Հա

Մարզական

12/07/2021 - 08:30

Եւրօ-2020. Իտալիան՝ չեմպիոն

Իտալիան նւաճեց Եւրօ-2020-ի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Իտալիան նւաճեց Եւրօ-2020-ի չեմպիոնի կոչումը:

Եւրօ-2020-ի եզրափակչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցաշարի յաղթողի տիտղոսը վիճարկեցին Իտալիայի եւ Անգլիայի հաւաքականները։

Հանդիպման մեկնարկը ֆանտաստիկ ստացւեց անգլիացիների համար: 2-րդ րոպէին Լիւկ Շոուն գրաւեց իտալացիների դարպասը՝ առաջ մղելով իր թիմին:

Գոլից յետոյ, նախաձեռնութիւնն աստիճանաբար անցաւ իտալացիների կողմը: Նրանք ցուցաբերում էին ակտիւ եւ գեղեցիկ ֆուտբոլ ու բառի բուն իմաստով շրջափակման էին ենթարկել Անգլիայի դարպասը: Իտալացիների բուռն գրոհները արդիւնաւորւեց 67-րդ րոպէին, երբ անկիւնայինի խաղարկումից յետոյ անգլիացիների դարպասը գրաւեց Լէոնարդօ Բոնուչին։

Հիմնական ժամանակի մնացած մասում գոլեր այլեւս չարձանագրւեցին ու խաղը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ եւս երկու թիմերը չկարողացան գտնել դէպի մրցակիցի դարպասը տանող ճանապարհն ու պատմութեան մէջ երկրորդ անգամ Եւրոպայի չեմպիոնը որոշւեց 11-մետրանոց հարւածաշարով։

Իտալացիների կազմում Բելոտիի հարւածը յետ մղեց Փիքֆորդը, իսկ Անգլիայի կազմում Ռեշֆորդի հարւածից յետոյ գնդակը դիպաւ դարպասաձողին ու յետ մղւեց, իսկ Ջանլուիջի Դոնարուման յետ մղեց Ջէյդոն Սանչոյի հարւածը: Յաջորդիւ գնդակին մօտեցած Ժորժինեոյի հարւածից յետոյ հիանալի գործեց Փիքֆորդն ու յետ մղեց գնդակը, բայց Սակայի հարւածից յետոյ Դոնարուման տիրեց գնդակին ու Իտալիան հռչակւեց Եւրոպայի չեմպիոն։

Սա իտալացիների երկրորդ չեմպիոնական կոչումն էր Եւրոպայի առաջնութեան պատմութեան ընթացքում: Իտալացիները չեմպիոնի կոչումն առաջին անգամ նւաճել էին հեռաւոր՝ 1968 թւականին: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։