Հա

Մարզական

05/09/2021 - 08:10

«Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ». Լեւոն Արոնեան

Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ, բայց, ցաւօք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրոյցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գաւաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, որը սեպտեմբերի 6-ին կը մեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխւում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։ 

«alikonline.ir» - Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ, բայց, ցաւօք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրոյցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գաւաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, որը սեպտեմբերի 6-ին կը մեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխւում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։ Գրում է Sport.News.am-ը:

Մեկնումից առաջ գրոսմայստերը հանդիպեց իր եւ Գաբրիէլ Սարգսեանի անւան շախմատի դպրոցի սաներին։ Հանդիպման ընթացքում դպրոցի սաներից մէկը հարց ուղղեց Արոնեանին, թէ ցանկացե՞լ է երբեւէ հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ։

«Երբեք չեմ ցանկացել այլ դրօշի ներքոյ հանդէս գալ։ Մեր դրօշից աւելի քաղցր դրօշ ինձ համար գոյութիւն չունի։ Ցաւօք, դա լինելու է, բայց չեմ կարող ասել, որ դա լինում է իմ ցանկութեամբ»,- պատասխանեց Լեւոն Արոնեանը։

Լրագրողների հետ ճեպազրոյցում գրոսմայստերը մանրամասնեց, որ մեկնում է, բայց որեւէ մէկին հրաժեշտ չի տալիս։

«Երեխաների հետ հանդիպումը հրաժեշտի չէր։ Այնպէս չէ, որ մեկնում եմ ԱՄՆ եւ այլեւս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թւականին բաւականին ուժեղ դպրոցը փակւեց։ Մինչեւ այդ պետական ֆինանսաւորմամբ էր գործում դպրոցը։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լաւ մարզիչ մահացաւ։ Տեւական դադարից յետոյ դպրոցը վերաբացւեց, ինչի առթիւ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսւեց «Վերածնւող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թւում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ։ Սա լաւագոյն հնարաւորութիւնն է երեխաների համար աշխատել աշխարհի ուժեղագոյն մարզիչների հետ անվճար, որովհետեւ նման նախադէպեր շատ քիչ կան։ Դպրոցն ունի 25 աշակերտ։ Ընտրւել են այնպիսի երեխաներ, որոնք ունեն ցանկութիւն, եւ ես համոզւած եմ, որ նրանք կը դառնան շատ մեծ շախմատիստներ։

Շատ եմ ուզում, որ աղջիկները շախմատ խաղան, յաջողութիւնների հասնեն։ Մեզ մօտ ծնողներն ասում են՝ դէ աղջիկ է, այդքան էլ կարեւոր չէ, որ յաջողութեան հասնի։ Մտավախութիւններ միշտ էլ ունենք, որ գուցէ ստեղծւեն այնպիսի պայմաններ, որ այս դպրոցն էլ կանգնի փակւելու եզրին։ Մենք, հասկանալով շախմատի կարեւորութիւնը հայ ազգի մտքի զարգացման համար, պէտք է օգտագոդծենք իւրաքանչիւր շանս։ Այս պահին մեզ տրւած է հնարաւորութիւնը եւ գործում է մեր դպրոցը։

Մեզ բոլորիս պէտք է մարդկային վերաբերմունք, ուրիշ ոչինչ պէտք չէ շախմատիստներիս։ Մշտապէս կապի մէջ եմ երիտասարդների հետ, փորձում եմ հետեւել նրանց առաջընթացին։ Այդպէս կը լինի նաեւ ԱՄՆ մեկնելուց յետոյ։ Ես ամէն ինչ կանեմ, որ իմ ունեցած գիտելիքները փոխանցւի մեր երեխաներին։ ԱՄՆ մեկնում եմ սեպտեմբերի 6-ին։ Դեռ չգիտեմ՝ աշխարհի գաւաթի խաղարկութիւնում Հայաստանը կներկայացնեմ, թէ՝ ոչ: Երեւի թէ՝ ոչ։ Տխուր եմ այդ փաստոով»,- ասաց Լեւոն Արոնեանը։

 

Լուսինէ Շահբազեան

Ֆոտօ՝ Էմմա Ասատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։