաւորով եզրափակեց մրցաշարային աղիւսակն ու հրաժեշտ տւեց առաջնութեանը:

Այսօր կը կայանան խմբային փուլի վերջին հանդիպումները: E խմբում կը մրցեն Սլովակիան ու Իսպանիան, Շւեդիան եւ Լեհաստանը: F խմբում ուժերը կը չափեն Գերմանիան եւ Հունգարիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։