Պարաօլիմպիական խաղերում, բասկետբոլի մրցավարական կազմում, առաջին անգամ Իրանը կը ներկայացնի իրանահայ Գեղարդ Թահմասեանը:
«alikonline.ir» - Պարաօլիմպիական խաղերում, բասկետբոլի մրցավարական կազմում, առաջին անգամ Իրանը կը ներկայացնի իրանահայ Գեղարդ Թահմասեանը:
Գեղարդ Թահմասեանը ծնւել է Նոր Ջուղայում: Աւարտել է «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա բասկետբոլի միջազգային կարգի մրցավար է: Պարաօլիմպիական խաղերին հրաւիրւել է 2 տարի առաջ, անւասայլակով բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի յատուկ հրաւէրով՝ որպէս միջազգային կարգի մրցավար:
Նա մեզ հետ կարճ զրոյցի ընթացքում պատմեց, իր ոգեւորութիւնից՝ միջազգային մրցավարական կազմում ընդգրկւելու եւ մրցավար լինելու բարձր պատասխանատւութեան զգացման մասին: Ինչ վերաբերում է խաղերին, ապա, Գեղարդը նշեց, որ 16 օր է անցկացնելու Ճապոնիայում, որից 12 օրը լինելու է մրցումներում:
Հարցմանը, թէ պա՞րզ է արդեօք, որ ինչ խաղեր է սպասարկելու, Գեղարդը նշեց, որ այն դեռեւս պարզ չէ, քանի որ դա որոշւում է, միայն մրցոյթի նախօրէին:
Նշենք, որ Պարաօլիմպիական խաղերը մեկնարկել են երէկ՝ օգոստոսի 24-ին: Մրցումներին մասնակցում են 162 հաւաքականների 4 հազար 400 մարզիկներ՝ վերստին ապացուցելով, որ հաշմանդամութիւնը խոչընդոտ չէ սպորտում յաջողութիւնների հասնելու համար։
Խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնն անց է կացւել առանց հանդիսատեսների ներկայութեան՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այս տարի Պարաօլիմպիական խաղերի մասնակիցները կը մրցեն 22 մարզաձեւերում: