Հա

Մարզական

25/07/2021 - 11:45

«Գիտեմ Մոուրինիոյի պահանջները, ես պատրաստ եմ այդ ամենին». Հենրիխ Մխիթարեան

Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատմել է, թէ ինչու է որոշել երկարաձգել իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագիրն ու անդրադարձել է թիմի նորանշանակ գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյին, որի հետ նախկինում աշխատել է անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատմել է, թէ ինչու է որոշել երկարաձգել իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագիրն ու անդրադարձել է թիմի նորանշանակ գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյին, որի հետ նախկինում աշխատել է անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում: Այդ մասին գրում է Sport.News.am-ը:

«Մնացի «Ռոմա»-ում» որովհետեւ հաւատում էի ակումբի ծրագրերին: Առաջին օրից ինձ դուր են եկել այս ակումբն ու քաղաքը: Երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ կարծում եմ, որ այս տարի մեզ մօտ ամէն բան կը ստացւի:

Ես լաւ գիտեմ Ժոզէ Մոուրինիոյին եւ այն, թէ ինչ է նա պահանջում խաղացողներից: Ես պատրաստ եմ այդ ամենին: Նա շատ ամբիցիոզ է եւ միշտ ձգտում է յաղթել: Նրան հետաքրքրում է ոչ թէ գեղեցիկ խաղը, այլ 3 միաւորը իւրաքանչիւր խաղում: Նա գրեթէ ամէն բան յաղթել է, եւ ես յոյս ունեմ, որ կը կարողանայ յաջողութեան հասնել նաեւ այստեղ: Մոուրինիոն մարզիչ է, որն առաւելութիւն է տալիս թիմին:

Չեմ ցանկանում խօսել այն մասին, թէ ինչ է եղել անցեալում: Մենք զրուցել ենք ու սկսել զրոյից»,- 32-ամեայ ֆուտբոլիստի խօսքը մէջբերում է Sky Sport Italia-ն:

Հենրիխ Մխիթարեանը նաեւ նշել է 3 ամենաուժեղ ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է նոյն թիմում:

«Առաջին տեղում Զլատան Իբրահիմովիչն է: Նրա կարգն ու ֆուտբոլային ինտելեկտն աներեւակայելի է: Երկրորդը Պոլ Պոգբան է: Նա ուժեղ խաղացող է, որին յաճախ թերագնահատում են: Երրորդը կը նշեմ Պիէր-Էմերիկ Օբամէյանգին: Մենք միասին խաղացել ենք «Բորուսիա»-ում»ու «Արսենալ»-ում եւ հիանալի ենք հասկանում իրար»,- ասել է Մխիթարեանը:

Յիշեցնենք, որ վերջերս Մխիթարեանը մէկ տարով երկարաձգել էր «Ռոմա»-ի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսւած էր մինչեւ այս տարւայ յունիսի 30-ը:

Հայ կիսապաշտպանը Ժոզէ Մոուրինիոյի գլխաւորութեամբ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) եւ նւաճել 3 տիտղոս, այդ թւում՝ 2017-ին դառնալով Եւրոպայի լիգայի յաղթող:

Մխիթարեանը 2020 թւականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալ»-ից է տեղափոխւել «Ռոմա», որի կազմում Իտալիայի աւարտւած առաջնութիւնում մասնակցել է 34 խաղի եւ դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմա»-ի լաւագոյն ռմբարկուն էր նախորդ մրցաշրջանում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։