Հա

Մարզական

17/11/2021 - 07:50

ԱԱ-2022. Ընդամէնը մէկ քայլ է անհրաժեշտ. Սիրիա-Իրան՝ 0:3

Ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Ասիական գօտում, երէկ՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Ասիական գօտում, երէկ՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Սիրիայի հաւաքականը Յորդանանի մայրաքաղաք Ամմանում հիւրընկալել էր Իրանի հաւաքականին: Հանդիպման հէնց սկզբից մեր ընտրանին տիրեց նախաձեռնութեանը եւ ողջ խաղի ընթացքում մրցակցի նկատմամբ ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, որը նիւթականի վերածեց 3 անգամ:

Հանդիպման հաշիւը 33-րդ րոպէին բացեց Սարդար Ազմունը, որը Վահիդ Ամիրիի փոխանցումից յետոյ մեն-մենակ դուրս եկաւ մրցակցի դարպասապահի դէմ եւ սառնասրտօրէն գրաւեց դարպասը: 9 րոպէ անց, 42-րդ րոպէին, կրկին իրադարձութիւնների կենտրոնում Իրանի հաւաքականի այս օրերի առաջատար Վահիդ Ամիրին էր: Նրա փոխանցումից յետոյ, Սիրիայի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, որն էլ պատժւեց 11 մետրանոց հարւածով: 11 մետրանոցն անվրէպ իրացրեց թիմի աւագ Էհսան Հաջ Սաֆին: Հանդիպման վերջակէտը 89-րդ րոպէին դրեց Ալի Ղոլի Զադէն, որը դարձաւ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ ցուցադրելով անհատական վարպետութեան մաստեր կլաս:

Այս խմբի միւս խաղերում Հարաւային Կորէան հիւրընկալւելիս 3:0 հաշւով պարտութեան մատնեց Իրաքին, իսկ Լիբանանը տանը 0:1 հաշւով զիջեց ԱՄԷ-ին:

6 տուրից յետոյ, A խմբի մրցաշարային աղիւսակը 16 միաւորով գլխաւորում է Իրանի հաւաքականը: Հարաւային Կորէան 13 միաւորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ ԱՄԷ-ն 6 միաւորով 3-րդն է: Լիբանանն ունի 5 միաւոր, Իրաքը՝ 4, իսկ Սիրիան՝ 1:

Այսպիսով, ԱԱ-2022-ի ուղեգիր նւաճելու համար, մնացած 4 հանդիպումներում Իրանի հաւաքականին անհրաժեշտ է ընդամէնը մէկ յաղթանակ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։