2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Ասիական գօտում երէկ՝ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները:
«alikonline.ir» - 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Ասիական գօտում երէկ՝ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները:
Իրանի հաւաքականը Թեհրանի «Ազադի» մարզադաշտում հիւրընկալել էր Հարաւային Կորէայի ընտրանուն:
A խմբի հիմնական ֆաւորիտների դիմակայութեան առաջին խաղակէսն հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Ինտրիգային պահը, թերեւս 37-րդ րոպէի դրւագն էր, երբ սեփական տուգանային հրապարակում կորէացիների պաշտպանը Մեհդի Թարեմի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները, որին, սակայն, չարձագանգեց մրցավարը՝ թոյլ տալով կոպիտ սխալ:
Երկրորդ խաղակէսի հէնց սկզբնամասում հիւրերին յաջողւեց հաշւում առաջ անցնել: 48-րդ րոպէին Լի Ջայէ Սունգի հիանալի փոխանցումից յետոյ, կորէացիների աւագ Սոն Հընգ Մինը մենակ դուրս եկաւ Ալիռեզա Բէյրանւանդի դէմ եւ գեղեցիկ հարւածով գրաւեց Իրանի դարպասը:
Հիւրերի գոլից յետոյ Իրանի հաւաքականը տիրեց նախաձեռնութեանը: Մեր ֆուտբոլիստները մրցակցի դարպասի վրայ կազմակերպեցին բուռն գրոհներ: Մեր ընտրանու գրոհներն արդիւնաւորւեցին 77-րդ րոպէին, երբ Սարդար Ազմունի փոխանցումից յետոյ, թիմի աւագ Ալիռեզա Ջահանբախշը գլխի դիպուկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:
Հանդիպման արդիւնքն իհարկէ կարող էր այլ լինէր, եթէ բախտը չժպտար կորէացիներին: 67-րդ եւ 78-րդ րոպէներին Սայիդ Էզաթօլլահիի եւ Մեհդի Թարեմիի հարւածներից յետոյ, միայն դարպասաձողը փրկեց կորէացիներին վերահաս գոլից:
1:1՝ եւ Իրանը կորցրեց առաջին երկու միաւորը:
Այս խմբի միւս խաղերում Լիբանանը հիւրընկալւելիս 3:2 հաշւով պարտութեան մատնեց Սիրիային, իսկ ԱՄԷ-Իրաք հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:
4-րդ տուրից յետոյ Իրանի հաւաքականը 10 միաւորով գլխաւորում է աղիւսակը: Հարաւային Կորէան 8 միաւորով երկրորդն է, Լիբանանը 5 միաւորով՝ երրորդը: ԱՄԷ-ն եւ Իրաքը 3-ական միաւորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Սիրան էլ 1 միաւորով եզրափակում է աղիւսակը: