Հա

Մարզական

01/12/2021 - 11:25

Բաքուն զբաղեցրեց Երեւանի՞ տեղը

Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանն Աշխաբադում կնքել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Ժամանակին Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազի հարցով բանակցութիւններ վարում էր Հայաստանը։ Այդ բանակցութիւնները, սակայն, յաջողութիւն չունեցան, եւ հիմա Ադրբեջանը հասաւ իր նպատակին։ 

«alikonline.ir» - Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանն Աշխաբադում կնքել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Ժամանակին Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազի հարցով բանակցութիւններ վարում էր Հայաստանը։ Այդ բանակցութիւնները, սակայն, յաջողութիւն չունեցան, եւ հիմա Ադրբեջանը հասաւ իր նպատակին։ Գրում է Factor.am-ը:

«Համաձայնագրի հիման վրայ՝ Իրանի տարածքով սւոպային եղանակով գազի տարանցում կիրականացւի դէպի Ադրբեջան տարբեր երկրներից, այդ թւում՝ Թուրքմենստանից։ Բանակցութիւններ են ընթանում նաեւ Կասպից ծովում նաւթի հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։ Յուսանք՝ առաջիկայ շաբաթներում սրա շուրջ նոյնպէս կը լինի համաձայնութեան ստորագրում»,- համաձայնագրի մասին ասել է Իրանի նաւթի նախարար Ջաւադ Օջին։

Ադրբեջանագէտ Տարօն Յովհաննիսեանը բացատրում է, որ հէնց Ադրբեջանին այդ գազը պէտք չէ, քանի որ գազ արտահանող երկիր է, ունի սեփական պաշարները։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տարանցման հնարաւորութիւններն այնքան մեծ են, որ եղած գազն արտահանման համար չի բաւականացնում։ Խօսքը TAP-TANAP գազատարների մասին է, որոնք գնում են դէպի Եւրոպա։ Ըստ մասնագէտի՝ Ադրբեջանը թուրքմենական գազը տարանցելու է հէնց այդ գազատարներով։

Յովհաննիսեանը բացատրում է, որ Թուրքմենստանից Ադրբեջան գազ հասցնելու համար Կասպից ծովի հատակով նոր խողովակաշար անցկացնելը շատ թանկ կնստեր։ Այդ է պատճառը, որ որոշւել է կիրառել սւոպային եղանակը։

Դա նշանակում է, որ Թուրքմենստանը գազ կը մատակարարի Իրանի արեւելեան շրջաններին, փոխարէնը Իրանը իր արեւմտեան շրջաններից գազ կը փոխանցի Ադրբեջանին։ Կիրականացւի փոխանակում, որն ընդունւած տարբերակ է գազի տարանցման հարցերում։

Իրանագէտ Գարիկ Միսակեանը հաստատում է, որ իրանական կողմն այս գործարքն արդարացնում է հէնց իր արեւելեան շրջանները գազով ապահովելու համար։ Սակայն, ըստ Միսակեանի, այս գործարքի արդիւնքում գազը Եւրոպա չի հասնի։

«Այն, ամենայն հաւանականութեամբ, տեղափոխւելու է դէպի Նախիջեւան, այլ ոչ թէ Ադրբեջանական Հանրապետութեան հիմնական տարածք։ Այսինքն, սա նաեւ աշխարհաքաղաքական առումով այնքան էլ մեծ կարեւորութիւն չունի»,- նշում է Միսակեանը։

Հայաստանը 2017 թւականին բանակցում էր եռակողմ նոյնպիսի ձեւաչափով Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան գազի մատակարարումների վերաբերեալ։

«Մենք շահագրգռւած ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցութիւնը: Հնարաւորութիւն ունենք աւելացնելու մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալի աճը, եւ 2017 թւականի աշխատանքային առաջին օրւայ այս հանդիպումը վկայում է մեր համագործակցութեանը տրւող կարեւորութեան մասին»,- Հայաստանում Իրանի դեսպանին ընդունելիս ասել էր Հայաստանի այն ժամանակւայ վարչապետ Կարէն Կարապետեանը։

Հայաստանի ԱԳՆ-ի կայքում մինչ օրս նշւած է, որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի սւոպային փոխանակման ծրագիրը դեռ քննարկումների փուլում է։ Նոյնպիսի քննարկումներ, ի դէպ, եղել են  նաեւ նախկինում, սակայն բեկում չի եղել։

Իրանագէտ Գարիկ Միսակեանը բացատրում է, որ թէեւ նոյնիսկ այս հարցում հայկական կողմի ջանքերը բաւարար չեն, իրանական կողմից կայ նպատակադրում՝ աւելի լայն օրակարգ ունենալ Հայաստանի հետ։ Նոյնը չի կարելի ասել Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների մասին։ Իրանագէտի խօսքով՝ չնայած թւացեալ ջերմացմանը, Իրանը դեռ հետ չի քաշել իր զօրքերը Ադրբեջանի սահմանից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։